Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Բնապահպանության նախարարը թքած ունի օրենքի վրա: 5 ամիս առաջ դիմել եմ, որ երկրորդ անգամ ջրօգտագործման ապօրինի թույլատվություն է տվել «ՎՏՎ էներջի» ՍՊԸ-ին, ընդ որում` առանց հողօգտագործման թույլտվության, բայց նախարարից առ այսօր պատասխան չեմ ստացել: Ես դիմել եմ դատարան, բայց այնտեղ գործը անընդհատ հետաձգում են»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «ԱլՌուբ» ՍՊԸ հիմնադիր Ալիկ Աբրահամյանը:
Նա ավելի քան մեկ տարի ցանկանում է Վայոց Ձորի մարզի Շատին համայնքում ՀԷԿ կառուցել: Նույն տարածքում, ինչպես պատմեց նա, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը մարզպետ Սերգեյ Բագրատյանին նույն նպատակով ջրօգտագործման թույլտվություն է տվել, ընդ որում` առանց հողօգտագործման թույլտվության, ինչը, ըստ նրա, օրենքի խախտում է:
«Վայոց Ձորի մարզի Շատին համայնքում ՀԷԿ կառուցելու համար պայմանագիր կնքեցի հողի օգտագործման համար 50 տարի շահագործման ժամկետով: Դրանից հետո դիմեցի ՀՀ բնապահպանության նախարարին, գետի ջուրը օգտագործելու համար և ստացա թույլտվություն, մնում էր գործը մտցնել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: Այդ ընթացքում, Վայոց Ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանն ասաց, որ կօգնի: Թույլտվության իմ փաթեթը նա կարճ ժամանակում փոխանցեց «ՎՏՎ Էներջի» ընկերությանը: Բայց սկզբնական իրավունքը «ԱլՌուբե ՍՊԸ-ին է պատկանում»,-ասաց բանախոսն ու նշեց, որ խնդիրը նամակներով ներկայացրել է տարբեր ատյանների, հարցը լուծում չի ստացել, դատարանն էլ «5 ամիս է` տանում, բերում է ու լուծումը չի տալիս»:
Աբրահամյանն ասաց, որ այդ տարածքում արդեն շինարարություն է ընթացել և միայն Ա. Աբրահամյանի դատարան դիմելուց հետո շինարարությունը կասեցվել է:
Ասուլիսին ներկա բնապահպանության նախարարի օգնական Կարեն Պապոյանն ասաց, որ «ՎՏՎ Էներջին» ընկերությունը տուգանվել է ապօրինի շինարարության համար: «Մենք 2 ընկերություններին տալիս ենք շահագործման հնարավորություն, նրանց նախագծերը գտնվում են բնապահպանական փորձաքննությունում»,-ասաց նա, միաժամանակ հայտարարելով, որ իր նամակին չեն պատասխանել, քանի որ գործը գտնվում է դատարանում: