Տիգրան Սարգսյան. Մենք պայքարելու ենք սոցիալական անհավասարություն ծնող պատճառների վերացման համար
Կրթություն, գիտություն
14:05 05/03/2012

Տիգրան Սարգսյան. Մենք պայքարելու ենք սոցիալական անհավասարություն ծնող պատճառների վերացման համար

Դպրոցաշինությունը ևս ՀՀԿ նախընտրական ծրագրի առաջնահերթություններից է լինելու: Այս մասին Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի մշակման ուղղությամբ քննարկումների ժամանակ երեկ Սյունիքի մարզի Սիսիան և Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքներում հայտարարել է վարչապետ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Սարգսյանը:

ՀՀԿ մամուլի ծառայության հաղորդմամբ, ՀՀ վարչապետ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ քննարկումներին մասնակցել են տեղի կուսակիցները, հասարակական ակտիվ զանգվածը և մտավորականությունը:

Վարչապետի խոսքով, ներկայում հանրապետության 300 դպրոցներում իրականացվում են վերանորոգման աշխատանքներ: Անցում է կատարվելու նաև 12-ամյա պարտադիր կրթական համակարգի: Պետությունը կերաշխավորի ուսումնարաններում, քոլեջներում երիտասարդների կրթության ֆինանսավորումը:

ՀՀԿ նախընտրական ծրագրով նախատեսվում է, որ առողջապահության բնագավառում կշարունակվի ապահովագրական համակարգի ներդրումը, ինչը բարձրորակ բուժօգնությունը հասանելի կդարձնի քաղաքացիների համար: Պետությունը կֆինանսավորի սրտի վիրահատությունը և օնկոլոգիական թանկարժեք բուժօգնությունը:

«Մենք պայքարելու ենք սոցիալական անհավասարություն ծնող պատճառների վերացման համար: Սոցիալապես անապահով 116 հազար ընտանիքների անդամների կրթական ծախսերը ևս կիրականացնի պետությունը, իսկ աշխատունակ անձանց համար կստեղծվեն աշխատատեղեր, որպեսզի քաղաքացին ինքը կարողանա լուծել իր կենցաղային խնդիրները»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Placeholder
Տիգրան Սարգսյան. Մենք պայքարելու ենք սոցիալական անհավասարություն ծնող պատճառների վերացման համար