«Անժելայի տղամարդու» դեմ ցուցմունք է տվել նրա ամուսինը. Հնչել են նաև այլ ցուցմունքներ
Իրավունք
19:01 05/03/2012

«Անժելայի տղամարդու» դեմ ցուցմունք է տվել նրա ամուսինը. Հնչել են նաև այլ ցուցմունքներ

Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ դռնփակ նիստում շարունակվել է դերասանուհի, «Ո՞ւր է իմ տղամարդը» հեռուստասերիալի նախկին հերսուհի Անժելա Սարգսյանի պոռնկագրական լուսանկարները համացանցում տարածելու համար մեղադրվող Կարեն Արայանի դատավարությունը:

Ինչպես Panorama.am-ին տեղեկացրեց Անժելա Սարգսյանի ամուսինը` Ղազար Ավետիսյանը, այսօր դատարանում ինքը ցուցմունք է տվել և մեղադրել է Կարեն Արայանին`  Սարգսյանի լուսանկարները համացանցում տարածելու համար: Այլ հարցերի Ղազար Ավետիսյանը չպատասխանեց:

Փոխարենը Panorama.am-ի մի քանի հարցերին պատասխանեց Կարեն Արայանի փաստաբան Արթուր Ղարիբյանը

-Ո՞ր փուլում է դատական գործընթացը:

-Ապացույցների հետազոտման փուլում:

-Ովքե՞ր են այսօրվա նիստում ցուցմունք տվել:

-Եղել է տուժող Ղազար Ավետիսյանը, հարցաքննվել է, ցումունք է տվել: Բացի նրանից, ևս երեք վկաներ են եղել` Համլետ Համբարձումյանը, Դավիթ Աբգարյանը և Հովհաննես Խաչատրյանը:

-Ովքե՞ր են նրանք:

-Դավիթ Աբգարյանը և Հովհաննես Խաչատրյանը Կարեն Արայանի մանկության ընկերներնեն, Համլետ Համբարձումյանը` կինոռեժիսոր:

-Անժելա Սարգսյանը նիստին չի՞ եղել

-Ոչ, չի եղել

-Ինչպե՞ս եք գնահատում դատական պրոցեսը

-Ես հիմա չեմ կարող գնահատել, քանի որ ապացույցներն ամբողջությամբ չեն հետազոտվել, դատական քննություն է ընթանում, երբ կհետազոտվեն բոլոր ապացույցները, այն ժամանակ մեր գնահատականը կտանք:

-Վերջերս համացանցում, մասնավորապես .com տիրույթում դարձյալ հայտնվել էին Անժելա Սարգսյանի պոռնկագրական բնույթ ունեցող լուսանկարները, որոնց տարածելու մեղադրանք է առաջադրվել Կարեն Արայանին: Արդյո՞ք այս դեպքում ևս նրա մատը խառն է:

-Եթե Արայանը գտնվում է անազատության մեջ ու համացանցում նորից տարածվում է, ձեր կարծիքով, ինչ, մարդը մեկուսարանից կարո՞ղ է տարածել նման բան: Ես շատ խիստ կասկածում եմ: Դա պետք է պարզեն իրավապահ մարմինները` համապատասխան հարցումներ անելով:

Կարեն Արայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի տարածել է Անժելա Սարգսյանի և Ղազար Ավետիսյանի անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիք համարվող միաժամանակ պոռնկագրական բնույթ ունեցող պատկերները: Արայանը մեղադրվում է ՀՀ Քրօրենսգրքի 144 հոդվածի (անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) և 263 հոդվածի (պոռնոգրաֆիկ նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելը) հատկանիշներով:

Նշենք, որ պաշտպանական կողմը չի ընդունում Կարեն Արայանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը:


 

Placeholder
«Անժելայի տղամարդու» դեմ ցուցմունք է տվել նրա ամուսինը. Հնչել են նաև այլ ցուցմունքներ