Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հանրային հեռուստաընկերություն. Որևէ տրամաբանություն չկա մասնակից ուղարկել մի երկիր, որտեղ նրան դիմավորելու են որպես թշնամու
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ» մրցույթին Հայաստանի մասնակցության վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը չի կարող պատվիրակություն ուղարկել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու:
«Թեև Ադրբեջանի իշխանություններն անվտանգության երաշխիքներ խոստացան մասնակից բոլոր երկրներին, բայց օրեր առաջ Ադրբեջանի նախագահն այդ երկրներից մեկի համար «բացառություն արեց»` հայտարարելով, թե Ադրբեջանի թիվ մեկ թշնամին աշխարհասփյուռ հայությունն է»,-նշված է հայտարարության մեջ:
« Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը 2006 թվականից ակտիվորեն մասնակցել է «Եվրատեսիլ», իսկ 2007 թվականից «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթներին` ամեն տարի մասնակից ներկայացնելով Հայաստանից:
2011 թվականի դեկտեմբերին Հայաստանը հյուրընկալեց «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթը, որն անցավ համերաշխության մթնոլորտում և բարձր գնահատականի արժանացավ բոլորի կողմից: Այս տարի առաջին անգամ Հայաստանը մասնակցելու է մայիսին Վիենայում տեղի ունենալիք դասական երաժշտության «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ-2012» մրցույթին: Հեռւստաընկերությունն այսուհետև նույնպես պատրաստակամ է շարունակել համագործակցությունը Եվրոպական հեռարձակողների միության հետ ընդհանրապես, և «Եվրատեսիլի» հետ` մասնավորապես:
Այդուհանդերձ, ափսոսանքով հայտնում ենք, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը չի կարող պատվիրակություն ուղարկել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու` 2012 թվականի մայիսին կայանալիք «Եվրատեսիլին» մասնակցելու համար:
Թեև Ադրբեջանի իշխանություններն անվտանգության երաշխիքներ խոստացան մասնակից բոլոր երկրներին, բայց օրեր առաջ Ադրբեջանի նախագահն այդ երկրներից մեկի համար «բացառություն արեց»` հայտարարելով, թե Ադրբեջանի թիվ մեկ թշնամին աշխարհասփյուռ հայությունն է: Փաստացի կարող ենք արձանագրել, որ «Եվրատեսիլը» հյուրընկալող երկրի նախագահը պաշտոնապես հայտարարում է, որ բոլոր հայերը, այդ թվում նաև նրանք, ովքեր ընդգրկված պետք է լինեին «Եվրատեսիլի» պատվիրակության մեջ, Ադրբեջանի թշնամիներն են:
Հետևաբար, որևէ տրամաբանություն չկա մասնակից ուղարկել մի երկիր, որտեղ նրան դիմավորելու են որպես թշնամու: Սա մեզ համար սկզբունքային խնդիր է:
Համոզված ենք, որ այն մթնոլորտը, որը ձևավորվել է նմանատիպ և այլ հակահայկական հայտարարությունների և գործողություններին ֆոնին, չի կարող հավասար պայմաններ ապահովել «Եվրատեսիլին» մասնակցող բոլոր երգիչների համար, ինչը, մեր պատկերացմամբ, մրցույթի հիմնական բաղադրիչներից մեկն է: Մենք հետագայում էլ շարունակելու ենք մասնակցել «Եվրատեսիլին» և ներկայացնելու Հայաստանը համաեվրոպական երգի այդ մրցույթին»,-ասված է տարածած հայտարարության մեջ:
Նախորդող հրապարակում`
Հայաստանը պաշտոնապես հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ-2012»-ին. Մրցույթի պաշտոնական կայք