Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց տիար Կեյդզի Իդեին
Հասարակություն
15:14 10/03/2012

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց տիար Կեյդզի Իդեին

Մարտի 9-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ճապոնիայի լիազոր նախարար, Ռուսաստանի Դաշնությունում Ճապոնիայի դեսպանատան առաքելության ղեկավարի տեղակալ Կեյդզի Իդեին:

Ինչպես տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձել է Հայաստանի և Ճապոնիայի միջև զարգացող համագործակցությանը տարբեր ոլորտներում: Իր խոսքում Նորին Սրբությունը ի դեմս նախարարի նաև երախտագիտություն է հայտնել Ճապոնիայի իշխանություններին և ժողովրդին` Հայաստանին ցուցաբերվող կարևոր աջակցության համար:

Հանդիպմանը Ճապոնիայի լիազոր նախարարը Նորին Սրբությանը փոխանցել է Ճապոնիայի իշխանությունների և ժողովրդի շնորհակալությունը` անցյալ տարի Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի օրերին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու և հայ ժողովրդի ցուցաբերած սրտակցության և զորակցության համար:
Նախարարն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրել է նաև Ճապոնիայում կյանքի բնականոն ընթացքի վերականգնման և ողբերգության պատճառած վնասների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող աշխատանքերը և ներկայիս իրավիճակը:

Placeholder
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց տիար Կեյդզի Իդեին