«Շփման գծում արձանագրվող բոլոր կորուստների մեղավորն անձամբ  Իլհամ Ալիևն է»
Քաղաքական
17:28 24/02/2012

«Շփման գծում արձանագրվող բոլոր կորուստների մեղավորն անձամբ Իլհամ Ալիևն է»

«Հայ զինծառայողի մահվան պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է  Ադրբեջանի Զինված ուժերի հրամանատարական կազմը»,- Panorama.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը` անդրադառնալով երեկ ադրբեջանցի դիպուկահարի գնդակից զոհված հայ զինվորի մահվան փաստին: 

Հիշեցնենք, եր Փետրվարի 23-ին` ժամը 13:50-ի սահմաններում ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում ծառայողական պարտականությունները կատարելիս Ադրբեջանի Զինված ուժերի դիպուկահարի արձակած գնդակից գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել և զոհվել ՀՀ Զինված ուժերի ժամկետային զինծառայող:

 ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Վազգեն Կարախանյանը հիշեցրեց, որ հայկական կողմը, զոհերից զերծ մնալու համար է անընդհատ բարձրացնում դիպուկահարներին առաջին գծից դուրս բերելու նախաձեռնությունը, ինչը մշտապես ողջունվել է միջնորդ երկրների և միջազգային կառույցների կողմից:

«Դիպուկահարներին առաջնային գծից դուրս բերելու վերաբերյալ Հայաստանի և միջնորդ երկրների մոտեցումները համահունչ է. հստակ է, որ դիպուկահարների դուրս բերումը էապես կնվազեցնի շփման գծում առկա լարվածությունը, ինչին ակնհայտորեն դեմ է Ադրբեջանը: Ադրբեջանը տարածաշրջանում անկայունության երաշխավորն է»,- հավելեց պատգամավորը:

Փաստի առնչությամբ ռազմական փորձագետ Գագիկ Կարապետյանը նշեց.

«Շփման գծում արձանագրվող բոլոր կորուստների մեղավորն անձամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է: Պարզորոշ երևում է, որ այդ մարդը ընդունակ չէ կոնֆլիկտները քաղաքակիրթ ձևով լուծելուն: Նման սադրանքներով նա փորձում է հեղինակություն բերել իր բանակին, ապացուցել, թե իբր իրենց բանակը մարտունակ է:

Մյուս կողմից, Ադրբեջանն ապացուցել է, որ իր համար մարդկային կորուստները որևէ արժեք չունեն. Սումգայիթում, Բաքվում, Մարաղայում տեղի ունեցած դրա վառ ապացույցն են»:

Placeholder
«Շփման գծում արձանագրվող բոլոր կորուստների մեղավորն անձամբ Իլհամ Ալիևն է»