Ա.Բախշյան. «Երկու հզոր գործիք գործադիրում ու օրենսդիրում, բայց երկուսն էլ չեն աշխատում»
Քաղաքական
15:38 15/03/2012

Ա.Բախշյան. «Երկու հզոր գործիք գործադիրում ու օրենսդիրում, բայց երկուսն էլ չեն աշխատում»

ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի այդ պաշտոնում վերջին կարգադրությունն այն է, որպեսզի Ազգային Ժողովում ստեղծվի աշխատանքային խումբ` Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության ինստիտուտի կայացմանը նպաստելու նպատակով: Ըստ այդ կարգադրության, որը ստորագրվել է 2011թ-ի հոկտեմբերի 28-ին, խմբում ներկայացված են վեց պատգամավորներ` ՀՀԿ-ական Արա Բաբլոյանն ու Արտակ Դավթյանը, ԲՀԿ-ական Արամ Սաֆարյանը, ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը, արդեն նախկին ՕԵԿ-ական Գագիկ Բաղդասարյանը և «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: Ի դեպ, հենց վերջինիս նամակն էլ դրդապատճառ հանդիսացավ նման աշխատանքային խմբի ստեղծմանը.

«Սույն թվականի մարտին ԱԺ բազմակուսակցական խումբը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ եղավ Նորվեգիայում` ուսումնասիրելու համար երեխաների պաշտպանության նորվեգական փորձը. այն իսկապես շատ ուսանելի է մեզ համար: Սակայն այդ այցելությունը կարելի է համարել աննպատակ, եթե մենք գործնական քայլեր չանենք այդ ուղղությամբ:
ՀՀ-ը 1992թ-ին «Երեխաների իրավունքների մասին» կոնվենցիան միջազգային պարտավորություններից առաջինն է վավերացրել և մինչ օրս չի ստեղծել նրանց իրավունքների պաշտպանության ինստիտուտը, որի մասին 2004թ. արժանացել է դիտողության:
Առաջարկում եմ ՀՀ-ում Երեխաների իրավունքների պաշտպանության ինստիտուտը կայացնելու նպատակով Ձեր հրամանով ստեղծել բազմակուսակցական պատգամավորական խումբ, որի անդամները կլինեն այդ նպատակով Նորվեգիա այցելած ԱԺ-ի բոլոր խմբակցությունները ներկայացնող պատգամավորները»,- մասնավորապես ասված էր տիկին Բախշյանի նամակում:


Բայց` այցել է հինգ ամիս, ի՞նչ ունենք այսօր, որքանո՞վ է ստեղծված աշխատանքային խումբն արդյունավետ:

«Ցավոք սրտի այդ հրամանը գրեթե անհետևանք մնաց, քանի որ անցած հինգ ամիսների ընթացքում միայն մեկ միջոցառում է տեղի ունեցել` դեկտեմբերին ԱԺ-ն ոլորտի ներկայացուցիչներին հրավիրել էր երեխաների իրավունքների պաշտպանության նվիրված խորհրդարանական լսումների: Թեև նշեմ նաև, որ հրամանը ինքը կարծես որևէ գործառույթ չէր էլ նախատեսում, քանի որ դրանում միայն նշված էին պատգամավորների անուններ: Բայց ի՞նչ պետք է անի խումբը, ինչպե՞ս աշխատի` դրա մասին որևէ խոսք չկար»,- Panorama.am-ի հետ զրույցում նշեց Ա.Բախշյանը:

Այո, Հ.Աբրահամյանն անմիջապես արձագանքել էր առաջարկին ու պատրաստակամություն հայտնել ստեղծել այդ խումբը, բայց Հ.Աբրահամյանի վերջին այդ հրամանից հետո ամեն բան կանգ առավ.

«Ամեն մի խումբ պետք է ունենա նախագահ, խմբի մեջ պետք է լինի աշխատանքի բաժանում , որպեսզի հինգ ամիս անց, օրինակ դուք, հարցնեիք յուրաքաչյուրին, թե ըստ իր գործառույթների նա ի՞նչ է արել… Իսկ այսպես ստացվում է, որ մենք հերթական ձևական բանն ենք արել` ես էլ հետը»,- նշեց նա տիկին Բախշյանը ու թերևս պատկերը փոքր-ինչ մեղմելու համար հիշատակեց այդ լսումները, բայց ավելացրեց` դա շատ քիչ ու փոքր արդյունք է:

Բայց խնդիրը միայն սա չէ: Պատգամավորի խոսքով` Հայաստանն ունի երեխաների իրավունքների ազգային հանձնաժողով, որը, սակայն, չի գործում.

«Այդ հանձնաժողովը, որը ղեկավարում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը և քարտուղարն է նախարարության Ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանը, բոլորովին չի աշխատում: Եվ սա այն դեպքում, երբ առնվազն երեք ամիսը մեկ պետք է նիստ գումարեն` գոնե քննարկելու, թե Հայաստանն ի՞նչ արդյունքներ ունի տվյալ ոլորտում: Բայց ոչ մի նման բան մենք չենք տեսնում»:

Հանձնաժողովը, ըստ «Ժառանգության» ներկայացուցչի, բացի նիստ անելուց նաև պետք է մշտադիտարկումներ անցկացնի, միջազգային պարտավորություններին համապատասխան քայլեր անի և այլն, սակայն նույնիսկ նիստ չի անում.
«2011թ-ի ընթացքում ընդամենը մեկ նիստ է գումարվել, այն էլ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի նախաձեռնությամբ »,- տեղեկացրեց Panorama.am-ի զրուցակիցը:

Այդ իսկ պատճառով հենց այս պահիս, բարձրաձայնելով առկա իրողությունը և երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի բարձիթողի վիճակը ու նաև հաշվի առնելով այն, որ Ազգային Ժողովում ստեղծվել է մի գործիք, որը կարող է, դրա ճիշտ գործարկման դեպքում, փոքր-ինչ իրավիճակը շտկել, տիկին Բախշյանն առաջարկում է աշխատացնել ԱԺ աշխատանաքային այդ խումբը և լուրջ մտորել ազգային հանձնաժողովի հետագայի մասին:

Պատգամավորը նույնիսկ պատրաստվում է համապատասխան առաջարկով դիմել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին` պաշտոնյայի ուշադրությունը սևեռելու վերը թվարկած փաստերի վրա:
 

Placeholder
Ա.Բախշյան. «Երկու հզոր գործիք գործադիրում ու օրենսդիրում, բայց երկուսն էլ չեն աշխատում»