Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վաղը` ժամը 13-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կկայանա «Սովորական Ցեղասպանություն» նախագծի շրջանակում նկարահանված «Օղակ» գործողություն. ապրիլ-օգոստոս 1991» ֆիլմի առաջին` «Արցախ» կոչվող մասի շնորհանդեսը:
Հեղինակ և ստեղծագործական խմբի ղեկավար Մարինա Գրիգորյանը նշում է, որ «Օղակ» գործողությունը Ադրբեջանի իշխանությունների և խորհրդային ղեկավարության գորբաչովյան թևի կողմից Արցախի և Հայաստանի խաղաղ բնակչության դեմ պետական մակարդակով իրականացված ահաբեկչություն է։
Նրա խոսքով, 20-րդ դարի վերջին` Խորհրդային Միության խաղաղ ժամանակներում, Ադրբեջանը շարունակեց դարասկզբին Թուրքիայի որդեգրած զավթողական քաղաքականությունը, որի նպատակն էր շարունակել ընդլայնել իր տարածքը` դարեր ի վեր անընդհատ ապրող բնիկ հայ ժողովրդի տարածքները զավթելու հաշվին:
«Դա իրականացվում էր հայ ժողովրդի բնաջնջման, արտաքսման, հայրենազրկման, հայ մշակութային ժառանգության ոչնչացման կամ յուրացման միջոցով»,-հավելեց ստեղծագործական խմբի ղեկավարը:
«Օղակ» գործողության ընթացքում տեղի ունեցած իրադարձություններն իրենց արտացոլանքն են գտել միջազգային մի շարք կազմակերպությունների փաստաթղթերում, ՌԴ Գերագույն խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովում դարձել լսումների առարկա, Եվրադատարանի և ԱՄՆ Սենատի արձանագրություններում արժանացել գնահատականի։
Դեպքերի անմիջական վկա մի շարք անկախ դիտորդներ դատապարտել են հայ ժողովրդի դեմ իրականացված հրեշավոր հանցագործությունները։ «Սովորական Ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանի խոսքով, բոլոր այս նյութերը, փաստաթղթերը, ինչպես նաև արխիվային յուրահատուկ տեսագրությունները, իրադարձությունների ականատեսների հետ հարցազրույցները տեղ են գտել ֆիլմում:
«Օղակ» գործողության ընթացքում Արցախի 27 հայկական գյուղերի բնակչությունը տեղահանվել է, այդ բնակավայրերի մի մասը մինչ օրս բռնազավթված է Ադրբեջանի կողմից։ Բոլոր գյուղերում թալան է իրականացվել, մի քանիսը այրել ու հողին են հավասարեցրել, տները, գույքն ու ունեցվածքը յուրացվել են կողոպտիչների կողմից։ Սպանվել է մոտ 100 մարդ, տեղահանվել՝ գրեթե 10.000, ավելի քան 600 գերեվարվածներ բռնության ու խոշտանգումների են ենթարկվել, իսկ նրանց մի մասի ճակատագիրն առ այսօր անհայտ է:
«Օղակ» գործողություն, ապրիլ-օգոստոս 1991» ֆիլմը չորրորդ փաստավավերագրական ֆիլմն է «Սովորական ցեղասպանություն» շարքից։ Նախագիծն իրականացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը։ Դրա շրջանակում պատրաստվել են «Բաքու, հունվար 1990», «Սումգայիթ, փետրվար 1988» և «Մարաղա, 10 ապրիլի 1992» ֆիլմերը։ Բոլոր ֆիլմերը թարգմանվել են մի քանի լեզուներով, տարածվել են խտասկավառակների միջոցով, նաև համացանցում։
Նախագծի հաջորդ ֆիլմը «Օղակ» գործողության երկրորդ մասն է, որը կներկայացնի 1991թ. գարնան և ամռան ընթացքում Հայաստանի ԽՍՀ սահմանամերձ շրջաններում տեղի ունեցած իրադարձությունները։
Մարինա Գրիգորյանի խոսքով, նախագծի շրջանակում շարունակվում են նաև կայքի ստեղծման աշխատանքները, որտեղ զետեղված կլինի նախագծի ամբողջ փաստագրական բազան։ Նախատեսվում է 1988-1992թթ. իրադարձություների մասին պատմող մի շարք գրքերի, փաստաթղթերի հավաքածուների, գրքույկների հրատարակում և վերահրատարակում, որոնք ևս կթարգմանվեն մի քանի լեզուներով։
«Օղակ» գործողություն, ապրիլ-օգոստոս 1991» ֆիլմի պրեմիերան կկայանա մարտի 29-ին ժամը 00։10-ին Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերում։