xxxxԲագրատյան. Կառավարության միակ հույսը Թեղուտն ու Քաջարանն են
Տնտեսություն
16:39 21/02/2012

xxxxԲագրատյան. Կառավարության միակ հույսը Թեղուտն ու Քաջարանն են

Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Ըստ այդմ, այս տարվա հունվարին դեկտեմբերի համեմատ  բոլոր ոլորտներում անկում է գրանցվել, օրինակ, տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 53.7 տոկոսով, աճ կա միայն սպառողական գների ինդեքսում` 3.6 տոկոս:

Panorama.am-ը այս ցուցանիշների վերաբերյալ զրուցեց ՀԱԿ կազմում ընդգրկված «Ազատություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանի հետ:

-Պարոն Բագրատյան, սպասելի՞ էին նման ցուցանիշները:

-Ամսեկան անկումը իհարկե զգալի է: Մենք տեսնում ենք, որ տնտեսությունը անկման մեջ է: Սովորաբար, հունվարին դեկտեմբերի նկատմամաբ անկում գրանցվում է, սակայն սա չափից դուրս է:

-Ինչքա՞ն անկում էիք կանխատեսում:

-30-35 տոկոս, որովհետև դեկտեմբերը տարվա վերջին ամիսն է: Ես վաղուց առաջարկել եմ փոխել ֆինանսական տարին, և ճիշտ կլինի ֆինանսական տարին սկսել անշուշտ հոկտեմբերի 1-ից, որպեսզի այսպիսի սեզոնային բաներ չլինեն: Դա զգալիորեն կօգնի հանրապետությանը, դժբախտաբար 15 տարի է, այդ մասին ասում ենք, բայց արդյունք չկա:

-Բոլոր ոլորտներում անկում կա, բայց սպառողական գներն աճել են:

-Արդյունաբերության ոլորտում տարեկան կտրվածքով աճ կա, դա էլ հիմնականում հանքարդյունաբերության արտադրանքի գների բարձրացման հաշվին է: Այդ է պատճառը, որ Թեղուտը և Քաջարանը կառավարության միակ հույսն են, և այդ է պատճառը, որ սրվել են հարաբերությունները էկոլոգների և կառավարության միջև: Կառավարությունը այլ տեղեր աճ չունի: Նրանց աճը միայն ԱՊՊԱ-ն է և դրան էլ գումարած հիմա աշխատավարձի տեղը տվել են սոցիալական փաթեթ`  բժշկության, որը բերելու է ծառայությունների ոլորտում աճին: Մնացած ոլորտներում անկում կա: Ես ի նկատի ունեմ 2012-ի հունվարը 2011-ի հունվարի համեմատ, իսկ դեկտեմբերի համեմատ, ամենուրեք անկում է, բացի գներից:

-Ինչո՞ւ ակնկալվող 35 տոկոս անկման փոխարեն գրանցվեց 54 տոկոս:

-Ոչինչ չի աշխատում: Պետությունը չկա, կենտրոնացումը շարունակվում է, գնալով քիչ մարդ է զբաղվում բիզնեսով, բիզնեսի ու ձեռնարկատիրական ջիղ ունեցող շատ մարդիկ շարունակում են լքել պետությունը: Դա բավարարում է կամ ձեռք է տալիս կառավարությանը, որովհետև կառավարությունը էլ չի կարող տեսնել հարուստ մարդկանց: Բացի իրենց կառավարությունը ձեռնարկատեր ոչ ոքի չի ուզում տեսնել: Ձեռնարկատիրությամբ զբաղվում է միմիայն կառավարությունը, չնայած հակառակը պետք է լինի, հենց նա չպետք է զբաղվի:

 

 

Placeholder
xxxxԲագրատյան. Կառավարության միակ հույսը Թեղուտն ու Քաջարանն են