Գուցե կան քաղաքական ուժեր, որոնց ձեռնտու չէ դատախազության որդեգրած գործելաոճը, սակայն դա շարունակվելու է. Ս. Տռուզյան
Իրավունք
14:43 11/04/2012

Գուցե կան քաղաքական ուժեր, որոնց ձեռնտու չէ դատախազության որդեգրած գործելաոճը, սակայն դա շարունակվելու է. Ս. Տռուզյան

«Դատախազությունն ապաքաղաքական մարմին է և ընտրական գործընթացներին՝ քաղաքական զարգացումներին մասնակցելու, առավել ևս քարոզարշավ իրականացնելու որևէ իրավասություն չունի»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտողար Սոնա Տռուզյանը` մեկնաբանելով «Հայկական ժամանակ» օրաթերթի այն հրապարակումը, որտեղ ՀԱԿ անդամ, թիվ 36-ում մեծամասնական կարգով առաջադրված Պետրոս Մակեյանը թերթին հայտնել է, որ Շիրակի մարգի դատախազ Դավիթ Սարգսյանը վերջին օրերին իր մոտ է կանչում Արթիկի և Մարալիկի տարածաշրջանի գյուղապետերին և հանձնարարում, թե ով քանի ձայն պիտի ապահովի թիվ 36 ընտրատարածքում ՀՀԿ-ի առաջադրած թեկնածուի` Մխիթար Վարագյանի օգտին:

«Պարզ է, որ Դավիթ Սարգսյանը կատարում է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրահանգը, որը փորձում է 5-րդ գումարման ԱԺ-ում սեփական ստվերային խմբակցությունը ձևավորել»,-գրել էր թերթը:

Սոնա Տռուզյանն ընդգծեց, որ իրավապահ մարմիններն այս ընտրական գործընթացում ունեն երկու հիմնական խնդիր՝ նախ կանխարգելել ընտրական իրավունքի դեմ ոտնձգությունները, երկրորդ՝ խախտումներ արձանագրվելու դեպքում` հետևողական լինել համարժեք քրեաիրավական գնահատական տալուն:

«Եվ դատախազությունն իր դերակատարությունը տեսնում է նշված երկու ուղղություններով»,-ասաց մեր զրուցակիցը:
Նրա խոսքով, քննարկման առարկա են դառնալու բոլոր այն ահազանգերը, որոնք պարունակում են կոնկրետություն, փաստական հստակ տվյալներ:

«Այդ համատեքստում հատուկ քննարկման առարկա կդառնան նաև ընտրական գործընթացներին իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից միջամտելու վերաբերյալ ահազանգերը, սակայն ոչ ասեկոսեներն ու հերյուրանքները:
Ինչպես թերթերից մեկն էր նկատել՝ այս շրջանում դեռ հաճախ կհանդիպենք նախընտրական իրավիճակը սրելու փորձերի: Երբ ոմանք անիմաստ աղմուկ են բարձրացնում հալածվածի ու ընդդիմադիր կեցվածք ընդունելու համար: Գուցե սա էլ ընտրական տեխնոլոգիաներից մեկն է ու գուցե կան քաղաքական ուժեր ու թեկնածուներ, որոնց ձեռնտու չէ ընտրախախտումներին արագ արձագանքելու և ահազանգերի պատշաճ գրանցմանը հետամուտ լինելու դատախազության որդեգրած գործելաոճը, սակայն վստահեցնում ենք, որ այս աշխատաոճը շարունակվելու է»,-ասաց գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը:

Placeholder
Գուցե կան քաղաքական ուժեր, որոնց ձեռնտու չէ դատախազության որդեգրած գործելաոճը, սակայն դա շարունակվելու է. Ս. Տռուզյան