Սերժ Սարգսյան. Տնտեսական աճի նպատակադրումներից անցում տնտեսական զարգացման հայեցակարգին
Քաղաքական
13:23 10/03/2012

Սերժ Սարգսյան. Տնտեսական աճի նպատակադրումներից անցում տնտեսական զարգացման հայեցակարգին

Արտաքին տնտեսական գործոններից Հայաստանի կախվածությունը մեղմացնելու ուղին տնտեսության արդիականացումն է: Նման համոզմունք  հայտնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ 13-րդ համագումարում:

«Այո´, մենք կախված ենք համաշխարհային զարգացումներից, ինչպես և բազում երկրներ: Ավելին, մեր երկրի դեպքում էլ ուղղակի կապ կա տնտեսական աճի և արտերկրից եկող դրամական փոխանցումների մեծության միջև: Այո´, ցավոք սրտի այսօր Հայաստանում տնտեսական աճը կամ անկումը էապես արտաքին գործոնների ազդեցությունն են կրում: Ապագայում դրանից խուսափելու համար այսօր պետք է ստեղծել վաղվա տնտեսությունը, ինչը պահանջում է փոխել և արդիականացնել կառավարման ու կարգավորման մեխանիզմները»,- ասաց երկրի ղեկավարն ու հավելեց. «Մենք կարիք ունենք տնտեսական աճի նպատակադրումներից անցնել տնտեսական զարգացման հայեցակարգին: Մեզ տնտեսական աճից բացի և գուցե ավելի շատ տնտեսական զարգացում է հարկավոր: Տնտեսական աճը մեր խնդիրները չի լուծի, եթե այն չի հիմնվում տնտեսության նոր ոլորտների, գործունեության նոր տեսակների, նոր ձեռնարկությունների, նոր ապրանքների ու ծառայությունների արտադրության վրա` մանավանդ, որ էքստենսիվ զարգացման հնարավորությունները գնալով սպառվում են: Այդ գործընթացում պետք է ազատորեն ընդգրկվեն բոլոր կարող մարդիկ, և դրա համար որևէ հովանավորչության կարիք չպետք է լինի»:

«Պետությունն իր վարած քաղաքականությամբ պետք է դառնա բոլորի հովանավորը` հավասարապես:Այս գիտակցությամբ ենք մենք գնում համակարգային փոփոխությունների ու վերափոխման: Այս գործընթացը օբյեկտիվ է, անխուսափելի և վեր որևէ քաղաքական ուժի նկրտումներից: Ապագան վերափոխում ապահովող ուժինն է»,- հայտարարեց նախագահ Սարգսյանը:

Միաժամանակ նա նշեց, որ ՀՀԿ-ն ստանձնել է այդ ապագայի կերտման առաջնրդությունը. «Մեր կուսակցությունը պատմական առաքելություն է ստանձնել առաջնորդելու Հայաստանի վերափոխումը: Մենք մեծ կուսակցություն ենք, տասնյակ հազարավոր մարդիկ են մեր շարքերում: Ժամն է, որ ավելացնենք ու նորացնենք մեր որակները: Մեր գործունեության արդյունքում փոխվում է մեր հասարակությունը և երկիրը, ուստի և ինքներս պետք է կարողանանք փոխվել: Որպես ուժեղ, մեծ և ժողովրդական կուսակցություն մենք պետք է ընդունենք այս մարտահրավերը, մեր տնտեսական օրակարգում ազատորեն ընդգրկենք յուրաքանչյուր նոր նախաձեռնություն, որը բխում է մեր ազգային շահերից, մեր ժողովրդի և քաղաքացիների առօրյա խնդիրներից ու պահանջներից: Սա է մեր կուսակցության այսօրվա անելիքը»:

«Չեմ ցանկանում նսեմացնել, թերագնահատել կամ ստվերել Հայաստանում գործող որևէ ազնիվ և ազգային շահին ուղղված քաղաքական ուժի և կուսակցության գործունեություն: Ավելին, ուրախ եմ, որ մեր քաղաքական կյանքը բազմազան է: Սակայն, մեր կուսակցությունն է, որ իր կարողություններով ու հնարավորություններով ունակ է շարունակել առաջնորդել դեպի նոր տնտեսական քաղաքականություն և հարաբերություններ, դեպի նոր փոփոխություններ ու արդիականացում»,- ամփոփեց նա:

Placeholder
Սերժ Սարգսյան. Տնտեսական աճի նպատակադրումներից անցում տնտեսական զարգացման հայեցակարգին