ՎիվաՍել-ՄՏՍ-ը մասնակցելու է «IPv6 արձանագրության միջազգային օր» իրադարձությանը
Տնտեսություն
16:07 05/04/2012

ՎիվաՍել-ՄՏՍ-ը մասնակցելու է «IPv6 արձանագրության միջազգային օր» իրադարձությանը

Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորը ինտերնետային արձանագրության նոր` IPv6 տարբերակին անցման փուլում է: Միացումը տեղի կունենա վաղը:

Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, ինտերնետային ծառայությունների առաջատար մատակարարները, ցանցային սարքավորումներ արտադրողները և ցանցային ընկերությունները հանդես են եկել նախաձեռնությամբ, համաձայն որի մինչև 2012 թ. հունիսի 6-ն իրենց արտադրանքի և ծառայությունների համար պետք է սկսեն օգտագործել IPv6 ինտերնետ արձանագրությունը: Որպես հայաստանյան բջջային հաղորդակցության ոլորտի առաջատար, ՎիվաՍել-ՄՏՍ-ը ևս որոշում է կայացրել մասնակցելու IPv6 ինտերնետ արձանագրության գործարկման միջազգային նախաձեռնությանը, որը համացանցի պատմության մեջ ամենամասշտաբային սերնդափոխությունը կդառնա:

Ինտերնետային հանրության կողմից կազմակերպված IPv6 ինտերնետ արձանագրության գործարկման միջազգային օրը նոր սերնդի ինտերնետ արձանագրության համաշխարհային մասշտաբով անցման կարևոր քայլ է: IPv6-ը` ներկայում գործող IPv4-ին հաջորդող ինտերնետ արձանագրությունը, առանցքային նշանակություն կունենա համացանցի զարգացման ոլորտում:
1981-ից գործող IPv4 ինտերնետ արձանագրությունն այլևս չի համապատասխանում մերօրյա պահանջներին, քանի որ IPv4 արձանագրության հասցեներն արդեն սպառված են: Ինտերնետի արագ աճին զուգընթաց ի հայտ են եկել նոր` IPv6, ինտերնետ արձանագրության ստեղծման անհրաժեշտությունը, որն ընձեռում է ավելի շատ IP հասցեներ տրամադրելու և հետևաբար` համացանցին ավելի շատ թվով սարքեր միացնելու հնարավորություն:

Ի տարբերություն IPv4-ի, IPv6-ի կարևորագույն առանձնահատկություններից է հասցեների առավել ընդլայնված տարածքը: Մասնավորապես`IPv4 ինտերնետ արձանագրությունն օգտագործում է հասցեների 32-բիթանոց ձևաչափ, կամ, այլ կերպ ասած` ապահովում է ավելի քան 4 մլրդ եզակի IP հասցե, իսկ 1995թ.-ից` IPv4 արձանագրությանը զուգահեռ գործող IPv6 արձանագրությունն օգտագործում է հասցեների 128-բիթանոց ձևաչափ և համապատասխանաբար` ապահովում է 340 տրլն տրիլիոն տրիլիոն եզակի հասցե:

IPv6-ի ներդրման անհրաժեշտությունը պայմանավորված էր ավելի մեծ թվով անհատական IP հասցեներ ապահովելու անհրաժեշտությամբ` հաշվի առնելով ինտերնետին միացման համար օգտագործվող սարքերի` անհատական համակարգիչների, բջջային հեռախոսների և բազմապիսի այլ սարքերի օրեցօր աճող թիվը:

Բջջային հաղորդակցության շուկայում առաջատարի ղեկը ստանձնած ՎիվաՍել-ՄՏՍ-ը տվյալների փոխանակման ծավալների շարունակական աճ է արձանագրում, և մեծ կարևորություն է տալիս IPv6 ինտերնետ արձանագրության ներդրմանը:
IPv6-ը հասանելի կլինի ավտոմատ կերպով` IPv4-ին զուգահեռ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի պաշտոնական կայքէջը` www.vivacell.am աշխատում է թե՛ IPv4 և թե՛ IPv6 ինտերնետ արձանագրություններով:
 

Placeholder
ՎիվաՍել-ՄՏՍ-ը մասնակցելու է «IPv6 արձանագրության միջազգային օր» իրադարձությանը