Ռ. Հայրապետյան. Առնետները առաջինն են փախնում տախտակամածից
Քաղաքական
17:17 07/03/2012

Ռ. Հայրապետյան. Առնետները առաջինն են փախնում տախտակամածից

ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը Panorama.am-ին տված բացառիկ հարցազրույցում անդրադարձել իր առաջադրման վերաբերյալ որոշումը փոխելու պատճառների, ինչպես նաև հին ու նոր ՀՀԿ-ականներին և գալիք խորհրդարանական ընտրություններին:

-Շարունակ խոսվում է գործարարների քաղաքական ձգտումները զսպելու անհրաժեշտության մասին՝ ընդ որում դա հնչեց նաև հանրապետության նախագահի մակարդակով: Եվ այս թեմայի քննարկման ակտիվ շրջանում էր, որ Դուք հայտարարեցիք, թե չեք ուզում լինել հաջորդ ԱԺ-ում, դա Ձեր տեղը չէ:
Սակայն օրերս ինչպես Դուք, այնպես էլ Ձեր մյուս գործընկեր Սամվել Ալեքսանյանը հայտարարեցիք ձեր մեծամանսկանով առաջադրվելու մասին: Ինչպես սա կմեկնաբանեիք:

-Այն. ինչ հանրապետության նախագահը, Հանրապետական կուսակցությանն առաջնորդ Սերժ Սարգսյանն ասել է, դա կշարունակի մնալ ուժի մեջ: ՀՀԿ-ի համամասնական ցուցակում չկա որևէ գործարար պատգամավոր և չի լինի: Ինչ վերաբերում է մեծամասնականով առաջադրվող թեկնածուներին՝ մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում և դա մարդկանց իրավունք է: Վստահեցնում եմ ձեզ, երբ կհրապարակվի ՀՀԿ-ի ցուցակը, դուք ինքներդ կտեսնեք, որ այնտեղ չկա որևէ գործարար պատգամավոր:

Ինչ վերաբերվում է, ինձ՝ ես որոշել էի և գտնում էի ճիշտ կլինի, որպեսզի ես մեծամասնական ցուցակով չմասնակցեմ խորհրդարանական ընտրություններին, բայց դա այն ժամանակ էր:

Եթե հիշում եք, ես դա հայտարարելու ժամանակ նշել եմ, որ ցանկություն չունեմ դառնալ պատգամավոր, բայց եթե իմ կուսակցությունը որոշում կայացնի, ապա ես ստիպված կլինեմ մասնակցել ընտրություններին: Հիմա իմ կուսակցությունը որոշում է կայացրել, և ես մասնակցելու եմ:

-Ուրեմն ինքներդ Ձեզ դեմ գնալով՝ կատարում եք կուսակցության պահա՞նջը:

-Իհարկե, քանի որ ես կուսակցության անդամ եմ և պարտավոր եմ կատարել իմ կուսակցության ցանկացած որոշում: Ի վերջո, մարդիկ ընտանիքում էլ հաճախ ստիպված են լինում անել բաներ, որն իրենց սրտով չէ, բայց անում են:

-Իսկ Ձեր ստով չլինելը և կուսակցության պահանջը ստիպված կատարելը հնարավո՞ր է ինչ-որ կերպ դրսևորվի ձեր օրենսդրական աշխատանքում:

-Ո՛չ, ես երբ մի բան անում եմ, ապա դա անում եմ լավ:

-Պրն, Հայրապետյան խոսվում է այն մասին, որ ըստ էության, Դուք եք Հանրապետական կուսակցության շտաբի պետը, հենց Ձեր վրա է դրված նախընտրական աշխատանքների, այսպես ասած, կուրատորի դերը:

-Ուրեմն ասեմ, դրանք հերթական սուտ խոսակցություններ են, և ես ձեզ ավելին ասեմ, վերջին 3 ամիսների ընթացքում կուսակցության գրասենյակ ես չեմ էլ գնացել:

-Կարելի է ենթադրել, թե Դուք նաև տեղյա՞կ չեք, թե, ասենք, ովքեր կարող են լինել ձեր խորհրդարանական գործընկերները և Դու՞ք էլ մեր պես կիմանաք այդ մասին մարտի 12-ին:

-Մասամբ՝ այո: Դե հնարավոր է ոչ մարտի 12-ին, բայց կուսակցության համագումարից հետո կամ առաջ կիմանամ:

-Դա նշանակում է որ այդ ընթացքում չեք մասնակցել նաև թեկնածուների առաջադրման վերաբերյալ քննարկումների՞ն, կարծիքներ տեսակետներ չե՞ք հնչեցրել այս կամ այն թեկնածուի վերաբերյալ:

-Ես ձեզ ասում եմ, ես շտաբի կուրատոր չեմ: Այնքանով, որքանով ինձ հանձնարարություն կտրվի նախընտրական շրջանում զբաղվել որևէ տեղամասով, ես կզբաղվեմ դրանով, չի տրվի՝ ես չեմ մտնի այնտեղ, որտեղ իմ տեղը չի: Դրանք ուղղակի փողոցի խոսակցություններ և հերյուրանքներ են: Ես հասկանում են որքան մոտենում է այս նախընտրական ժամանակաշրջանը, այնքան մարդիկ փորձում են ոմանց ներքաշել քաղաքական ինչ-որ ինտրիգների մեջ, որոնք իրականում պետք չեն, որովհետև անիմաստ ժամանակի կորուստ են: Այն ինչ կապված է իմ անվան հետ, դա բացեիբաց է՝ ի տարբերություն շատ մարդկանց: Հիշեք, ես թաքուն ոչինչ չեմ անում, սուտ չեմ խոսում: Անգամ, երբ մարդիկ խուսափում են տեսախցիկներից, իրենց վատ արարքի համար խոստովանելուց, ես խոստովանում եմ, չեմ վարանում, ասում եմ ներողություն: Ես այսպիսի պրոբլեմ չունեմ:

-Քիչ չեն խոսակցություններն այն մասին, որ Հանրապետական կուսակցության ներսում իրականում կա երկփեղկվածություն:

-Միանգամից ասեմ, չկա տենց բան: Հանրապետական կուսակցության ներսում երկփեղկվածություն չկա: Իհարկե շատ լավ է, որ մարդիկ այդպես են մտածում, բայց ընտրությունների ընթացքից և դրանից հետո կերևա, որ Հանրապետական կուսակցությունն իրականում մի բռունցք ա:

-Այսինքն՝ այս ընթացքում չե՞ն լինի զտումներ, ինչպես ոմանք կանխատեսվում են:

-Նախ հասկանանք, թե զտում ասելով ինչ նկատի ունեք… Եթե խոսքը վերաբերում է խորհրդարանականների շարքերի զտումներին, իհարկե կլինեն մարդիկ, որոնք չեն լինի հաջորդ գումարման ԱԺ-ում, կլինեն նորերը:

Բացառու՞մ եք նաև այն, որ նախընտրական շրջանին բնորոշ առնետավազք կլինի: Դեռ նախորդ ընտրություններից հետո, որոշ կուսակցականներ, այս ընթացքում մի տեսակ մեկուսացած էին Հանրապետական կուսակցությունից:

-Եթե խոսքը վերաբերում է ՀՀԿ-ի նշանը կրող մարդկանց, իհարկե՝ ոչ: Բայց իհարկե, կլինեն մեր կուսակցությանը հարողներ, որոնք մեծամասնականով են առաջադրված և ազատ մարդիկ են: Նրանք կարող են ցանկացած ժամանակ համակրել մի այլ կուսակցության և գնալ դրա ճանապարհով, դա իրենց անձնական իրավունքն է:

-Շարունակ խոսվում է այն մասին, թե ունենալու ենք նոր որակի խորհրդարան: Մասնավորապես Դուք ինչպե՞ս եք պատկերացնում մեր հաջորդ խորհրդարանը: Հավանաբար կլինեն նոր դեմքեր, որոնք պարտադիր չէ լինեն կուսակցականներ:

Ես մի բան գիտեմ, որ մեր հաջորդ խորհրդարանը լինելու է ավելի լավը, քան եղել է դրանից առաջ կամ նախորդ անգամ: Իմ կարծիքով, մեր նախագահը խորհրդարանական ցուցակով դաշտ կբերի այն մարդկանց, որոնք պրոֆեսիոնալ են և պարտադիր չի, որ լինեն Հանրապետական կուսակցության անդամներ: Նրանք կլինեն պարզապես ՀՀ քաղաքացիներ՝ մտավորականներ, քաղաքական գործիչներ, իրենց գործի գիտակներ:

Այդ դեպքում որպես ՀՀԿ անդամ, ինչպե՞ս կվերբերվեք այն բանին, որ ՀՀԿ ցուցակով խորհրդարան են մտնելու մարդիկ, ովքեր ՀՀԿ-ի գաղափարախոսությունը չեն կրում: Ստացվում է, որ ցուցակով մանդատ ստացող նոր դեմքերն ավտոմատ կերպով ԱԺ- ից դուրս կմղեն հին հանրապետականներին:

-Ի՞նչ ա նշանակում հին հանրապետական, էդ տեղերը հո սեփականաշնորհված չե՞ն: Օրինակ ես ՀՖՖ նախագահն եմ, բայց վաղը կարող է անհրաժեշտություն լինի՝ ես չլինեմ: Ի՞նչ է, ուրեմն ես պետք է դրանից դժգո՞հ լինեմ: Հնարավոր է նախագահն ինձ մի որ կանչի, և ասի, որ դու լավ չես կատարում քո գործը և ժամանակն է ՝ տեղափոխվես այլ տեղ: Դա նշանակում է, որ ես պետք է դժգոհ լինե՞մ: Ես իմ սեփական բիզնեսների համար կարող եմ հավերժ մտածել, որ կլինեմ:

-Իսկ եթե նորեկների պատճառով դուրս մղվող հանրապետականները նեղացվածության կեցվածք դրսևորեն, այդ դեպքում ի՞նչ է սպասվում:

-Գիտեք, հնարավոր է, որ այդպիսի դեպքեր էլ լինեն, բայց ես իրենց էլ խորհուրդ կտամ, որ չի կարելի այդպես մտածել: Ինչ է, ՀՀԿ-ի համար պարտադիր է պատգամավոր լինել, նոր միայն քաղաքական գործունեություն ծավալե՞լ, կամ երկրի համար ծառայել: Այդ ամենը կարող ես անել նաև շարքային կուսակցական լինելով: Ոչ մեկի պաշտոնը հավերժ չի: Մեր ազգի մեջ է այդպիսի ընկալում է ձևավորված:

Ինչու՞ պետք է օրինակ պաշտոնից հանելուց հետո դառնան «աբիժնիկ»: Պետք չի, կարելի է այդ ամենին նաև փիլիսոփայորեն մոտենալ: Իսկ ո՞վ է ասել, որ ես ամենալավն եմ այս երկրում, որ հավերժ պետք է պատգամավոր լինեմ, կամ օրինակ ֆեդերացիայի նախագահ: Միշտ էլ կլինի մարդ, ով ինձնից լավ կանի այդ գործը:


Նման դեպքերում պետք է ուղղակի քաշվել մի կողմ, այլ ոչ թե դժգոհողի կեցվածք ընդունել, մի ուրիշ քաղաքական դաշտ մտնել՝ ինչ է թե մանդատ կամ պաշտոն ստանաս:

-Ուրեմն նման դեպքերում Դուք դա դավաճանություն համարում ե՞ք:

-Գիտեք ինչ, էդ դավաճանությունը մի քիչ կոպիտ է հնչում, դա ավելի շատ նման է այն ասացվածքին, թե՝ «առնետները առաջինն են փախնում տախտակամածից»:

Ես ձեզ ասեմ շատ ավելի լավ. եթե կլինեն տենց մարդիկ, որոնք կկորցնեն մանդատը կամ պաշտոնը, և կթողեն կգնան կուսակցությունից, ուրեմն դա կնշանակի, որ մենք մաքրվում ենք: Եթե նրանց մեջ կլինին մարդիկ, որ կմնան ուրեմն դա նշանակում է, որ մենք ինչ որ բանի հասել ենք, որ արդեն մնում են նրանք, ովքեր ճիշտ մարդիկ են: Ի վերջո այդ մարդկանց տեսակը ոչ թե երկրի մասին մտածելն է, այլ իրենց անձի և պաշտոնի:

Մինչ ՀՀԿ-ն կհրապարակի մեծամասնականով և համամասնականով առաջադրվոող թեկնածուների անունները, այնուամենայնիվ, ոմանք արդեն իսկ վստահաբար հայտարարում են այս կամ այն ընտրատարածքում իրենց առաջադրման մասին: Ընդ որում որոշ ընտրատարածքների պարագայում իրենց առաջադրման մասին վստահաբար հայտարարում են երկու հանրապետականներ:

Գիտեք ես համաձայն չեմ դրա հետ: Հիմա նորից եմ կրկնում, վաղը իմ կուսակցությունը կարող է որոշի, որ ես ուրշի տեղամասում դնեմ իմ թեկնածությունը: Հնարավոր է, ամսի 10-ին կայանալիք համագումարից հետո, նախագահը որոշի, որ ես առհասարակ չպիտի առաջադրվեմ: Ամեն ինչ է հնարավոր և դա նորմալ է:

Խոսեցիք դավաճանության մասին: Վերջին տարում նման դրսևորումներ ՀՀԿ-ի ներսում եղե՞լ են, գուցե եղել են, բայց մեզ հայտնի չեն դարձել:

-Մեր շարքերում դավաճանություն ես չեմ տեսել, չեմ զգացել նման բան:

-Զբաղեցրած պաշտոններից աղմկոտ հրաժարականներով հեռացած Կարեն Կարապետյանն ու Գագիկ Բեգլարյանը կլինե՞ն հաջորդ խորհրդարանի կազմում:

-Կարեն Կարապետյանի նկատմամբ մշտապես հարգանք եմ ունեցել: Ինքներդ գիտեք, որ նա հրաժարական տվեց այլ աշխատանքի անցնելու պատճառով, ինքն է նաև այդ մասին հայտարարել, չգիտեմ: Իսկ ինչ վերաբերվում է Գագիկ Բեգլարյանին, բոլորին էլ հայտնի է, որ Գագիկ Բեգլարյանի պահով թյուրիմացություն է տեղի ունեցել, վատ բան եղավ: Դե, հիմա եղավ այն, ինչ եղավ: Բայց փառք ու պատիվ Գագիկ Բեգլարյանին, նա հաստատ «աբիժնիկ չդառավ»: Ինքը մնաց հանրապետականի կողքին: Ւնքը ապացուցեց, որ սխալ բանա արել, և նախագահը այսպիսի որոշումա կայացրել և ինքն ընդունել է ու մնացել է հանրապետականի կողքին: Ես չգիտեմ, բայց հնարավոր է, որ Գագիկ Բեգլարյանը լինի ցուցակում, չեմ կարող ասել:

-Եթե ինչպես Դուք եք ասում, ամեն ինչ այլ սցենարով ընթանա և հայտարարվի, որ կուսակցությունը նպատակահարմար չի գտել Դուք լինեք խորհրդարանում, ո՞րը կլինի Ձեր հաջորդ քայլը:

-Ուրեմ ես կուսակցական գործունեությունը կանեմ դրսից և հաստատ կմնամ անդավաճան:

-Դրանից կուսակցության համար Ձեր աշխատանքը կպասիվանա՞:

Ընդհակառակը, ավելի կակտիվանա:

Այսինքն՝ ձեզ խանգարում էր խորհրդարա՞նը:

-Գիտեք, ժամանակի առումով շատ մարդիկ չեն պատկերացնում Ֆուտբոլի ֆեդերացիայի ծանր աշխատանքը: Ես օրինակ ինչու չեմ ուզում գնալ խորհրդարան…առհասարակ ես պատվի մարդ եմ, և անհարմար եմ զգում , որ բացակայում եմ այնտեղից, որտեղ պիտի լինեմ և աշխատեմ: Թողնել ֆուտբոլը և չզբաղվել չի լինում, դրա համար էլ ես կաշխատեմ օր ու գիշեր և կանեմ երկուսն էլ սիրով՝ հակառակը չի լինում:


 

Placeholder
Ռ. Հայրապետյան. Առնետները առաջինն են փախնում տախտակամածից