Ահմադինեժադ. Իրանը եթե 3 տարի էլ նավթ չվաճառի, երկիրը հանգիստ կարող է գոյատևել
Քաղաքական
16:51 10/04/2012

Ահմադինեժադ. Իրանը եթե 3 տարի էլ նավթ չվաճառի, երկիրը հանգիստ կարող է գոյատևել

Իրանը եթե 3 տարի էլ նավթ չվաճառի, երկիրը հանգիստ կարող է գոյատևել:
Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ` հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:

«Որոշ երկրներ իրանական նավթի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելով` փորձում են Իրանի նկատմամբ խնդիրներ առաջացնել, սակայն պետք է նշեմ, որ Իրանն այնքան պաշարներ ունի, որ երեք տարի էլ նավթ չվաճառենք, երկիրը հանգիստ կկառավարվի»,-հայտարարել է Իրանի նախագահը:

Իրանական «խաբարօնլայն.իռ» կայքի հաղորդմամբ էլ` Իրանի նավթի նախարար Ռոսթամ Ղասեմին, անդրադառնալով եվրոպական որոշ երկրներին իրանական նավթի առաքման կասեցման հարցին, նշել է, որ Իրանն արդեն դադարեցրել է նավթի արտահանումը Հունաստան:

Հիշեցնենք, որ ս.թ. հունվարի 23-ին ԵՄ անդամ երկրները որոշում կայացրեցին իրանական նավթի նկատմամբ էմբարգո կիրառել հուլիսի սկզբից: Որոշման համաձայն` ԵՄ անդամ երկրները մինչև 2012թ. հուլիս ամիսը պետք է դադարեցնեն Իրանի հետ նավթի ներմուծման մասին կնքված պայմանագրերը:
Ի պատասխան ԵՄ նախաձեռնությանը` Իրանի կառավարությունը որոշում կայացրեց Եվրոպային նավթ մատակարարել մինչև վերջինիս կողմից պատժամիջոցների կիրառման ժամկետը:

Հավելենք, որ իրանական նավթը տոկոսային հարաբերակցությամբ ներկրում են հետևյալ երկրները` Ճապոնիա (14%), Հարավային Կորեա (10%), Չինաստան (22%), ասիական այլ երկրներ (12%), Հնդկաստան (13%), Հարավային Աֆրիկա (4%), Իսպանիա (6%), Իտալիա (7%), Թուրքիա (7%), ԵՄ անդամ այլ երկրներ (5%):

Placeholder
Ահմադինեժադ. Իրանը եթե 3 տարի էլ նավթ չվաճառի, երկիրը հանգիստ կարող է գոյատևել