Միջազգային աուդիտորական Բի-Դի-Օ ընկերությունը ձեռք է բերել «Ամերիա Աուդիտ»-ը
Տնտեսություն
14:42 20/03/2012

Միջազգային աուդիտորական Բի-Դի-Օ ընկերությունը ձեռք է բերել «Ամերիա Աուդիտ»-ը

Հայաստանում աուդիտորական գործունեություն ծավալելու նպատակով աշխարհի հինգերորդ խոշորագույն աուդիտորական Բի-Դի-Օ (Binder Dijker Otte & Co/BDO) ընկերությունը Հայաստանում աուդիտորական գործունեություն ծավալելու նպատակով ձեռք է բերել «Ամերիա Աուդիտ» փակ բաժնետիրական ընկերությունը:

Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բի-Դի-Օ միջազգային կապերի գծով տնօրեն Ալեքսանդր Վերենկովը, սա ընկերության առաջին ներդրումն է Հայաստանում, սակայն մտադրություն կա նոր ձեռքբերումների միջոցով ընդլայնել գործունեությունը: Ըստ Ա.Վերենկովի՝ «Բի-Դի-Օ Արմենիա» ընկերությունը նպատակ ունի աուդիտորական և խորհրդատվական որակյալ ծառայությունների մատուցմամբ նպաստել Հայաստանում գործարարության զարգացմանը, որակապես նոր մակարդակի ձևավորմանը: «Մենք հպարտ ենք, որ վերջապես Հայաստանում գտանք «Ամերիա Աուդիտ»-ի նման գործընկերոջ, որը Հայաստանի բիզնես ոլորտի առաջատարներից է»,- ասաց նա՝ հավելելով, որ այսուհետ հայկական ընկերությունները կարիք չեն ունենա բարձրակարգ աուդիտի համար դիմել արտասահմանյան կազմակերպությունների:

«Ամերիաբանկ» ՓԲԸ Զարգացման գծով տնօրեր Տիգրան Ջրբաշյանի խոսքերով՝ դեռևս 1996թ-ից Հայաստանում գործող «Ամերիա Աուդիտ» ընկերությունը ունի բարձր վարկանիշ՝ բարձրորակ աուդիտորական ծառայությունների մատուցման շնորհիվ, և այսօր արդեն նոր ապրանքանիշով Հայաստանում ներկայանալը կստեղծի բացառիկ հնարավորություն՝ հարուստ միջազգային փորձը Հայաստանում ներդնելու և ընկերության գործունեության շրջանակներն առավել ընդգծելու ուղղությամբ:

«Բի-Դի-Օ Արմենիայի» տնօրեն Արթուր Անդրեասյանն էլ նշեց, որ աշխարհի 135 երկրներում ծառայություններ մատուցող հեղինակավոր Բի-Դի-Օ ընկերությունը, մուտք գործելով Հայաստան, նոր խոսքով հանդես կգա գործարար կառույցների և անհատների գործունեության զարգացմանն ուղղված բարեփոխումների գործընթացում:

Նշվեց նաև, որ ընկերությունը 1118 գրասենյակներ ունի աշխարհի 135 երկրներում՝ 48800 աշխատակցով: 2011թ-ին Բի-Դի-Օ-ի եկամուտը կազմել է մոտ 5,6 մլրդ դոլար:

Placeholder
Միջազգային աուդիտորական Բի-Դի-Օ ընկերությունը ձեռք է բերել «Ամերիա Աուդիտ»-ը