Ա. Զաքարյան. Ադրբեջանցիները կեղծում են նույնիսկ իրենց իսկ աչքով տեսածը
Քաղաքական
16:05 27/02/2012

Ա. Զաքարյան. Ադրբեջանցիները կեղծում են նույնիսկ իրենց իսկ աչքով տեսածը

«Պետք է ասեմ, որ բոլոր պատվիրակություններին համանման վերաբերմունք է ցուցաբերվել` ընդունելության շատ բարձր մակարդակով, իսկ հատկապես Ադրբեջանին ցուցադրվել է ընդունելություն անվտանգության լրացուցիչ միջոցներով»:
Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը` պատասխանելով Panorama.am-ի հարցին, թե ինչով է պայմանավորված ադրբեջանական պատվիրակության Բաքվում հայտնած դժգոհությունները` կապված Եվրոնեսթի շրջանակներում Երևանում իրենց ցույց տրված ընդունելության հետ:

Պատգամավորի խոսքերով, իրականությանը չի համապատասխանում այն տեղեկությունը, թե` ադրբեջանցիներին տարել են մեկուսարան: Նրանց ընդամենը հրավիրել են հերթափոխի պետի սենյակ, որպեսզի այդ ընթացքում համապատասխան ձևակերպումներն արվեն և ուղեբեռը բերեն:

«Ցավոք, դա հենց Ադրբեջանի քաղաքականության մի մասն է, որ նրանք անընդհատ փորձում են կեղծել այն ամենը, ինչ կապված է Հայաստանի ու հայ իրականության հետ` ընդհուպ մինչև իրենց մասնակցության պարագայքում իրենց իսկ աչքով տեսածը»,- հավելեց Զաքարյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Panorama.am-ի հետ զրույցում Ա.Զաքարյանը հայտարարել էր, թե ցանկալի է, որ ինչպես իրենք դիմավորեցին ադրբեջանցիներին, գոնե կիսով չափ նույնը  սպասվեր իրենց Բաքվում:

Նշենք նաև, որ   Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի Սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի հանդիպումը Երևանում մեկնարկել էր փետրվարի 22-ին. առաջին անգամ էր, որ այն տեղի էր ունենում Եվրոպական խորհրդարանից դուրս:

Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովը հիմնադրվել է 2011 թ. մայիսին որպես Արևելյան գործընկերության խորհրդարանական բաղկացուցիչ: Դրա հիմնական նպատակն է հզորացնել կապերը Եվրոպական Միության և Արևելյան Եվրոպայի հարևանների` Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի միջև կապերը, որոնք այժմ ներկայացված են խորհրդարանական վեհաժողովում:

Placeholder
Ա. Զաքարյան. Ադրբեջանցիները կեղծում են նույնիսկ իրենց իսկ աչքով տեսածը