Հայաստանը ցանցային պատրաստվածությամբ աշխարհում բարելավել է իր դիրքը 15 տեղով
Տնտեսություն
19:27 04/04/2012

Հայաստանը ցանցային պատրաստվածությամբ աշխարհում բարելավել է իր դիրքը 15 տեղով

«Տնտեսություն և արժեքներե հետազոտական կենտրոնը` որպես Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) Համաշխարհային մրցունակության կենտրոնի գործընկեր կազմակերպություն Հայաստանում, ներկայացնում է ՀՏՖ կողմից հրապարակվող «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային զեկույց 2012ե-ի հիմնական արդյունքները:

Կենտրոնի ներկայացմամբ, զեկույցի հիմքում ընկած է ցանցային պատրաստվածության համաթիվը, որը ցույց է տալիս երկրների տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների զարգացումներին մասնակցելու և դրանցից օգտվելու պատրաստվածության աստիճանը, ինչն էլ նպաստում է մրցունակության բարձրացմանը:

Այս տարի զեկույցը գնահատել է աշխարհում 142 տնտեսությունների ՏՏ մրցունակությունը՝ ընդգրկված երկրների քանակն ավելացնելով չորսով: Երկամյա վերանայման արդյունքում ցանցային պատրաստվածության համաթիվը կրել է որոշակի մեթոդաբանական փոփոխություններ. համաթվին ավելացել է ևս մեկ ազդեցության բաղադրիչ: Վերջինս գնահատում է ՏՀՏ ոլորտից բխող համընդհանուր այն տնտեսական և սոցիալական ազդեցությունները, որոնք խթանում են մրցունակության և բարեկեցության բարձրացումը:

ՀՏՖ-ի գնահատականներով Շվեդիան, Սինգապուրը և Ֆինլանդիան շարունակում են առաջատար դիրքեր զբաղեցնել ցանցային պատրաստվածության վարկանիշով՝ բարելավելով իրենց գնահատականը նախորդ տարվա համեմատ: Էական բարելավում են արձանագրել Նիդեռլանդները և Մեծ Բրիտանիան՝ առաջադիմելով 5 հորիզոնականով և հայտնվելով համապատասխանաբար 6-րդ և 10-րդ դիրքերում: Վարկանիշային առաջին հնգյակը եզրափակում են Դանիան և Շվեյցարիան (համապատասխանաբար 4-րդ և 5-րդ դիրքերով), մինչդեռ ԱՄՆ-ը զիջել է իր դիրքերը՝ 5-րդից հայտնվելով 8-րդ դիրքում:

Աղբյուրի փոխանցմամբ, Հայաստանը ցանցային պատրաստվածության ցուցիչով աշխարհում 94- րդն է 142 երկրների շարքում՝ նախորդ տարվա համեմատությամբ 15 տեղով իր դիրքի բարելավման և ընդհանուր միավորի 8%-անոց աճի շնորհիվ:
Ընդհանուր առմամբ, նախորդ տարվա համեմատ աճ է գրանցվել համաթվի 3 բաղադրիչների գծով (ազդեցության բաղադրիչը նոր է): Էական բարելավում է գրանցվել հատկապես oգտագործման բաղադրիչում (+22 կետ):

ԱՊՀ երկրների շրջանում ցանցային պատրաստվածության ցուցանիշով Հայաստանը ընդգրկվել է ամենաբարձր աճ գրանցած եռյակի թվում՝ թեև շարունակում է զիջել երկրների մեծ մասին: Նշված համադրելի երկրների շարքում ընդհանուր ցուցանիշի դրական տեղաշարժ են արձանագրել գրեթե բոլոր երկրները՝ բացառությամբ Տաջիկստանի: Առավել էական բարելավում է արձանագրվել հատկապես Ռուսաստանում: Հարևան Վրաստանն ու Ադրբեջանը նույնպես բարելավել են իրենց
դիրքերը և շարունակում են Հայաստանից առաջ գտնվել (համապատասխանաբար 6 և 39 հորիզոնականով), թեև Վրաստանի հետ տարբերությունը կրճատվել է:

Կենտրոնի գնահատմամբ, ընդհանուր առմամբ, Հայաստանի դիրքերը համահունչ են ցածրից միջին եկամուտներ ունեցող երկրների արդյունքներին, բացառությամբ անհատների օգտագործման և հմտությունների հենասյուների, որտեղ Հայաստանը առավել բարձր դիրքեր ունի այդ երկրների խմբի համեմատ:

Հայաստանը հիմնականում բարելավել է դիրքերն անհատների օգտագործման հենասյունով, մասնավորապես բջջային կապի բաժանորդագրությամբ: Գործարար ոլորտի գնահատականն այս բնագավառում ավելի հետ է անհատներից: Մասնավորապես, ինտերնետի և բջջային կապի օգտագործման, ինչպես նաև տեխնոլոգիական հագեցվածության մակարդակով Հայաստանյան ընկերությունները զիջում են: Երկրի հիմնական ուժեղ կողմերից են նաև ձեռնարկությունների գրանցման հետ կապված հիմնական գործընթացների դյուրինությունը, ինչն ապահովում է ոլորտի զարգացման ենթակառուցվածքային գնահատականների բարձրացումը: Բացի այդ, հեռահաղորդակցության ոլորտի ինտենսիվ մրցակցությամբ պայմանավորված արագընթաց զարգացումները խթանեցին Հայաստանի մրցունակությունն այս բնագավառում:
Ամենախնդրահարույց ոլորտներից են քաղաքականության և կարգավորման միջավայրը, ՏՀՏ-ների օգտագործման սոցիալական ազդեցությունը, բիզնեսի կողմից օգտագործումը և մատչելիությունը:


 

Placeholder
Հայաստանը ցանցային պատրաստվածությամբ աշխարհում բարելավել է իր դիրքը 15 տեղով