ՕԵԿ-ը ժամանակից շուտ կսկսի քարոզարշավը
Քաղաքական
10:18 06/04/2012

ՕԵԿ-ը ժամանակից շուտ կսկսի քարոզարշավը

«Օրինաց երկիր» կուսակցությունը, որի նախագահ Արթուր Բաղդասարյանը ոչ պաշտոնական քարոզարշավ և մարզային այցելություններ է կազմակերպում, իր պաշտոնական քարոզարշավը կմեկնարկի ժամանակից շուտ:

Ինչպես արդեն հայտնի է, մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաստատած ժամանակացույցի, մեկնարկելու է ապրիլի 8-ին` կիրակի:

Սակայն ՕԵԿ-ը որոշել է ժամանակից շուտ սկսել քարոզարշավը և ապրիլի 7-ին երեկոյան Ազատության հրապարակում հանրահավաք է կազմակերպում: ՕԵԿ մամլո խոսնակ Հարություն Ամիրյանից հետաքրքրվեցինք, արդյոք խախտում չէ և ՕԵԿ-ը այդպիսով շուտ չի սկսում քարոզարշավը, նա պատասխանեց. «Շուտ է, ուղղակի դա հանդիպում է մեր կուսակցականների հետ»: Հրապարակ կանչել եք միայն ձեր կուսակիցների՞ն, հարցին խոսնակը պատասխանեց կարճ` «Հա»:

Իսկ պաշտոնական քարոզարշավի մեկնարկի օրը, ապրիլի 8-ին, երևանյան հյուրանոցներից մեկում կկայանա կուսակցության նախընտրական ծրագրի շնորհանդեսը:

Արթուր Բաղդասարյանը իր ղեկավարած կուսակցության նախընտրական ծրագիրը արդեն հասցրել է ներկայացնել մի քանի մարզերում: Մասնավորապես, մի քանի օր առաջ ՕԵԿ նախագահը կուսակցության նախընտրական ծրագիրը ներկայացրել է Լոռու մարզում իրենց կուսակիցներին:

Placeholder
ՕԵԿ-ը ժամանակից շուտ կսկսի քարոզարշավը