««Օղակ» գործողությունից հետո սկսվեց պատերազմական փուլը»…«Ինչո՞ւ ենք լռել 20 տարի»
Քաղաքական
15:39 22/03/2012

««Օղակ» գործողությունից հետո սկսվեց պատերազմական փուլը»…«Ինչո՞ւ ենք լռել 20 տարի»

««Օղակ» գործողությունը, փաստացի, Սովետական Ադրբեջանի կողմից Արցախի ու Հայաստանի խաղաղ բնակչության դեմ իրականացված վերջին հանցագործությունն էր, որից հետո սկսվեց պատերազմական փուլը: «Օղակ» օպերացիան սկսվել է 1991 թվականի ապրիլի 30-ին ու շարունակվել մինչև օգոստոսի 20-ը: Այդ օպերացիայի ժամանակ մենք ունեցել ենք հայ ժողովրդի ինքնապաշտպանության փայլուն օրինակներ»,- «Սովորական Ցեղասպանություն» նախագծի շրջանակում նկարահանված «Օղակ» գործողություն. ապրիլ-օգոստոս 1991» ֆիլմի առաջին` «Արցախ» կոչվող մասի շնորհանդեսի ժամանակ ասաց ֆիլմի հեղինակ և ստեղծագործական խմբի ղեկավար Մարինա Գրիգորյանը: Նշենք, որ նախագիծն իրականացում է ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» կողմից:

«Օղակ» գործողության ընթացքում Արցախի 27 հայկական գյուղերի բնակչությունը տեղահանվել է , այդ բնակավայրերի մի մասը մինչ օրս բռնազավթված է Ադրբեջանի կողմից։ Բոլոր գյուղերում ադրբեջանցիների կողմից թալան է իրականացվել, մի քանիսը այրել ու հողին են հավասարեցրել, տները, գույքն ու ունեցվածքը յուրացվել են ։ Ադրբեջանցիները պանել են  մոտ 100 մարդ, տեղահանել՝ գրեթե 10.000, ավելի քան 600 գերեվարվածներ բռնության ու խոշտանգումների են ենթարկվել, իսկ նրանց մի մասի ճակատագիրն առ այսօր անհայտ է:

Մ. Գրիգորյանն ասաց, որ ֆիլմում տեղ են գտել եզակի տեսակադրեր, որոնք մինչ այժմ որևէ տեղ չեն ցուցադրվել:
«Ընդհանրապես, «Օղակ» գործողության ընթացքում տեղի ունեցած իրադարձություններն իրենց արտացոլանքն են գտել միջազգային մի շարք կազմակերպությունների փաստաթղթերում, շատ են նաև արտասահմանցի ականատեսների վկայությունները: Այս ամենը հանդիսացել է ֆիլմի հիմքը»,- ասաց նա:

Ֆիլմի շնորհանդեսին ներկա էին այդ գործողությունների ականատեսներ գետաշենցի Էլմիրա Հակոբյանը, բժիշկ Գևորգ Գրիգորյանը, ովքեր ներկաներին պատմեցին իրենց հիշողություններից, տպավորություններից: Ներկա էր նաև Գետաշենի ինքնապաշտպանության հերոս, Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի կինը` Իրինա Բարսեղյան-Կրպեյանը, ով ներկայացրեց, թե ինչպես է իր ամուսինը մեկնել Արցախ, ստեղծել իր խումբը, ու զոհվել հենց «Օղակ» օպերացիայի ժամանակ:
Նախագծի համահեղինակ Լարիսա Ալավերդյանն ասաց, որ Հայաստանում հասարակության մեծ մասը հայ ժողովրդի վերջին տարիների պատմությանը անհաղորդ է մնացել:

«Դա ամենամեծ վտանգավոր ազդակն է մեր ապագայի համար: Հայտնի է, որ այն ազգը, որ չի կարողանում արժանավոր ձևով գնահատել իր անցյալը, առօրյան, վտանգված է լինում ապագայում: Սա վտանգավոր թեզ է»,- ասաց նա: Լ. Ալավերդյանի խոսքով, մինչև այժմ էլ ադրբեջանցի գործիչները բացեիբաց հայտարարում են Հարավային Կովկասը ուղղակի հայաթափելու իրենց մտադրությունների մասին:

«Տեղեկատվական այս անզուսպ պատերազմի ժամանակ գոնե մենք մեր խոսքը պետք է գտնենք ու ասենք: Այդ նպատակին կարող են ծառայել հենց նմանատիպ ֆիլմերը»,- նշեց նա ու հարցադրում արեց` «Ինչո՞ւ ենք լռել 20 տարի»:

Իր իսկ հարցին հետևեց պատասխանը. «Ցավոք սրտի, նախկինում քաղաքական ուժերը ոչ միայն չեն անդրադարձել, նույնիսկ, կարծես, խոչընդոտում էին այս հարցերի բարձրաձայնմանը: Պետք է օգտվենք այս պահից, հնարավարությունից ու բարձրաձայնենք` աշխարհին ներկայացնելով ճշմարտությունը»:

«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» տնօրեն Արա Սաղաթելյանն ասաց, որ վերջին մի քանի տարվա ընթացքում կարողացել են ստեղծել վավերագրական ֆիլմերի մի ամբողջ շարք, որը ներկայացնում է ղարաբաղյան հակամարտության հետ և դրան զուգահեռ ընթացող ու ընթացած գործընթացների հետ կապված փաստագրական նյութեր:
«Այս ֆիլմերը համարում եմ շատ կարևոր կրթական տեսանկյունից, դրանք նաև հիմք են ստեղծում ինչպես մեր` այլ երկրներում դիվանագիտական ներկայացուցչությունների պատճաշ աշխատանքի համար հայության դիրքորոշումը քարոզելիս ու ներկայացնելիս, այնպես էլ հասարակական կառույցների` այլ երկրներում ու անտեղյալ շրջանակներում մեր դիրքորոշումներն ու ճշմարտությունը ներկայացնելու ընթացքում: Մենք կշարունակենք աշխատանքները այս ֆիլմերի թարգամանություններ, տարածման ուղղությամբ»,- ասաց Ա. Սաղաթելյանը:

Նշենք, որ «Օղակ» գործողություն, ապրիլ-օգոստոս 1991» ֆիլմը չորրորդ փաստավավերագրական ֆիլմն է «Սովորական ցեղասպանություն» շարքից։ Նախագիծն իրականացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը։ Դրա շրջանակում պատրաստվել են «Բաքու, հունվար 1990», «Սումգայիթ, փետրվար 1988» և «Մարաղա, 10 ապրիլի 1992» ֆիլմերը։ Բոլոր ֆիլմերը թարգմանվել են մի քանի լեզուներով, տարածվել են խտասկավառակների միջոցով, դրանք կան նաև համացանցում։ Նախագծի հաջորդ ֆիլմը «Օղակ» գործողության երկրորդ մասն է, որը կներկայացնի 1991թ. գարնան և ամռան ընթացքում Հայաստանի ԽՍՀ սահմանամերձ շրջաններում տեղի ունեցած իրադարձությունները։

«Օղակ» գործողություն, ապրիլ-օգոստոս 1991» ֆիլմի պրեմիերան կկայանա մարտի 29-ին ժամը 00։10-ին Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերում։

 

 
 

Placeholder
««Օղակ» գործողությունից հետո սկսվեց պատերազմական փուլը»…«Ինչո՞ւ ենք լռել 20 տարի»