Թուրք վերլուծաբան. Ինչո՞ւ 20 տարի թուրքերը կոկորդ չէին պատռում Խոջալուի համար
Քաղաքական
13:30 27/02/2012

Թուրք վերլուծաբան. Ինչո՞ւ 20 տարի թուրքերը կոկորդ չէին պատռում Խոջալուի համար

Թուրքական «CNNTurk» հեռուստաալիքի «Չեզոք գոտի» հաղորդաշարի հեղինակ և վարող, այլախոհ մտավորական Ահմեթ Հաքանը հոդված է հրապարակել Խոջալուի դեպքերի վերաբերյալ թուրք հանրության արձագանքի մասին: Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Խոջալուի դեպքերից անցել է ուղիղ 20 տարի. «Ինչո՞ւ այդ ողջ ընթացում ոչ ոք կոկորդ չէր պատռում Խոջալուի համար: Ինչո՞ւ անցած տարիներին Թաքսիմի հրապարակում նման ցույցեր չէին  կազմակերպվում: Ինչո՞ւ մինչև օրս հոդվածներ չէին հրապարակվում այդ թեմայով: Ի՞նչու մինչև հիմա ամեն փետրվարի 26-ին Խոջալուին նվիրված միահամուռ  միջոցառումներ չէին անցկացվում»:

Իր այս հարցադրումներին ի պատասխան` Ահմեթ Հաքանը, ըստ աղբյուրի,  ներկայացնում է շարժառիթ հանդիսացած հիմնական պատճառը: «Որովհետև մինչև հիմա Ֆրանսիայի և Սարկոզիի դեմ ինչ-որ բան անելու անհրաժեշտություն չկար: Ի՞նչ է, սա է ձեր մարդասիրությունը: Ազերիներին գլխին եկած ողբերգության մասին հիշում եք միայն այն ժամանակ, երբ Հայաստանի հետ ունեցած խնդրի պատճառով հայտնվում եք քաղաքական նեղ դրության մե՞ջ»:

Գնահատական տալով Խոջալուի հետ կապված թուրքերի աննախադեպ բուռն ու բորբոքված արձագանքին` Ահմեթ Հաքանը շեշտում է, թե ստացվում է այնպես, որ կոտորածի թեման դարձել է քաղաքական ճնշվածությունից ազատվելու համար կիրառվող գործիք:

Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ, երբ Հաքանը «Twitter» սոցիալական ցանցով տեղեկացրել էր, որ քննարկվելու է Դինքի սպանության և դատավճռի թեման, բավական կոպիտ արձագանք էր ստացել բազմաթիվ թուրք օգտատերերի կողմից: Ահմեթ Հաքանն էլ հակադարձել է, թե բոլորս հայ ենք, ինչն ավելի կոշտ հակազդեցություն էր առաջ բերել: Սկսվել էր կոպիտ խոսքերի ու վիրավորանքների տարափ թուրք լրագրողի վրա: Ի պատասխան «Twitter»-ի թուրք անհանդուրժողական մասսայի պահվածքի` ասել է. «Եթե Հրանտը հայ լինելու համար սպանվեց, ուրեմն ես հայ եմ»:

Placeholder
Թուրք վերլուծաբան. Ինչո՞ւ 20 տարի թուրքերը կոկորդ չէին պատռում Խոջալուի համար