Հ. Վարդանյանը դեմ չէր լինի, որ 2 որդիներն էլ առաջադրվեին, բայց «Միքայելը մի քանի անգամ ավելի շատ է աշխատում, քան՝ Կարենը»
Քաղաքական
21:03 27/02/2012

Հ. Վարդանյանը դեմ չէր լինի, որ 2 որդիներն էլ առաջադրվեին, բայց «Միքայելը մի քանի անգամ ավելի շատ է աշխատում, քան՝ Կարենը»

«Գրանտ հոլդինգի» սեփականատեր Հրանտ Վարդանյան- գործարար հայրը Panorama.am-ի հետ զրույցում  գնահատում պատգամավոր որդիների օրենսդրական գործունեությունը:
Հիշեցնենք, որ Վարդանյան եղբայրներից Միքայելը՝ նախորդ ընտրություններին մեծամասնական ընտրակարգով պատգամավոր է ընտրվել թիվ 40 ընտրատարածքից, իսկ կրտսեր եղբայրը՝ Կարենը, խորհրդարան է մտել ՀՅԴ համամասնական ցուցակով:

-Ձեր երկու որդիներն էլ ԱԺ պատգամավորներն են: Վերստին առաջադրվելու վերաբերյալ որոշումը կայացրե՞լ են:

-Իմ որդիների առաջադրման վերաբերյալ հարցրեք իրենց, իրենք Հայաստանում են: Հո ես չեմ իրենց տեղը որոշում կայացնում: Իմ որդիները վաղուց արդեն կայացած մարդիկ են և իրենք են իրենց անելիքը որոշում:

-Իսկ Ձեր տեսակետը ո՞րն է:

-Իրենք են իրենց ճակատագիրը որոշում, ես ի՞նչ կարող եմ ասել:

-Դուք, որպես ՀՀ քաղաքացի և որպես երկու օրենսդիր անդամ որդիների հայր, ինչպես եք գնահատում Միքայել և Կարեն Վարդանյանների գործունեությունը:

-Ի՞նչ եք կարծում, որ հայրն է իր որդիների աշխատանքը վատ գնահատում: Ես կերազեի, որ իմ երկրում բոլորն էնքան աշխատեին, ինչքան իմ տղաները, երևի այդ ժամանակ ամեն ինչ ավելի լավ կլիներ:

-Ոմանց համար խորհրդարանական միջավայրում հայտնվելը «գլամուռի» պես բան է դարձել, ոմանց համար՝ պարզապես գերխնդիր, ոմանց համար էլ՝ այն ընդամենը իրենց ու իրենց շահերն ապահովագրելու միջոց:
Ձեր որդիները ի՞նչ մոտիվացիայով են առաջադրվում:

-Գիտեք, իմ կարծիքով, կարևորը աշխատելը, ծառայելն է իրենց պետությանը, իրենց ժողովրդին: Հիմա դա կլինի քաղաքական դաշտում՝ զուտ պառլամենտում, իրենց արտադրության, թե գյուղատնտեսության զարգացման պրոցեսում, դա չէ էականը: Կարևորն այն է, որ նրանք աշխատեն արդյունավետորեն՝ իրենց երկրի ու բնակչության համար, թե որտեղ կաշխատեն ինձ թվում է և իրենց, և ինձ համար միևնույն է:

-Փաստորեն, դեմ չե՞ք լինի, եթե նրանք կրկին ընտրեն նույն ճանապարհը և մտնեն ընտրապայքարի մեջ:

-Ընդհանրապես չեմ խառնվի: Միքայելի պարագայում կասեմ միայն, որ եթե անգամ ինքն իր թեկնածությունը չառաջադրի թիվ 40 ընտրատարածքում, որտեղից ընտրված է ԱԺ պատգամավոր, ես ձեզ վստահ հարյուր տոկոսով ասում եմ, ժողովուրդը որևէ այլ թեկնածուի չի ընտրի, նրանք պարզապես այլ թեկնածուի անունը կջնջեն թղթիկի վրա: Միքայելն այս տարիներին հոգով, սրտով իր աշխատանքով կապված է այդ տարածքի բնակիչներին, ժաղովուրդն էլ իրեն շատ լավ է ընդունում, շատ կապված է իր հետ:

Միքայելը 4-5 տարի շարունակ այնտեղ է, տարբեր սոցիալական ծրագրեր է իրականացնում: Այնպես որ, նա այդ ընտրատարածքում իր թեկնածությունը կառաջադրի: Ի՞նչ վերաբերվում է Կարեն Վարդանյանին, ապա կարծում եմ՝ ինքը որոշում կկայացնի:

-Ի դեպ, խոսակցություններ կան, որ Կարեն Վարդանյանն այս անգամ ընտրություններին չի գնա ՀՅԴ համամասնական ցուցակով, կառաջադրվի մեծամասնական ընտրակարգով, թիվ 12 ընտրատարածքից:

-Դրանք լրագրողական ենթադրություններ են:

-Այսինքն՝ Կարեն Վարդանյանն այդպես էլ մեծամասնականով չի՞ առաջադրվի, թե՞ Դուք բացառեցիք միայն թիվ 12 ընտրատարածքի պարագայում:

-Չէ, նա մեծամասնականով չի դնի իր թեկնածությունը: Կարենը հնարավոր է համամասնական ցուցակով էլ չառաջադրվի ընդհանրապես: Հո միայն օրենսդրական աշխատանքը չէ: Եթե դուք հնարավորություն ունենք գտնվել այն բնակավայրերում, որտեղից պատգամավոր է ընտրվել Միքայել Վարդանյանը, միանգամայն կհամոզվեք, որ Միքայելը մի քանի անգամ ավելի շատ աշխատանք է կատարում, քան՝ Կարենը:

-Անցած խորհրդարանական ընտրություններին Միքայելը լուրջ մրցակիցներ ուներ, այդ թվում և ՀՀԿ-ական: Այս անգամ ովքե՞ր են նրա հավանական մրցակիցները, ինչպիսի՞ ընտրապայքար է սպասվում:

-Այո, իսկապես նախորդ անգամ լուրջ պայքար էր ընթանում և մի քանի թեկնածուներ էին: Լուրջ մրցակիցը ձեր նշածն էր, որը ամենաշատ ձայներն էր հավաքել Միքայելից հետո:

-ՀՀԿ-ն այս անգա՞մ էլ կսատարի Միքայել Վարդանյանի թեկնածությունը:

-Միքայելին կսատարի այդ տարածքի բնակչությունն ու մնացած կուսակցությունները, որոնք մի փոքր կհետաքրքրվեն այդ տարածաշրջանի կարգավիճակով: Ինձ թվում է որևէ այլ կուսակցություն Միքայելի դեմ իր թեկնածուին չի դնի, եթե անգամ դնի էլ, դա արդեն իրենց գործն է:

-Իսկ չե՞ք ափսոսի որ հաջորդ գումարման ԱԺ-ում Կարեն Վարդանյանը չլինի:

-Ես,  որ ամբողջ կյանքում խորհրդարան չեմ մտել և ոչ էլ փորձել եմ մտնել, ինչ որ մի բան պակասե՞լ է: Դուք կարծում եք էդ դեպուտատները ինձնից շա՞տ են այս երկրի համար գործ արել, աշխատել: Բա էլ ինչ կա, թող աշխատեն այնտեղ, որտեղ կգտնեն, որ իրենց համար շատ ավելի լավ է, շատ ավելի օգուտ կտան պետությանն ու ժողովրդին:

- Ձեզ քիչ ենք տեսնում հրապարակային վայրերում, Ձեզ դժվար է հանդիպել ցանկացած միջավայրում, լինի դա պետական միջոցառում կամ պաշտոնական հանդիպում, գուցե դա՞ է պատճառը, որ լուրեր տարածեցին, թե Դուք փոքր ինչ հիասթափություններ ունեք ու նոր բիզնես ծրագրեր չեք իրականացնում: Ավելին՝ խոսվում էր նաև այն մասին, որ Ձեր հիմնական բիզնեսն այս ընթացքում տեղափոխել եք այլ երկրներ:

-Դա էլ է աբսուրդ: Ես իմ բիզնեսներից որևէ մի փոքր մաս անգամ չեմ տեղափոխել այլ երկիր: Ընդհակառակը, այլ երկրներում կառուցում եմ նույնատիպ բիզնեսներ՝ առավել ընդլայնելով մեր հնարավորությունները և դրանով իսկ կոնկրետ մեր հումքն ու նյութերն ենք արտահանում նաև այլ երկրներ, սիգարետ ենք արտադրում: Այսպես թե այնպես մենք բոլոր թելերով կապված ենք այս երկրի հետ և մեզ մոտ, ամեն տարի աշխատատեղերն ավելանում են:

-Վերջին 4 տարիներին պասիվ է ոչ միայն Ձեր գործունեությունը՝ արտադրություն հիմնելու և նոր հոսքագծեր բացելու առումով, այլև գովազդային արշավը: Ինչո՞վ է դա պայմանավորված:

-Մենք այնքան նոր արտադրություններ ենք ստեղծել այս 4 տարում, այնքան նոր աշխատատեղեր, պարզապես նախկինի պես պարտադիր չենք համարել շնորհանդեսներով ու գովազդային արշավներով դրանք ներկայացնելը: Պատճառն այն է, որ մեր հասարակությունը զբաղված է քաղաքական գործերով:

-Որո՞նք են Ձեր վերջին հաջողությունները բիզնես ոլորտում:

-Վերջին հաջողություները մեր ստորագրած պայմանագրերն են: Ձեռք ենք բերում ամենաարդիական ծխախոտ արտադրող և վերամշակման տեխնոլոգիան և շուտով կկառուցվի ԱՊՀ ՝ թիվ 1 արդիական տեխնոլոգիայով հագեցած ծխախոտի արտադրությունը, որը կլինի մեր գործարանի տարածքում: «Գրանտ քենդին» շուտով կունենա նոր հոսքագծեր, այնպես որ սպասեք նաև համեղ նորությունների: Գործարանի տարածքում նաև ալրղաց է կառուցվում:

-Վերջին շրջանում խոսվում է նաև Ձեր և ՀՅԴ ղեկավարության հետ ոչ լավ հարաբերությունների մասին: Ավելին, Կարեն Վարդանյանի ՀՅԴ ցուցակով կրկին չառաջադրվելը կապում են նաև այս հանգամանքի հետ:

-Ուզում եմ մի բան ասել, որով պատկերացում կկազմեք իմ և ՀՅԴ-ի միջև եղած հարաբերություների մասին: Եթե Կարենը կրկին առաջադրվի, ապա դա կլինի միայն ՀՅԴ-ի համամասնական ցուցակով, ուրիշ տեղ նա չի առաջադրվի: Իսկ ՀՅԴ-ն դա 120 տարվա կուսակցություն է որով ես կոմունիստների ժամանակ երազել եմ, ապրել եմ, կարդացել եմ: Ես այդ կուսակցության կենսագրությունով եմ մեծացել: Ես միշտ հարգել եմ այդ կուսակցությանը ու կշարունակեմ հարգել՝ չնայած երբեք այդ կուսակցության անդամը չեմ եղել:

-Այսինքն այդ կուսակցության հետ որևէ տարաձայնություն չունե՞ք:

-Ընդհանրապես ես որևէ կուսակցության հետ տարաձայնություն չունեմ. իսկ Դաշնակցության հետ՝ առավել ևս:

Զրույցը վարեց` Սյուզի Բադոյանը

Placeholder
Հ. Վարդանյանը դեմ չէր լինի, որ 2 որդիներն էլ առաջադրվեին, բայց «Միքայելը մի քանի անգամ ավելի շատ է աշխատում, քան՝ Կարենը»