Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ա. Զաքարյան. Ալիևի կլանից բացի ԼՂ կոնֆլիկտը կամ պատերազմը ոչ մեկին չի հետաքրքրում
Ապրիլի 1-4-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայացավ «Եվրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստը, որի աշխատանքներին մասնակցում էր նաև հայկական պատվիրակությունը: Եթե ԽՎ-ի առաջին օրն անցավ հանգիստ մթնոլորոտւմ, ապա ապրիլի 2-ին, «Եվրանեսթի» ԽՎ-ի նիստում հնչած Ալիևի կոշտ ելույթից հետո ընդհանուր մթնոլորտը շիկացավ: Ադրբեջանի նախագահի ելույթի, ԽՎ-ում իրականացված աշխատանքների և մի շարք այլ հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցեց «Եվրանեսթ»-ի սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի համանախագահ Արտակ Զաքարյանի հետ:
Երբ նախորդ տարի սեպտեմբերի 14-ին Ստրասբուրգում անցկացված Եվրոնեսթի առաջին լիագումար նիստում բանակցվում էր, հաջորդ նիստը Բաքվում անցկացնելու հարցը`մենք հատուկ նամակով տեղեկացրեցինք, որ այն ծառայելու է Ադրբեջանի հակահայ քարոզչությանն ու օգտագործվելու է ոչ կառուցողական նպատակներով: Հետագայում երբ հստակեցվեցին ժամկետները, Բաքվի լիագումարին առանձնապես դեմ չէինք, քանի որ մտածում էինք, որ չընդդիմանանք այդ առաջարկին, որովհետև հաշվարկում էինք, որ միևնույն է մեզ մոտ նախընտրական շրջան է լինելու և մեզ համար միևնույն էր, թե որտեղ կանցկացվեր նիստի աշխատանքները, որին մենք այսպես թե այնպես չէինք կարող մասնակցել: Հետագայում, երբ արդեն պատրաստվում էին Եվրանեսթ ԽՎ չորս հանձնաժողովների առաջին զեկույցները /որից մեկի համահեղինակը ես եմ/ և նաև ստացվեցին եվրախորհրդարանի պատգամավորների ու արևելյան պատվիրակությունների առաջարկները, արդեն պարզ դարձավ, որ ադրբեջանական կողմը, որոշ դեպքերում ուղիղ, որոշ դեպքերում էլ միջնորդավորված լոբբիստների միջոցով պաշտոնական առաջարկներ է ներկայացնում զեկույցներում ներառելու համար, որոնք դեմ են հայկական շահերին և դիրքորոշումներին: Մասնավորապես իմ կողմից պատրաստած և Եվրանեսթի Երևանյան նիստում քննարկված զեկույցի նախագծում, նիստից մի քանի օր հետո ադրբեջանական կողմը չորս անընդունելի առաջարկներ էր արել, որոնցից մեկում կրկին անգամ փորձում էին հիմնավորել և ամրագրել տարածքային ամբողջականության կարևորությունը, կոնֆլիկտների կարգավորման գործում քաղաքացիական հասարակության ինստիտուտների ներգրավվումը, փախստականների, ներքին տեղահանվածների սոցիալական խնդիրների կապը չլուծված կոֆլիկտի հետ, ժողովրդավարության դիֆիցիտի ու կոնֆլիկտի միջև կապը և այլն: Իմ զեկույցի վերաբերյալ ընդհանուր առմամբ արվել էր 55 առաջարկներ, որոնցից 8–ը ադրբեջանական կողմից` մյուսները Եվրախորհրդարանի պատգամավորների կողմից: Որոշ անընդունելի ձևակերպումներ կային նաև մյուս երեք զեկույցների նախագծերում, որոնք Վահան Հովհաննիսյանի, Ստեփան Սաֆարյաին և իմ կողմից անցկացված տարբեր ձևաչափերով բանակցություններից հետո, Ստրասբուրգում, Բրյուսելում և Թիֆլիսում ձեռք էր բերվել նախնական համաձայնություններ կոմպրոմիսային ձևակերպումների շուրջ: Մեր պատվիրակության կողմից ևս ներկայացվել էին առաջարկներ, որոնցից մեկը հանվեց, իսկ մյուսներն ամբողջությամբ մտցվեցին էներգետիկ հանձնաժողովի, տնտեսական ինտեգրման հանձնաժողովի և քաղաքական հարցերի հանձնաժողովի զեկույցների նախագծերում:
-Ավելի վաղ տեղեկություններ էր տարածվել, որ ամենայն հավանականությամբ հայկական պատվիրակությունը չի մեկնելու Բաքու, ինչո՞ւ այնուամենայնիվ մեկնեցիք:
Երևանում Եվրանեսթի ԽՎ սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի նիստն անցկացնելուց հետո և նաև դատելով ստացված առաջարկություններից մեզ համար պարզ դարձավ, որ անկախ պատվիրակության քանակից, անհրաժեշտ էր մեկնել Բաքու և տեղում կոմիտեների նիստերի և լիագումարի ընթացքում պայքարել, որպեսզի չընդունվեն այնպիսի բանաձեր ու զեկույցներ, որտեղ տեղ գտնեն մեր շահերին դեմ ձևակերպումներ: Եվրոպայի Ժողովրդական կուսակցության եվրախորհրդարանի պատգամավորների հետ համագործակցաբար, ինչպես նաև ադրբեջանցի պատգամավորների հետ բանակցություններով հնարավոր եղավ իմ հեղինակած զեկույցից ընդհանրապես դուրս բերել մեզ համար անընդունելի կամ անցանկալի բոլոր 4 առաջարկները, որոնք արվել էին ադրբեջանցիների կողմից և դա արվեց Բաքվում: Ադրբեջանցի պատգամավոր Ազայ Գուլիևը վերջին պահին խոստացավ ինձ հանձնաժաղովի նիստում հանել իրենց առաջարկները` և իր խոստմանը համաձայն, անձամբ հայտարարեց, որ Ադրբեջանի պատվիրակությունը պաշտոնապես հանում են իր 4 առաջարկությունները` թիվ 41, 43, 44 և 45-ը: Հաջորդ օրը` ապրիլի 3-ին լիագումար նիստում զեկույցի նախագծի վերաբերյալ ելույթ ունեցած պատգամավորներից բոլորը միաձայն պաշտպանում էին զեկույցի դրույթները և կարևորում էին քաղաքացիական հասարակության կայացման, տեղեկատվության ազատության, հանդուրժողականության, փոխվստահության, ժողովրդավարության, արդյունավետ կառավարման, կոռուպցիայի ու կամայականությունների դեմ պայքարի, երիտասարդության սոցիալական հիմնախնդիրների, կանանց իրավահավասարության և այլ հիմնախնդիրների վերաբերյալ արևելյան գործընկերության ուշադրությունը, որոնք արտահայտված են զեկույցում: Արդյունքում զեկույցը դրվեց քվեարկության և ստանալով 72 կողմ 1 դեմ և 0 ձեռնպահ հաստատվեց: Դա Եվրանեսթի ԽՎ առաջին չորս զեկույցներից մեկն էր և ես որպես հեղինակ իհարկե մեծ պատիվ ու ձեռքբերում եմ համարում այն ոչ միայն իմ այլ նաև մեր պատվիրակության համար:
Որպես հանձնաժողովի համանախագահ, եվրոպական համանախագահի հետ միասին որոշել էինք կոմիտեի նիստում որպես զեկուցողներ հրավիրել նաև Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սուլեյմանովային, կրթության նախարար Մարդանովին, Երտասարդության հարցերով փոխնախարար Բաբաևին, Տուրիզմի նախարար Գարաևին, Հասարակական ակտիվ կազմակերպությունների ղեկավարների: Լայն և հետաքրքիր քննարկում ծավալվեց Ադրբեջանի կրթական համակարգի վերաբերյալ, որտեղ քննադատության արժանացավ այն հանգամանքը, որ ադրբեջանական դպրոցական դասագրքերում հակահայկական քարոզչություն է սերմանվում: Նշվեց նաև, որ կեղծվում է ադրբեջանական պատմությունը, ինչպես նշեց ՀԿ-ներից մեկի ղեկավար Յունուսը` ադրբեջանցի երեխան Ալիևների ընտանիքի պատմություն ավելի լավ գիտի քան իր ժողովրդի պատմությունը: Խոսվեց նաև Անդրկովկասի պատմության դասագիրք ստեղծելու անհրաժեշտության մասին: Այնուհետև հանձնաժողովում քննադատության թիրախ դարձավ Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակը: Մեկ այլ ՀԿ ղեկավար բացահայտ քննադատելով Ադրբեջանի իշխանությունների հակաժողովրդավարական քաղաքականությունը նշեց, որ ընդհանրապես վտանգված են մարդկանց իրավական պաշտպանվածության տարրական հնարավորությունները, ինչին բնականաբար հակադրվում էր Ադրբեջանի ՄԻՊ-ը: Հետագայում բանավեճը նույնիսկ հասավ նրան, որ ՄԻՊ-ը անդրադառնալով ՀԿ ղեկավարներից մեկին, ով արդեն լքել էր դահլիճը, նշեց, որ ինքն ափսոսում է, որ ընդհանրապես այդ ՀԿ ղեկավարն աշխարհ է եկել: Հանձնաժողովի անդամ նիստին ներկա 25 պատգամավորների համար այս պատասխանը նույնիսկ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի պարագայում անսպասելի պատասխան էր: Հետագայում եվրոպացի պատգամավորներից մեկի միջոցով ինձ է փոխանցվում Ադրբեջանի ՀԿ-ներից մեկի ղեկավարի կողմից ստորագրված մի նամակ /անունը չեմ ցանկանում հրապարակել, որովհետև վստահ չեմ, որ հետագայում այդ կազմակերպությունը խնդիրներ չի ունենա/, որում խոսվում է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար ստեղծված արհեստական խոչընդոտների մասին: Հանձնաժողովի հայկական կողմի անդամ Արամ Սաֆարյանի` կրթության նախարար Մարդանովին ուղղված հարցը ևս լուրջ մտահոգություն առաջացրեց եվրախորհրդարանի պատգամավորների մոտ: Այն վերաբերվում էր ադրբեջանական դասագրքերում տպագրվող հակահայկական քարոզչության որոշ օրինակների, ինչը բնականաբար նախարարի կողմից ծածկելու փորձեր արվեց: Այդ քննարկումը բերեց նրան, որ իմ և եվրոպացի համանախագահի կողմից առաջարկվեց հետագայում հանձնաժողովում առանձին զեկույցի և քննարկման թեմա դարձնել արևելյան գործընկերության երկրներում մի շարք առարկաների դասագրքերում տեղ գտնող անհանդուրժողականության, աղավաղումների և հակաքարոզչություն հանդիսացող նյութերի մասին ուսումնասիրությունները: Հանձնաժողովի նիստում որոշեցինք նաև այս տարվա աշնանը արևելյան գործընկերն երկրներից մեկում` հանձնաժողովի հովանու ներքո կազմակերպել երիտասարդական կազմակերպությունների ֆորում, ինչպես նաև առաջիկա ամիսներին Բրյուսելում կազմակերպել արևելյան գործընկեր երկրների «Կինոնկարների շաբաթ»: Բնականաբար հանձնաժողովի նիստում ադրբեջանցի նախարարներն ու պաշտոնյաները փորձում էին իրենց ժողովրդավարական ու սոցիալական մեղքերը բարդել ղարաբաղյան կոնֆլիկտի վրա, սակայն որպես նախագահող ես կանխում էին նմանատիպ ելույթները`թույլ չտալով անդրադառնալ կոնֆլիկտին ընդհանրապես:
-Ինչպես հայտնի է ԽՎ-ի նիստում ելույթով հանդես եկավ Ադրբեջանի նախագահը, ում ելույթը, որը հարուստ էր հայկական կողմին ուղղված մեղադրանքներով, մեծ աղմուկ է բարձրացրել…
Եվրանեսթի ԽՎ լիագումար նիստում, ինչպես և կանխատեսվում էր Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևն իր ելույթում լայնածավալ ապատեղեկատվություն տարածելով`հակահայկական քարոզչություն իրականացրեց, որում տեղ գտած որոշ որակումներ անկեղծ ասած ես առաջին անգամն էի լսում: Ըստ Ալիևի, լիագումար նիստը երևի լավ հնարավորություն էր հայերի և մյուսների ներկայությամբ խոսելու կոնֆլիկտի մասին: Նրա ելույթը նման էր ատելության ելույթի: Եվ տպավորությունն այնպիսին էր, որ եվրոպացիներին բողոքում է թե որքան խեղճ ու անօգնական են իրենք, և որքան վայրագ ու անարդար են հայերը: Իհարկե շատ ծանր էր նստած մնալ ու լսել թե ինչպես են այդ բարձր ամբիոնից քեզ անողոքաբար քննադատում, բարձրաձայն հնչեցնելով աշխարհի երևի ամենամեծ կեղծիքներն ու ապատեղեկատվությունները: Ինձ օկուպանտ շատ են անվանել, բայց ֆաշիստ, մանկասպան ու վայրագ չէին անվանել:
-Իսկ ինչպիսին էր եվրոպացի պատգամավորների արձագանքը:
Ընդմիջման ընթացքում պարզվեց, որ Ալիևի ելույթը դժգոհություն է առաջացրել նաև շատ եվրոպացի ու արևելյան գործընկեր երկրների պատգամավորների մոտ:
-Իսկ հնարավորություն ստեղծվե՞ց, որպեսզի հայկական պատվիրակությունը հակադարձեր այդ ելույթին:
Ընդմիջումից հետո, մեր պատվիրակությունը տարածեց հայտարարություն և պատվիրակության ղեկավարն օգտագործելով իր` վարման կարգի վերաբերյալ խոսելու իրավունքը` հակադարձեց Ալիևի ելույթին: Այնուհետև զեկույցների քննարկման ժամանակ պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանը, Ստեփան Սաֆարյանը և Նաիրա Զոհրաբյանը տեղերից ևս անդրադարձ կատարեցին Ալիևի ելույթին: Դրանից հետո արդեն ամբիոնից, օգտագորցելով իմ զեկույցը ներկայացնելու խոսքի իրավունքը, զեկույցի ներկայացման հետ միասին, քննադատության ենթարկեցի կեղծիքի ու ապատեղեկատվության տարածման, ատելության ու անհանդուրժողականության, հակաքարոզչության, արևելյան գործընկերւթյան նպատակների և հասարակությունների միջև փոխվստահության մթնոլորտի կերպմանը խոչընդոտելուն ուղղված գործողություններն ու հռետորաբանությունը:
-Պարոն Զաքարյան, իսկ ինչպիսի՞ վարքագիծ էին դրսևորում ադրբեջանցի խորհրդարանականներն իրենց նախագահի ելույթից հետո, արդյո՞ք նրանք չէին փորձում «զարգացնել» իրենց ղեկավարի ելույթը:
Նույնիսկ տարօրինակ չէր այն հանգամանքը, որ ադրբեջանցի պատգամավորները, որոնք նստած էին մեր կողքին գրեթե փորձեր չարեցին իրենց նախագահին պաշտպանելու մեր ելույթներից: Ընդհանրապես այս երեք օրերի ընթացքում լինելով Բաքվում ինձ մոտ տպավորությունն այնպիսին էր, որ հասարակությունը և նրա շարքային ներկայացուցիչները եթե չգտնվեն ամենօրյա հակաքարոզչության մթնոլորտում, շատ արագ կհաշտվեն ու կգիտակցեն այն իրականությունը, որ ազատության ու ինքնորոշման իրավունքը անբեկանելի է: Ակնհայտ երևում է, ու մարդիկ, այդ թվում նաև պատգամավորները, ում հետ հետաքրքիր զրույցներ ու քննարկումներ ենք ծավալել նաև ոչ ֆորմալ մակարդակներում, բնականաբար չեն ցանկանում և նրանցից որևէ մեկը չասաց, որ իրենք պատերազմով կգրավեն Ղարաբաղը: Չասացին, որ հայերը մեր թշնամիներն են, այլ ընդհակառակը: Ամեն ինչ անում էին, որպեսզի մենք մեզ լավ և անկաշկանդ զգանք, և դա ոչ թե որովհետև այդպես հրամայված էր, կամ, որ արարողակարգով այդպես է, ո’չ մարդիկ ուղակի գիտակցում են պատերազմից խուսափելու անհրաժեշտությունը: Նրանք մեկ անգամ արդեն ճաշակել են դառնությունը, նրանք մեկ անգամ արդեն կորցրել են անհեռատես քաղաքականության պատճառով և չեն ուզում նույն վիճակում հայտնվեն երկրորդ անգամ: Պատերազմից հետո առաջին անգամ լինելով Բաքվում, շփվելով մարդկանց հետ ես համոզվեցի, որ բացի Ալիևների կլանից ու էլի երևի ինչ-որ մարդկանցից, մյուսներին ղարաբաղյան կոնֆլիկտն ու պատերազմը ուղակի չի հետաքրքրում: Դրա համար էլ իրականացվում է Ադրբեջանի ներքին և արտաքին հակահայ հիստերիկ քաղաքականությունը, որպեսզի պահպանեն և իշխանությունը և միջսզգային հանրության հետ խոսելու հնարավորությունները: Սակայն կյանքը ցույց է տալիս, որ թե միջազգային հանրության ներկայացուցիչներին և թե ադրբեջանցի քաղաքացիների մեծ մասին այդ քարոզչությունն այլևս չի գրավում: Դա ապացուցվեց նաև Եվրոնեսթի ԽՎ-ում: Եվրոպատգամավորների ճնշող մեծամասնությունը, նույնիսկ ադրբեջանական բացահայտ լոբբիստները, մոտենում էին մեր պատգամավորներին ու իրենց բարոյական աջակցությունն էին հայտնում, նշելով որ Ալիևը փչացրեց բոլորի տպավորությունը Բաքվի լիագումարից, միաժամանակ նշելով նաև մեր պատվիրակության արժանապատիվ կեցվածքն ու չափի ու բանականության մեջ արժանի պատասխանները: