Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Եթե Գյումրիում կատարվածը ընտրությունների հետ կապ ունենա, իրավական հստակ որակում կտրվի. Դատախազի տեղակալ
Եթե պարզվի, որ Գյումրիում կատարված խուլիգանությունը առնչություն ունի ընտրությունների հետ, ապա համապատասխան իրավական որակում կստանա: Այսօր այդ մասին դատախազությունում տեղի ունեցած քննարկման ժամանակ հայտարարեց Գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը:
«Գյումրիում խուլիգանության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կողմերը դեռևս չկան, հայտնաբերելու դեպքում, եթե պարզվի, որ դա առնչություն ունի ընտրությունների, համապատասխան որակումներ կստանա», -հայտարարեց Թամազյանը` ընդգծելով, որ մինչև արարքի շարժառիթը չբացահայտվի, իրավապահ մարմինները չեն կարող կատարվածին քրեաիրավական գնահատական տալ:
Panorama.am-ը տեղեկացրել էր, որ մարտի 30-ին ժամը 13:00-ի սահմաններում Գյումրու Արամ Սարգսյանի անվան մարզադպրոցում կատարված խուլիգանության փաստի առթիվ մարտի 31-ին քրեական գործ է հարուցվել ՀՀ Քր. Օր.-ի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով` «խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից»:
Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ պարզվել է Գյումրիում մարտի 30-ին տեղի ունեցած միջադեպին մասնակցած որոշ մարդկանց ինքնությունը: Սակայն անուններ չեն հրապարակել` նշելով, որ ձեռնարկվում են միջոցառումներ մյուսներին հայտնաբերելու, ինչպես նաև մասնակից բոլոր անձանց ինքնությունը և արարքների դրդապատճառները պարզելու ուղղությամբ:
Մասնավորապես, վկայակոչելով ոստիկանությանը, նշել էինք, որ մարտի 30-ին քննչական գործողություններ են կատարվել, որի շրջանակներում դեպքի վայր զննության արդյունքում առգրավվել են արնանման հեղուկի հետքեր, վնասված գույք: Հարցաքննվել է նաև մարզադպրոցի աշխատակցուհին, դեպքի ականատեսները, Գյումրու Մսի կոմբինատի թաղամասի (այստեղ է գտնվում մարզադպրոցը-թղթ.) բնակիչները: Լրացուցիչ զննվել է նաև մարզադպրոցը, ինպես նաև Գյումրու Լիսինյան փողոցի թիվ 10 շենքի դիմացի տարածքը ու շենքի տակ գտնվող մթերային խանութը:
Վերջին օրերին մամուլն անդրադարձել էր Գյումրիում տեղի ունեցած այս միջադեպին և դա դիտարկել նախընտրական զարգացումների համատեքստում: Մասնավորապես, «Հրապարակ» թերթը գրել էր, որ բախում է տեղի ունեցել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և թիվ 34 ընտրատարածքում մեծամասնականով «Բարգավաճ Հայաստան»-ի կողմից առաջադրված թեկնածու Մարտուն Գրիգորյանի կողմնակիցների միջև: