Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արմեն Պողոսյան. Ազգային վիճակագրության ծառայությունը ներկրված մսի առումով ծիծաղելի թվեր է ներկայացնում
«Համաշխարհային տնտեսական ժգնաժամի ժամանակ՝ 2008-2009թթ-ին, Հայաստանում բոլոր ոլորտներում անկում արձանագրվեց, մասնավորապես՝ մսի արտադրությունը նվազեց մոտ 6%-ով, սակայն մսամթերքի արտադրությունում գրանցվեց 43%-ի աճ»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սպառողների ասոցացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը՝ հավելելով, որ նման ֆանտաստիկ երևույթ կյանքում չի լինում և դա անտրամաբանական է: Դրա բացատրությունը, ըստ նրա, Հնդկաստանից Հայաստան ներմուծվող գոմեշի մսի հաշվին էր:
Նրա խոսքերով՝ Հայաստանը բնակլիմայական և տարածքային առումով գյուղմթերքի արտադրության համար չի կարող լինել ինքնաբավ:
«Մենք ունենք շրջաններ, որտեղ կարող է անասնապահությունը զարգանալ, սակայն դա չի նշանակում, որ կարող ենք անհրաժեշտ քանակությամբ ապահովված լինենք մսով ու մսամթերքով»,- ասաց Ա. Պողոսյանը:
Ըստ նրա՝ պաշտոնական թվերով Հայաստանում արտադրվում է 128 հազար տոննա միս, սակայն, Ազգային վիճակագրության ծառայությունը ներկրված մսի առումով ծիծաղելի թվեր է ներկայացնում. այսպես՝ Հայաստան ներկրվում է 11 հազար տոննա խոշոր եղջերավոր անասունի միս, 6 հազար տոննա՝ խոզի միս, 281.8 կգ՝ ոչխարի միս: Հարցին, թե դա նշանակում է, որ վիճակագրական ծառայությունը սխալ թվեր է ներկայացրել, Ա. Պողոսյանը պատասխանեց. «Ես չունեմ ապացույցներ, որ սխալ է, գտնում եմ, որ արժանահավատ չեն այս թվերը: Կամ մեթոդական սխալ կա, կամ վրիպակ է»:
Անդրադառնալով սառեցված մսերին, «Սպառողների ասոցացիա»-ի նախագահն ասաց, որ սառեցված միսը նախատեսված է արտակարգ իրավիճակների՝ պատերազմի, երկրաշարժերի, ռազմական գործողությունների համար, սակայն այսօր Հայաստանում այն մեծ ծավալներով է սպառվում: Ա.Պողոսյանը նշեց, որ որպես կանոն, եթե միսը մեկ անգամ սառեցված է, ապա այն պետք է մեկ անգամյա օգտագործման լինի, այսինքն պետք է եփել ու օգտագործել, այլ ոչ թե մի քանի անգամ սառնարան դնել, քանի որ առողջության համար դա վտանգավոր է:
Ինչ վերաբերում է մսամթերքի վաճառքի անվտանգության կանոնների պահանմանը, Ա.Պողոսյանն ասաց, որ մսավաճառները պետք է պարտադիր իրենց մոտ փաստաթուղթ ունենան՝ տվյալ օրվա մսի վերաբերյալ: «Մսի վաճառքի կետերում վիճակը, ըստ ստացված զանգերի, բողոքների ու դժգոհությունների, շատ վատ է»,- ասաց Պողոսյանը և հավաստիացրեց, որ երևույթի հանդեպ պետք է հետևողական լինել:
Նրա խոսքերով՝ Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ նախորդ տարվա հոկտեմբերին մայրաքաղաքի 3 համայքներում իրականացրել են ստուգայցեր, որի ժամանակ 40 խանութներից 18-ը տուգանվել են՝ ժակմետանց կաթմամթերքի, մթամթերքի և այլ ապրանքների համար: Ըստ նրա՝ եթե ուսումանսիրությունները մնացած համայնքերում էլ շարունակվեն, ապա պատկերն ավելի վատ կլինի:
«Մենք ամեն օր դիմում ենք քաղաքապետին և Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին, որ ստուգումները շարունակվեն, բայց մեր դիմումները անարձագանք է մնում»,- ասաց Ա.Պողոսյանը՝ հավելելով, որ դեռ նախորդ տարվա դեկտեմբերին Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի այս տարվա հունվարից ստուգայցեր կատարեն, բայց «արդեն մարտ ամիսն է և ոչինչ չենք արել»: