Ս.Նիկոյանի պարզաբանումը. «Նպատակահարմար չգտա, որ դնեի քվեարկության»
Քաղաքական
16:46 20/03/2012

Ս.Նիկոյանի պարզաբանումը. «Նպատակահարմար չգտա, որ դնեի քվեարկության»

«Իսկ ո՞վ ասաց, որ օրինագիծն այսօր պետք է դներ քվեարկության»,- արձագանքելով լրագրողների հարցերին, թե ինչո՞ւ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը չդրվեց քվեարկության հակադարձեց ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը:

Նրա պարզաբանմամբ` ԱԺ նախագահը ինքն է որոշում քննարկվող ու քվեարկվող հարցերի հաջորդականությունը, իսկ կոնկրետ այս պարագայում Ս.Նիկոյանը շեշտեց. «Այս պահին նպատակահարմար չգտա, որ դնեի քվեարկության»:

«Հաշվի առնելով հնարավոր կողմ և չքվեարկող պատգամավորների թվի հարաբերակցությունը` ես այդ հարցը տեղափոխեցի այն պահի, երբ հարմար կլինի»,- ընդգծեց նա:

Այն հարցին, թե ստացվում է, որ ինքը` ԱԺ նախագահը, այդ որոշումը կայացրեց, քանի որ կոալիցիոն գործընկերները չկային և ՀՀԿ-ն կառերեսվեր օրինագծի չընդունվելու, այսինքն` տապալման հետ, Ս.Նիկոյանը նշեց, թե չի կարող ասել, որ դա հենց այդպես է, բայց չբացառեց, որ հնարավոր է հենց այդպես էլ լիներ:

Ինչ վերաբերում է այն հարցին, որ գուցե ՀՀԿ-ն  ընթացքում նաև իր դիրքորոշումը փոխի օրինագծի վերաբերյալ, ԱԺ նախագահը շեշտեց` ոչ, չի փոխվի և հավաստիացրեց, որ վաղը առավոտյան այն կդրվի քվեարկության: Այսինքն, հետաքրքրվեց Panorama.am-ը, ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը առավոտյան ներկա՞  կլինեն.

«Եվ Հանրապետականը, և ՕԵԿ-ը , և ԲՀԿ-ն…և մնացած բոլոր քաղաքական ուժերը ևս ներկա կլինեն և ով ինչպես կքվեարկի` կտեսնեք»,- հավելեց նա:

Հիշեցնենք այսօր առավոտյան ԱԺ-ում նախատեսված քվեարկությունները նախ ընդմիջվեցին, իսկ այնուհետ ԱԺ նախագահ  ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանը պարզապես հետաձգեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծի քվեարկությունը, քանի որ դահլիճում բացակայում էր ԲՀԿ և ՕԵԿ կոալիցիոն խմբակցությունների պատգամավորների մեծամասնությունը:

Placeholder