Ալլա Լևոնյան. Պետք չէ մեր ազգային արժանապատվությունից այդ մրցույթը վեր դասել
Մշակույթ
14:28 01/03/2012

Ալլա Լևոնյան. Պետք չէ մեր ազգային արժանապատվությունից այդ մրցույթը վեր դասել

Չնայած ավելի քան երկու տասնյակ երգիչներ հայտարարությամբ հրաժարվել են մասնակցել Ադրբեջանում կայանալիք «Եվրատեսիլ-2012»-ին, սակայն մրցույթին Հայաստանի մասնակցության վերաբերյալ հարցը կհստակեցվի մինչև մարտի 20-ը: Վերջնական որոշում կայացնողը կլինի Հանրային Հեռուստաընկերությունը:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարության ներքո ստորագրած, վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը, ով առաջիներից էր, որ դեմ արտահայտվեց մրցույթին Հայաստանի մասնակցությանը, նշեց, որ բացի անվտանգության խնդրից, սա ազգային արժանապատվության հարց է:

«Սա կենաց-մահու հարց չէ: Մենք ի սզբանե պետք է «ոչ» ասեինք: Ես դա ասում եմ նախ և առաջ որպես քաղաքացի: Մեր զինվորների սպանության համար այնտեղ աստղեր են շնորհում, այն էլ զինադադարի պայմաններում: Ադրբեջանի հետ մենք պետք է միայն կապ ունենանք ԼՂ հարցի կարգավորման շրջանակներում: Մշակույթը սահմաններ չի ճանաչումը, բայց այս դեպքը բացառություն է: Սա նախ և առաջ քաղաքականացված մրցույթ է, ոչ թե մշակույթ, այլ շոուբիզնես»,-իր որոշումն այսպես բացատրեց Արսեն Գրիգորյանը:

Երգչուհի Ալլա Լևոնյանը ևս դեմ է Բաքվում կայանալիք մրցույթին մեր երկրի մասնակցությանը:
«Տարիներ առաջ Նյու-Յորքում ադրբեջանիցիները չեն մասնակցել փառատոնի, ասելով, որ դրանիցից, այսինքն մեզանից, հետո բեմը պետք է ժավելով մաքրել: Պետք չէ մեր ազգային արժանապատվությունից այդ մրցույթը վեր դասել, մանավանդ Ադրբեջանն անընդհատ ցուցադրում է իր վերաբերմունքը մեր հանդեպ: Այն դեպքում, երբ սահմանին մեր տղաները սպանվում են, ո՞ւմ ենք ինչ ապացուցում: Մենք հաղթել ենք և երգով չի, որ դա պետք է ապացուցել: Մեր չգնալը մեր արհամարհանքն է ադրբեջանցիների հանդեպ, ոչ թե վախը: Իսկ եթե շատ անհրաժեշտ է, ապա պետք է մի քանի անգամ ավելի լավ ներկայանալ, քան մինչև այսօր»,-ասաց Ա. Լևոնյանը:

Placeholder
Ալլա Լևոնյան. Պետք չէ մեր ազգային արժանապատվությունից այդ մրցույթը վեր դասել