Խ. Հարությունյան. Գալիք խորհրդարանական ընտրություններն վճռորոշ կլինեն ՀՀ հետագա զարգացման համար
Քաղաքական
20:39 04/04/2012

Խ. Հարությունյան. Գալիք խորհրդարանական ընտրություններն վճռորոշ կլինեն ՀՀ հետագա զարգացման համար

Հայաստանում նախընտրական վերջին զարգացումների վերաբերյալ Panorama.am-ը զրուցեց Հայաստանի քրիստոնեադեմոկրատական միության ղեկավար Խոսրով Հարությունյանի հետ:

-Պրն. Հարությունյան, չնայած նրան, որ Հայաստանում նախընտրական քարոզարշավը դեռևս պաշտոնապես չի մեկնարկել, այնուամենայնիվ, ակնառու է, որ երկրում ընթանում են ակտիվ նախընտրական գործընթացներ: Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն է նախընտրական իրավիճակը Հայաստանում:
-Իմ խորին համոզմամբ, հանրությանը ապրում է նախընտրական շրջանին բնորոշ կյանքով: Հանրությունը տեսնում է ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած կուսակցությունների շատ տրամաբանական, ակտիվ քաղաքական վարքագիծը, և սա, իմ կարծիքով, օգտակար է: Համաձայնեք, որ ամենատարբեր քաղաքական ուժերի ակտիվ գործունեությունը բարձրացնում կամ թեժացնում է հանրային տրամադրությունները, նախընտրական մթնոլորտը, առաջացնում է առողջ հետաքրքրություն առաջիկա ընտրությունների նկատմամբ: Սա, անկասկած, էապես կանդրադառնա ընտրողների ակտիվության վրա` մի բան, որում պիտի շահագրգռված լինեն բոլոր քաղաքական ուժերը: Ես, տվյալ դեպքում որպես ՀՀԿ ներկայացուցիչ, կուսակցության, նրա ակտիվի անունից պաշտոնապես հայտարարում եմ, որ մենք ինքներս ամեն ինչ անելու ենք, որպեսզի ապահովենք ընտրողների առավելագույն մասնակցություն, որովհետև ակտիվ մասնակցությունը, անկասկած, ընտրակեղծիքները կանխելու ամենամեծ գրավական է: Համոզված եմ, որ գալիք խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն հանդես կգա դեպի ընտրական տեղամասեր կոչով:

-Վերջին շրջանում հանրության լայն շրջանակներում ընթանում են կուսակցությունների կողմից ներկայացված համամասնական ցուցակների ակտիվ քննարկումներ: Ինչպե՞ս կբնութագրեք վերոհիշյալ քննարկումները:
-Իմ կարծիքով, այս քննարկումները մեր հասարակության քաղաքական հասունությունը բնութագրող գլխավոր ցուցիչներից մեկն են: Ոչ վաղ անցյալում հանրությանը հետաքրքրում էր նախընտրական ցուցակների առավելագույնը առաջին 3-4 դեմքերը: Ցուցակի մեջ ներառված մնացած ներկայացուցիչները, որևէ մեկի, այդ թվում նաև մամուլի համար, առանձնապես հետաքրքրություն չէին ներկայացնում: Այսօր վերլուծվում է ցուցակի ոչ միայն առաջին տասնյակը, այլև առաջին հարյուրյակը: Եվ դա միանգամայն օգտակար և դրական է: Դա նախևառաջ խոսում է այն մասին, որ հանրային գիտակցության մեջ ընթանում են շատ լուրջ տեղաշարժեր, այն տեսանկյունից, որ կուսակցությունների դերակատարումը հանրային գիտակցության մեջ այլևս մեծացել է: Հանրությունը սկսում է գիտակցել, որ կուսակցությունը միայն լիդերը չէ: Եվ կուսակցության ցուցակը միայն առաջին 3 գործիչները չեն, ովքեր կարող են լինել անբասիր կենսագրությամբ և քաղաքական փորձառությամբ անհատներ: Բայց մեր հիշողության մեջ վառ են 1999 թ. ընտրությունների դասերը, որից հետո ԱԺ-ն հազար ու մի պիտակավորում ստացավ. անբասիր քաղաքական կենսագրություն ունեցող անհատների կողքին խորհրդարանում հայտվեցին մարդիկ, որոնց ԱԺ-ում հայտնվելը այդքան էր նպատակահարմար չէր: Այն ժամանակ ոչ ոք դրա մասին չէր խոսում: Այսօր ես նմանատիպ քննարկումները համարում եմ շատ առողջ և ողջունելի: Հանրությունը սկսել է գիտակցել ՀՀ հասարակական-քաղաքական կյանքում ԱԺ բացառիկ դերակատարության փաստը, ինչը և բխում է ՀՀ սահմանադրությունից: Սահմանադրության մեջ ամրագրված է, որ այս երկրի ամենահիմնական կառույցը Ազգային Ժողովն է, և նրա որակով և բովանդակությամբ է պայմանավորված քաղաքական գործընթացների որակը: Հանրությունը ցանկանում է տեսնել որակապես նոր Ազգային Ժողով, այն է` կենսագրություն, փորձառություն, քաղաքական որոշումներ կայացնելու հասուն գործիչների հավաքատեղի, որը հաճելիորեն համալրված է երիտասարդ, նոր մտածողությամբ, ինչու չէ` կրթական նոր, ավելի բարձր մակարդակ ունեցող գործիչներով, ովքեր դեռևս չունեն փորձառություն:

-Պրն. Հարությունյան, վերոհիշյալ քննարկումների շրջանակներում լայնորեն քննարկվում է նաև Ձեր` ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկվելու փաստը: Այնուամենայնիվ, ինչո՞վ է պայմանավորված Ձեր` ՀՀԿ համամասնական ցուցակով ընտրություններին մասնակցելու որոշումը:
-Ես տեղյակ եմ այդ քննարկումներին: Թե իմ անձի, թե իմ մյուս գործընկերների` Արտաշես Գեղամյանի, Հայկ Բաբուխանյանի առնչությամբ ծավալվող քննարկումների հիմնական շեշտը դրվում է նրա վրա, թե այդ ինչպես ստացվեց, որ դուք ժամանակին, հանդես գալով ընդդիմադիր դիրքերից, այսօր գնում եք համագործակցության: Ես, որպես քաղաքական գործիչ, միշտ իմ ձևակերպումներում եղել եմ շատ կոռեկտ և զուսպ: Բայց դա չի նշանակում զերծ մնալ քննադատությունից: Սակայն մեզ շրջապատող իրականությունը մի փոքր այլ է: Մենք երբեմն չափից դուրս կտրուկություն, տաքարյունություն ենք դրսևորում: Իմ խորին համոզմամբ, հարցը պետք է հնչեցվի այն տեսանկյունից, թե հանրային կյանքի կազմակերպման ներկա փուլում որակապես դրական զարգացումների համար սույն քաղաքական գործիչների և ՀՀԿ-ի համագործակցությունը կարո՞ղ է օգտակար լինել, թե ոչ: Ես կարծում եմ, որ պատասխանը միանշանակ է` այո, կարող է օգնակար լինել: Արդյոք քաղաքական գործընթացներին որակ, բովանդակություն հաղորդելու տեսանկյունից, որի կարիքը, անկասկած, հանրությունը զգում է, Արտաշես Գեղամյան, Հայկ Բաբուխանյան, Խոսրով Հարությանյան և ՀՀԿ համագործակցությունը կարո՞ղ է օգտակար լինել: Ես կարծում եմ, որ միանշանակ կարող է: Բոլոր մնացած հարցադրումները, եթե նրանք չեն բխում հանրության առարկայական շահերից, այլ հիմնվում են միայն անձնական հետաքրքրությունների և շահերի վրա, իմ խորին համոզմամբ, երկրորդական են: Քննադատությունը պետք է հնչի միայն հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցի տեսանկյունից: Այս տեսանկյունից, ո՞վ ասաց, որ Ժառանգությունն և Ազատ դեմոկրատները պետք է դաշինք կազմեն: Միայն նրա համար, որ ԱՄՆ դեսպանը նրանցով ավելի շատ է հետաքրքրվում: Համաձայնեք, որ դա բավարար չէ: Սակայն եթե այդ երկու կուսակցությունները, նրանց ներկայացուցիչները գտնում են, որ կարող են հանդես գալ մեկ քաղաքական թիմով, դա միայն կարելի է ողջունել, որովհետև այնտեղ կան մարդիկ, ովքեր իրենց փորձառությամբ և անձնական որակներով, կարող են օգտակար լինել ձևավորվելիք խորհրդարանի գործունեության համար:
Կոնկրետ մեր պարագայում կցանկանայի հատուկ շեշտել, որ Հայաստանի քրիստոնեադեմոկրատական միությանը և Հանրապետական կուսակցության գաղափարական դրույթների, հանրային կյանքի կազմակերպման տարաբնույթ հարցերում մոտեցումների մեջ ընդհանրությունները խիստ ակնառու են: Եվ սա է համագործակցության հիմնական շարժառիթը: Ի դեպ, կցանկանայի հատուկ շեշտել այն փաստը, որ այս համագործակցությանը նոր չէ, որ ձևավորվել է: Հայաստանի քրիստոնեադեմոկրատական միությունը պաշտպանել է Սերժ Սարգսյանի թեկնածությունը 2008 թ. նախագահական ընտրությաններում: Հետագայում ևս մենք պաշտպանել են ՀՀԿ և անձամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բոլոր` թե ներքին և թե արտաքին քաղաքական նախաձեռնությունները: Պատահական չէ, որ ՀՀԿ-ն դարձավ ԵԺԿ անդամ, որի հիմքում ընկած են հենց քրիստոնեադեմոկրատական արժեքները:

-Ինչպե՞ս կբնութագրեք ընդդիմության գործունեությունը վերջին ժամանակահատվածում
-Խիստ բնականոն: Կարծում եմ, որ քաղաքական գործընթացները ՀՀ-ում ընթանում են բնականոն հունով: Իմ խորին համոզմամբ, առայժմ քաղաքական պայքարը կոռեկտության սահմաններում է: Իմ կարծիքով, շատ նորմալ է, երբ քննադատում են իշխանությանը, և բնական է, երբ իշխանությունը հակադարձում է այդ քննադատությանը: Աննորմալն այն է, որ այս ամենը ուղեկցվում է թշնամանքի և անհանդուրժողականության սերմանմամբ: Ցավոք սրտի, մենք այսպիսի իրավիճակներում հայտնվել ենք: Սա, իմ կարծիքով, անթույլատրելի է: Գալիք խորհրդարանական ընտրություններին ես բացառիկ աշխարհաքաղաքական դերակատարում եմ վերապահում: Մենք կանգնած ենք, ըստ էության, շատ լուրջ ընտրության առջև: Մենք պետք է ընտրենք կամ առաջընթացի, կամ հետընթացի ուղին: Ես կարծում եմ, որ մենք կընտրենք առաջընթացի ուղին: Իսկ այդ ուղին ենթադրում է նախևառաջ նորմալ ,բնականոն, ազնիվ ընտրություններ: Ինձ մտահոգում է այն փաստը, որ քաղաքական որոշ ուժեր արդեն իսկ խոսում են ընտրակեղծիքների մասին: Ես կարծում եմ, որ նման հայտարարությունները հակված են անել այն ուժերը, որոնք իրենք են պատրաստվում դիմել ընտրակեղծիքների կամ ցանկանում են, որ ընտրություններն անցկացվեն լուրջ խախտումներով: Իմ խորին համոզմամբ, հանրության շրջանում ընտրության արդյունքների արդարացիության նկատմամբ հավատը բոլոր քաղաքական ուժերի խնդիրն է: Դա միայն իշխանությունների խնդիրը չէ:

Placeholder
Խ. Հարությունյան. Գալիք խորհրդարանական ընտրություններն վճռորոշ կլինեն ՀՀ հետագա զարգացման համար