Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ա. Օհանջանյան. Առողջության ապահովագրությունը սոցիալական ամենակարևոր խնդիրներից մեկը լուծող ապահովության տեսակներից է
Ֆինանսաների նախարարության աշխատակիցներին այսօր թվով յոթ ապահովագրական ընկերություններ ներկայացրեցին սոցիալական փաթեթի շրջանակում կազմված բժշկական ապահովագրության առաջարկներ:
«Ընկերությունների առաջարկած ծառայությունները տարբեր են, բայց ունենք միասնական փաթեթ, որը կառավարության որոշմամբ սահմանել է ծառայությունների քանակը 52 հազար դրամի չափով, որն ապահովում է 3 միլիոն 800 հազար դրամի ծածկույթ»,- ասաց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:
Ապահովագրական շուկայի մասնակիցների ասոցիացիայի տնօրեն Անդրանիկ Օհանջանյանն էլ նշեց, որ բժշկական ապահովագրությունը սոցիալական փաթեթի 4 ուղղություններից մեկն է, որն աշխատողների համար նախատեսում է պարտադիր բազային ծածկույթ 52 հազար դրամի չափով: Այս պարագայում ապահովագրական գումարի չափը մեկ տարվա համար կազմում է 3 միլիոն 800 հազար դրամ, և այդ գումարի շրջանակում ապահովագրական ընկերությունը պետք է փոխհատուցի սուր, անհետաձգելի և պլանային մի շարք բժշկական ծառայություններ, այդ թվում` հիվանդանոցային բուժօգնություն, որը ներառում է թերապևտիկ բուժում պահանջող հիվանդություններ, վնասվածքներ, էլեկտրահարությունների, այրվածքների բուժում, ինչպես նաև վիրաբուժական բուժում պահանջվող հիվանդություններ` ընդհուպ նյարդավիրաբուժական, սրտի վիրահատական և ներանոթային միջամտությունների իրականացում և այլն: «Սրանք հիմնական ծախստար ոլորտներն են առողջապահության մեջ»,- ասաց նա:
Ըստ Ա. Օհանջանյանի, բազային փաթեթում ներառված չեն անբուժելի հիվանդությունները, հիվանդություններ որոնք կապված ալկոհոլիզմի, թմրամիջոցների օգտագորման, միջուկային ախտոտվածության հետ:
Աշխատակիցները կարող են ընտրել ապահովագրական ընկերությունների կողմից առաջարկվող ցանկացած փաթեթ` առավել լայն ծառայությունների ցանկով (ամբուլատոր ծառայություններ, ատամնաբուժություն և այլն) անհրաժեշտության դեպքում լրավճարելով գումարների տարբերությունը սոցիալական փաթեթի մնացած գումարից կամ այլ աղբյուրներից:
Բժշկական ապահովագրության ծառայություններից կարող են օգտվել ինչպես սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող աշխատակիցները, այնպես էլ նրանց անմիջական ընտանիքի անդամները, տվյալ դեպքում` ամուսինը և մինչև 27 տարեկան չամուսնացած համատեղ բնակվող երեխաները: Յուրաքանչյուր աշխատակցի համար սոցիալական փաթեթով նախատեսված գումարը կազմում է 132 հազար դրամ տարեկան կտրվածքով:
Նախարարն ասաց, որ ապահովագրական բոլոր ընկերությունների առաջարկները տեղադրված են ֆինանսների նախարարության կայքում: Դրանք էլեկտրոնային եղանակով առաքվել է բոլոր պետական կառավարման մարմիններին:
Ա. Օհանջանյանի խոսքով, որ ապահովագրական ընկերությունները բաց են բոլոր քաղացիների համար, սակայն ներկայացված փաթեթից կարող են օգտվել միայն պետաշխատողները, իսկ անհատ քաղաքացիների համար ապահովագրական այլ պայմաններ են գործում: «Այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են բժշկական ապահովագրություն ունենալ, նախ պետք է բժշկական զննություն անցնն ու այն հիվանդությունները, որոնք ունեն նախքան ապահովագրությունը, դիտվում են բացառություն ապահովագրության պայմանագրի պայմաններում, այսինքն` հատուցվում են այն հիվանդությունները, որոնք ապահովագրվելուց հետո են առաջանում: Իսկ ներկայացված փաթեթով հատուցվում են նաև առկա հիվանդությունները: Անհատի դիմելու դեպքում ապահովագրությունը կրկնակի անգամ թանկ է լինում»,- մանրամասնեց նա:
Ապահովագրական շուկայի մասնակիցների ասոցիացիայի տնօրենի կարծիքով, առողջության ապահովագրությունը սոցիալական ամենակարևոր խնդիրներից մեկը լուծող ապահովության տեսակներից է: «Մեր կառավարությունն էլ այդ մտքին է: Համոզված եմ, որ մեր պետությունը գալու է եզրահանգման և Հայաստանում լինելու է պարտադիր առողջության ապահովագրություն, որը բոլոր քաղաքացիներին զերծ կպահի առողջության հետ կապված ծախսերից: Այս ուղղությամբ քննարկվում են հայեցակարգեր»,- ասաց Ա. Օհանջանյանը: