ՀԿ նախագահ. «Բենզինի շուկան լուրջ ուսումնասիրման կարիք ունի»
Տնտեսություն
15:07 05/04/2012

ՀԿ նախագահ. «Բենզինի շուկան լուրջ ուսումնասիրման կարիք ունի»

«Հայաստանում բենզին ներկրողների շահույթի նորմը շատ բարձր է, և այն խեղդում է տնտեսության մյուս ճյուղերը», - այսօր ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանը` խոսելով Հայաստանում բենզինի գների թանկացման շուրջ:

Նրա խոսքով`  Հայաստանում բենզինի գների տատանումները տեղի չեն ունենում միջազգային շուկային համաչափ: «Եթե բենզինի գները բարձրանում են, Հայաստանում էլ ավելի են բարձրանում, իսկ եթե իջնում է, ապա, որպես կանոն Հայաստանում չի իջնում կամ էլ սիմվոլիկ»,-պարզաբանեց նա, որպես օրինակ նշելով, որ եթե մեր երկրում բենզինի գինն այժմ 5000, համաձայն միջազգային թանկացումների այն պետք է լիներ 4000 դրամ:

Ըստ Հարություն Մեսրոպյանի ` ոչ ոք չի հաշվել, թե որքան է կազմում զուտ շահույթը, որը, տարբեր հաշվարկներով, բավականին մեծ է և շահույթի նորմն անցնում է 50 տոկոսից: Նրա խոսքով` ավելի վատ վիճակում է գազը, որտեղ հարյուր տոկոս շահույթի նորմ է:

Ասուլիսին ներկա մյուս բանախոսը` հայրենական ապրանք արտադրողների հասարակական կազմակերպության նախագահ Վազգեն Սաֆարյանը, իր հերթին մասնակի համաձայնվելով Հարություն Մեսրոպյանի հետ, նշեց, որ այսօր հանրապետության 450.000 ավտոմեքենաների 80 տոկոսը գազ է օգտագործում, քանի որ բենզինը թանկ է: Նրա խոսքով, պետք է բենզինի ոլորտի հարկային քաղաքականությունը վերանայել: «Բենզինի շուկան կարիք ունի լուրջ ուսումնասիրման»,- ասաց նա:

Placeholder
ՀԿ նախագահ. «Բենզինի շուկան լուրջ ուսումնասիրման կարիք ունի»