Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թաթուլ Մանասերյան. Մի շարք ոլորտներում երկնիշ աճ ունենալու կարողություններ կան
«Ձմռան ամիսները չեն կարող լինել ակտիվ գործարարության առումով, մեծ աշխուժություն չի կարող գրանցվել, լեռնաարդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտներում աշխատանքները սեզոնային են»,- այս մասին Panorama.am-ի հետ զրույցում, խոսելով այս տարվա հունվար ամսվա համար Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների մասին, կարծիք հայտնեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի դեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյանը:
Նրա խոսքով, հունվարին դեկտեմբերի համեմատ անկումը օրինաչափ է: «Բարեբախտաբար, 2011թ. Հայաստանում պսակվեց բավականին լուրջ հաջողություններով, բացառությամբ շինարարության ոլորտի, որտեղ մենք կանախտեսում էինք, որ անկումը շարունակվելու է»,-ասաց Մանասերյանը, հիշեցնելով, որ 2011-ին ՀՆԱ-ի աճը գերազանցեց նախատեսվող ցուցանիշը` 4.6 տոկոսի փոխարեն կազմելով 5.9 տոկոս:
Նա անդրադարձավ նաև նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանի արած հայտարարությանն ու նշեց. «Չի կարելի ասել, որ անցել ենք կայուն զարգացման փուլ, ոչ էլ կարելի է ասել, որ Հայաստանի տնտեսությունը անկման միտում ունի»:
Նշեց նաև, որ նման հայտարարությունները չարախնդալու միտում ունեն, իսկ Հայաստանի տնտեսությունն ունի բավարար կարողություն` այս տարի երկնիշ տնտեսական աճ ունենալու գյուղատնտեսության, ՏՏ, ծառայությունների ոլորտներում:
Նրա խոսքով, Բագրատյանի վարչապետության օրոք արված գործողություններին, երբ Հայաստանի տնտեսությանը հասցվեց մեծագույն վնաս, պետք է նրան հաջորդող վարչապետները տնտեսական, իսկ նախագահները քաղաքական գնահատականներ տային:
«Երբ փորձում է քննադատել վիճակագիրներին, կարծում եմ, դրա բարոյական իրավունքը պետք է ձեռք բերել, քանի որ նրա վարչապետության օրոք ամենախոր անկումը ապրեց Հայաստանի տնտեսությունը: Չեմ ուզում կոպիտ հնչի, բայց դրանց հաջորդած իշխանությունները ուղղակի պարտավոր էին գնահատականներ տալ, վարչապետները` մասնագիտական տնտեսական գնահատականներ, իսկ հաջորդ նախագահնները` քաղաքական: Ես հակված չեմ կարծելու, որ սա անաչառ գնահատական է, սա չարախնդալու նույն գործընթացի շարունակությունն է, ինչ մենք տեսել ենք վերջին տարիներին»,- ասաց տնտեսագետը, խորհուրդ տալով մտածել սեփական «վտանգների» մասին:
Թաթուլ Մանասերյանը հիշեցրեց, որ ՀՀ ազգային վիճակագրության ծառայության մեթոդաբանությունն այնպիսին է, որ, օրինակ, հունվար ամսվա ցուցանիշները համեմատում են թե նախորդող ամսվա` դեկտեմբերի, և թե նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի` հունվարի հետ: «Նրանց, ում ձեռնտու է ներկայացնել ավելի վատ վիճակ, օգտվում են առաջին ցուցանիշից»,- նկատեց Թաթուլ Մանասերյանը` ևս մեկ անգամ նշելով, որ գիտական տեսանկյունից դա տեղին չէ, քանի որ գործ ունենք սեզոնային ակտիվության գործոնի հետ:
Կապված այն կարծիքների հետ, թե Հայաստանում անհրաժեշտ է ֆինանսական տարին սկսել հոկտեմբերի 1-ից, Թաթուլ Մանասերյանն արձագանքեց. «Կան մարդիկ, որոնք ինչպես նախկինում, այնպես էլ այսօր փորձում են այստեղից կամ այնտեղից կարդացած, լսածները տեղայնացնել Հայաստանի օրինակով»: Նրա խոսքով, իսկապես կան երկրներ, որտեղ ֆինանսական տարին մեկնարկում է հոկտեմբերի 1-ին, սակայն դրա ազդեցությունը որևէ էական նշանակություն չունի. «Դրանից ոչ տնտեսության, ոչ էլ ՀՆԱ-ի կառուցվածքը չի փոխվելու»:
«Պետք է իրատես լինել, տեսնել, թե Հայաստանը ինչ ներուժ ունի, և իմանալ ինչ ակնկալիքներ մենք պետք է ունենանք: Այս պարագայում, իհարկե, չի կարող գոհացնող լինել ՀՆԱ-ի եղած կառուցվածքը, բայց նաև սուր գնահատականները, կարծում եմ, տեղին չեն»,-ասաց տնտեսագետը:
Նշենք, որ ՀՀ ԱՎԾ օրերս հրապարակված հաղորդագրության համաձայն` 2012-ի հունվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4.4 տոկոսով: Տվյալների համաձայն` մակրոտնտեսական բոլոր ցուցանիշները երկրում դրական միտում են ունեցել. արդյունաբերության ծավալները նախորդ տարվա հունվարի համեմատ աճել են 21.0, գյուղատնտեսությունը` 0.1, շինարարությունը` 0.5, առևտուրը` 0.1, ծառայությունները` 6.7 տոկոսով: Նույն ժամանակահատվածի հետ համեմատած 4.8 տոկոսով աճել են նաև սպառողական գները: