Այսօր Գրողների միջազգային օրն է. «Մեր գրողներն այսօր ստեղծում են մրցունակ գրական արժեքներ»
Օրվա թեմա
11:46 03/03/2012

Այսօր Գրողների միջազգային օրն է. «Մեր գրողներն այսօր ստեղծում են մրցունակ գրական արժեքներ»

«Այսօրվա հայ գրողն արժանի է ավելի գնահատավելու, չնայած արժեքային համակարգում որոշակի բարելավում եմ տեսնում՝ հանրության կողմից ավելի մեծ ուշադրություն դեպի գիրքն ու գրականությունը: Մեր գրողներն այսօր ստեղծում են մրցունակ գրական արժեքներ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը:

Այսօր Գրողների միջազգային օրն է: Այն նշվում է ՊԵՆ-ակումբի (PEN- Poets-պոետ, Essayists-էսսեիստ, Novelists-նովելիստ) Միջազգային 48-րդ կոնգրեսի որոշման համաձայն: Գրողների միջազգային օրը սկսել է նշվել 1986թ. մարտի 3-ից:

Լ. Անանյանն ասաց, որ գրողների միությունն ունի 400 անդամ՝ ներառյալ Արցախի գրողները: Մի քանի օր առաջ միություն են ընդունվել 40 նոր գրողներ, ապրիլին սպասվում է կրկին ընդունելություն: ՀԳՄ նախագահն ասաց, որ իրենց կանոնադրության համաձայն, շուտով Սփյուռքի 50 գրողների շնորհվելու է Հայաստանի գրողների միության լիարժեք անդամի կարգավիճակ:

Այսօր Գրողների միությունը, մշակույթի նախարարությունն ու տարբեր հիմնադրամներ, մշակել ու իրականացնում են ծրագիր՝ ժամանակակից հայ գրականությանը տարբեր լեզուներով ներկայացնել միջազգային ընթերցողին:

Լ. Անանյանն իր գրչակից ընկերներին՝ Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի, օրվա առիթով մաղթեց գրական դաշտում նոր թռիչքներ, ստեղծագործական բեղմնավոր տարի:


 

Placeholder
Այսօր Գրողների միջազգային օրն է. «Մեր գրողներն այսօր ստեղծում են մրցունակ գրական արժեքներ»