Է. Հովհաննիսյան. Հիմնարար սկզբունքների համաձայնեցումն առաջնային է
Քաղաքական
15:54 07/03/2012

Է. Հովհաննիսյան. Հիմնարար սկզբունքների համաձայնեցումն առաջնային է

«Հայաստանը ամենաբարձր մակարդակով ֆիքսեց, որ առանց Հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքներն ավարտին հասցնելու անհնար է անցնել «մեծ շրջանակային համաձայնագրի» շուրջ բանակցությունների»,- մեկնաբանելով ՀՀ նախագահի՝ Բրյուսելում ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հնչեցրած հայտարարությունը՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց փորձագետ Էդգար Հովհաննիսյանը:

Նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշել էր, թե  քննարկումների ընթացքում, Եվրահանձնաժողովի նախագահին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացի ներկա փուլը.  «Հայկական կողմն այլընտրանք չի տեսնում ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում հարցի խաղաղ, բանակցային ճանապարհով լուծմանը: Անկախ Հայաստանում և ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում ներգրավված երկրներում ընթացող ընտրական գործընթացներից, հայկական կողմը հավատարիմ է մնում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կարգավորման գործընթացի շարունակմանը և Հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքները ավարտելուց հետո նոր միայն խոսք կարող է գնալ «մեծ շրջանակային համաձայնագրի» շուրջ բանակցություններն սկսելու մասին»:

Նախագահի վստահեցմամբ` բանակցություններն անհամատեղելի են պատերազմի քարոզչության, ազգատյացության և աննախադեպ չափերի սպառազինությունների ձեռքբերման հետ. «Նրանք, ովքեր պատերազմ են «խաղում», պետք է արդեն վաղուց սովորած լինեին պատմության դասերը»:

Ըստ փորձագետի՝ Ադրբեջանը, տապալելով Կազանում կայացած հանդիպումը ու մերժելով համանախագահների առաջարկները՝ միաժամանկ փորձում է ցույց տալ, թե իբր նոր նախաձեռնություններ է առաջ քաշում:

«Կազանի հանդիպումից հետո, առաջարկելով անցնել խաղաղության պայմանագրի մշակման աշխատանքներին`  Ադրբեջանը փորձ էր կատարում քողարկել Կազանում տապալած պրոցեսի բացասական արձագանքները: Սակայն այն քողարկել անկարելի է»,- ասաց Է. Հովհաննիսյանը:

Բանախոսի համոզմամբ՝ Ադրբեջանն իմիտացիոն քաղաքականություն է վարում, այլապես սպառազինությունների նման մրցավազք չէր հրահրի:

«Ողջ աշխարհը խոսում է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումից, իսկ Ադրբեջանը շարունակում է մեծ քանակությամբ սպառազինության ձեռք բերումը. էլ չեմ խոսում հայատյացության քարոզչությունից»,- հավելեց նա:

Placeholder
Է. Հովհաննիսյան. Հիմնարար սկզբունքների համաձայնեցումն առաջնային է