Սերժ Սարգսյան. Ադրբեջանը դեմ է սահմանային միջադեպերի հետաքննությանը
Քաղաքական
14:35 06/03/2012

Սերժ Սարգսյան. Ադրբեջանը դեմ է սահմանային միջադեպերի հետաքննությանը

Ադրբեջանը մերժում է վստահության կառուցման ցանկացած առաջարկ: Panorama.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին այսօր ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ադրբեջանը կտրականապես մերժում է վստահության կառուցման ցանկացած առաջարկ, ուղղված լինի դա թե տարածաշրջանային համագործակցության խթանմանը, թե շփման գծում լարվածության թուլացմանը»,- նշել է հանրապետության ղեկավարն ու ընդգծել. «Ադրբեջանը, ցավոք սրտի, դեմ է դիպուկահարների հետ քաշմանը առաջին գծից, դեմ է միջադեպերի հետաքննությանը, ավելին՝ ոչ մի րոպե չեն դադարել պատերազմի սպառնալիքները»:

Նախագահը տեղեկացրել է, որ Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է հայերի նկատմամբ ատելության սերմանումը: «Ադրբեջանի նախագահն ընդամենը մի քանի օր առաջ հայտարարեց, որ ադրբեջանցիների թիվ մեկ թշնամին աշխարհասփյուռ հայությունն է: Այս հանգամանքը պետք է արժանանա միջազգային հանրության գնահատականին»,- նշել է նա:

Խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման մասին՝ երկրի ղեկավարը նշել է, որ գլխավոր քարտուղարի հետ թեման քննարկել են և համամիտ են այն հարցում, որ «հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ միջոցներով և բանակցությունների ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»:

«Համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորումը հնարավոր է միայն ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարգման և անվտանգության համակողմանի երաշխիքների ապահովման միջոցով»,- ամփոփել է նախագահ Սարգսյանը:

Placeholder
Սերժ Սարգսյան. Ադրբեջանը դեմ է սահմանային միջադեպերի հետաքննությանը