Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռոբերտ Բրադկե. ԼՂ հարցում Հայաստանն ու Ադրբեջանն ավելի մոտ են, քան կարծում են
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռոբերտ Բրադկեն «Ազատություն» ռադիոկայանի կենտրոնական ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ խոսել է ԼՂ հակամարտության Մինսկի խմբի միջնորդական առաքելությունից, գնահատելով միջնորդների 20-ամյա գործունեության ձեռքբերումներն ու հակամարտության լուծման հեռանկարները:
Պատասխանելով հարցին, թե որոնք են եղել Մինսկի խմբի 20-ամյա միջնորդական գործունեության ձեռքբերումները, Բրադկեն ասել է. «Կարծում եմ, Մինսկի խումբն արձանագրել է երեք կարևոր ձեռքբերում: Առաջին հերթին, այն դարձել է որպես կայունության գործոն` թուլացնելով երկկողմ լարվածությունը...: Երկորդ ձեռքբերումը՝ դա կողմերի միջև հաղորդակցության ալիքի ձևավորումն է եղել: Կողմերը հնարավորություն չունեն անմիջականորեն խոսել միմյանց հետ և երբ մենք մեկնում ենք տարածաշրջան կամ հանդիպում ենք նախագահներին տարածաշրջանից դուրս, լսում ենք նրանց տեսակետներն ու փոխանցում հակառակ կողմին այնպես, որպեսզի դա օգնի հասկանալու փոխադարձ մոտեցումները: Երրորդ ձեռքբերումը, որը մեր միջնորդական լիազորության մասն է, այն է, որ այս ժամանակահատվածում մենք կարողացել ենք բանակցությունների համար անհրաժեշտ ընդհանուր հիմք ստեղծել: Վերջին 5 տարիների ընթացքում, մասնավորապես, մշակել ենք շրջանակային փաստաթուղթ, որը կոչվում է Հիմնարար սկզբունքներ: Ծանր աշխատանք է տարվել կողմերի հետ այս ուղղությամբ և մենք դեռևս հաջողություն չենք արձանագրել»:
Խոսելով Մինսկի խմբի գործունեության արդյունավետությունից, Բրադկեն ասել է. «Չեմ կարծում, թե խաղաղ համաձայնագրի ձեռքբերման մեր անկարողությունը կայանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի մեջ: Խնդիրն այն է, որ դեռևս առկա են բարդ հարցեր: Կողմերի միջև տարաձայնությունները մեծ են և, անկեղծ ասեմ, կա վստահության պակաս: Ձևաչափի փոփոխությունը չի լուծի առկա խնդիրներից և ոչ մեկը»,-ասել է ամերիկացի համանախագահը, ընդգծելով, թե նոր ձևաչափի վերաբերյալ հեռանկարներ գծելու և գործընթացը նորից սկսելու փոխարեն անհրաժեշտ է առաջ շարժվել ընթացիկ աշխատանքի ուղղությամբ:
Բրադկեն ընդգծել է, թե հակամարտության ստատուս քվով անընդունելի է. «Մենք չենք կարող 20 տարի հետո հետ նայել և տեսնել նույն իրավիճակն, ինչ առկա է այսօր»,- ասել է Բրադկեն ու հավելել. «Կարևոր հանգամանքներից է նաև այն, որ կողմերը, հնարավոր է, այսօր ավելի մոտ են համաձայնության հասնելուն, քան պատկերացնում են: Նրանք չեն նկատում դա վստահության բացակայության պատճառով»:
Ամերիկացի համանախագահը վերջում նշել է, թե ցանկացած խաղաղ գործընթացում սկզբունքային նշանակություն ունի այն, որ կողմերը միմյանց ընդունեն որպես գործընկերներ և հստակ պատկերացնեն, որ մի կողմը չի կարող առաջընթաց արձանագրել, մինչև չօժանդակի հակառակ կողմից նույն առաջընթացին հասնելու համար: