Միջազգային մամուլը շարունակում է անդրադառնալ Ադրբեջանում խոսքի ազատության վիճակին
Իրավունք
14:12 03/04/2012

Միջազգային մամուլը շարունակում է անդրադառնալ Ադրբեջանում խոսքի ազատության վիճակին

«Եվրատեսիլ 2012» երգի մրցույթին ընդառաջ միջազգային մամուլը շարունակում է հետևողականորեն անդրադառնալ Ադրբեջանում մարդու իրավունքների և հատկապես խոսքի ազատության հիմնախնդիրներին: Նախօրեին հերթական հրապարակումն այս թեմայով տեղ է գտել գերմանական հայտնի «Շպիգել» (Spiegel) ամսագրում:
Պարբերականի աշխատակից Անեթ Լանգերի (Annette Langer) հոդվածը նվիրված է Ադրբեջանում «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթի նախօրեին լրագրողների հանդեպ բռնաճնշումներին:

«Ադրբեջանում լրագրողների մեծ մասը հաճախ կտտանքների է ենթարկվում, հաճախ նաև` ծեծի: Նրանց վերաբերյալ նույնիսկ «ինտիմ բնույթի» լուսանկարներ են արվում: Ադրբեջանում շատ ռիսկեր կան լրագրողների համար: «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթի նախօրեին Բաքվի բռնատիրական իշխանության կողմից ճնշումների թուլացման հարցում ոչ մի ազդակ չի նկատվում: Իսկ ընդդիմությունը հայտարարում է, որ օտարեկրյա լրագրողները պետք է դրա մասին տեղյակ լինեն»,- գրում է Անեթ Լանգերը:
Հոդվածում նա վկայակոչում է հետևյալ փաստը. «Մարտի 7-ին «Ազատություն» ռ/կ-ի թղթակից Հադիջա Իսմայիլովան անանուն մի նամակ է ստացել` ինտիմ բնույթի 6 նկարներով: Արդեն մեկ շաբաթ անց լրագրողի ինտիմ նկարները հայտնվել են ինտերնետում»:

Հեղինակի ներկայացմամբ, թեև Իսմայիլովան բողոքել է իր անձնական կյանք ներխուժելու համար, սակայն նշել է, որ ադրբեջանական արդարադատություն ակնկալիքներ չունի, քանի որ «Ադրբեջանի դատարանները քաղաքական որոշում են կայացնելու»: Նա նշել է, որ դիմելու է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան:
Հոդվածագիրը նշում է, որ Իսմայիլովան տարբեր հետաքննություններ է կատարել և իր հրապարակումներով բացահայտել, թե ինչպես են նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի անդամները յուրացնում պետական ունեցվածքը:

Մեկ այլ լրագրող` «Ազադլիգ» թերթի խմբագիր Վիդադի Մամեդովը գերմանացի լրագրողին պատմել է. «Մենք լրագրողներ չենք, մենք պարտիզաններ ենք: Մենք գիտենք, որ մեզ կձերբակալեն, շանտաժի, ծեծի կենթարկեն կամ էլ կսպանեն: Բայց մենք պայքարում ենք մամուլի ազատության համար: Մենք հավատում ենք, որ դա մեր պարտականությունն է»:

«Տեղի չենք տա» խորագրի ներքո պարբերականը նաև նշում է. «21-ամյա բլոգեր, քաղաքական ակտիվիստ Ջաբբար Սավալանին 2011 թվականին անազատության է դատապարտվել թմրանյութեր օգտագործելու շինծու մեղադրանքով և ազատազրկվել է 2.5 տարով: Սակայն Եվրախորհրդարանի և մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, այդ թվում Amnesty İnternational-ի կողմից ճնշումներ գործադրվեցին Ադրբեջանի իշխանությունների վրա և նրանք ստիպված նրան 2011թ դեկտեմբերին ազատ արձակեցին»:

Ըստ պարբերականի՝ ձերբակալությունը զարմանալի չէ, քանի որ Սավալանին քննադատական հոդված է տպագրել Ալիևների կլանի մասին:
«Բանտախցում անցկացրած ժամանակն ինձ ավելի ուժեղ դարձրեց: Ես ցանկանում եմ, որ մեր ժողովուրդը արթնանա, հասկանա իր իրավունքները և պայքարի դրանց համար»,- «Շպիգել»-ին ասել է ադրբեջանցի բլոգերը, իսկ լրագրող Իսմայիլովան վստահեցրել է, որ ինքը նույնպես տեղի չի տալու. «Իմ բարկությունն ավելի մեծ է, քան իմ վախը»:

Placeholder
Միջազգային մամուլը շարունակում է անդրադառնալ Ադրբեջանում խոսքի ազատության վիճակին