Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սև PR անելով միավորներ չեք վաստակի. Արթուր Բաղդասարյանը դիմել է քաղաքական հակառակորդներին ու բարեկամներին
«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը կուսակցության 10-րդ համագումարում ելույթ ունենալու առիթն օգտագործեց ու քննադատեց իրեն «չարախոսողներին»:|
«Ինչի՞ են առավոտից իրիկուն մեր մասին խոսում, ի՞նչ եք ուզում մեզանից», -հայտարարեց նա ու մատնանշեց «չարության» աղբյուրը. «Կարդացեք, որոշ լրատվամիջոցներ, կհասկանաք: Ի՞նչ եք ուզում մեզանից»:
Նրա մոտ բարկությունն այնքան շատ էր, որ դիմելով դահլիճում նստած օտարերկյա դեսպաններին` հռետորական հարց տվեց` «Ազատ մամուլը ո՞րն է, պարոնայք: Ազատ մամուլը զրպարտա՞նքն է: Ազատ ու պատասխանատու մամուլ պետք է ունենալ, և «Օրինաց երկիր»-ը դրա համար պայքարելու է»:
Նա հայտարարեց, որ իր ղեկավարած կուսակցության համար քաղաքական «ազնիվ մրցակցությունը, ազնիվ պայքարը այլընտրանք չունեն»: Պնդեց, որ դեմ են քաղաքական ատելությանը, քաղաքական պատերազմին ու հայտարարեց, որ իր թիմը «անհողդողդ է լինելու բոլոր այն պատվիրված հարձակումների, ստի ու կեղծիքի քարոզչության դեմ»:
«Ցավոք, այսօր երկրում կան ուժեր ու կան մարդիկ, ովքեր մտածում են, որ եթե իմ գործերը լավ են դա դեռ քիչ է, այ պետք է քո գործերն էլ վատ լինեն, որ ես ինձ լավ զգամ: Մենք գտնում ենք, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է արդար պայքարի ու վաստակի իր վստահությունը: Չորս տարի շատ քարեր նետեցին մեր կուսակցության դեմ, հիմա եկել է քարերը հավաքելու ժամանակը: Մենք երբեք չենք առաջնորդվել ուրիշներին վարկաբեկելու ու փնովելու մարտավարությամբ: Մենք ասում ենք` կուզես` քվեարկիր, չես ուզում քվեարկել, մի արա: Բայց սևացնելով ուրիշին, սև PR-ի քարոզչություն անելով փորձել միավորներ վաստակել, չի հաջողվելու», -դիմելով իր քաղաքական հակառակորդներին հայտարարեց ՕԵԿ նախագահը:
«Քաղաքական հակառակորդներին» ուղղված խոսքով, սակայն, Բաղդասարյանը չավարտեց: Դրանից հետո նա դիմեց իր կուսակցության կոալիցիոն գործընկերներին, որոնցից դահլիճում նստած էին ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:
«Մենք ձեր օգնության կարիքն ունենք: Եկեք առաջիկա ընտրությունները բարության, հանդուրժողականության, իրար աջակցելու ոգով անցկացնենք: Այս ընտրությունները Հայաստանի համար փորձություն են, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ լավ ընտրություններ լինեն», -հայտարարեց Բաղդասարյանը:
ՕԵԿ նախագահի ելույթից բացի, այլ ելույթներ չհնչեցին: Հայտարարվեց ընդմիջում: Բոլոր հյուրերը գնացին: Այս համագումարում նորամուծություն էր կուսակցության նոր զինանշանը, որը փոխվել է կուսակցության` Եվրոպական Ժողովրդական կուսակցությանն անդամագրվելուց հետո. եռագույնն է, դրա վերևում աստղեր, իսկ ներքևում` «Օրինաց երկիր»: