Սերժ Սարգսյան. Շնորհակալ եմ իմ ժողովրդին, որ հնարավորություն ընձեռեց, ու ես էլ արդարացրի նրա հույսերը
Քաղաքական
16:02 13/04/2012

Սերժ Սարգսյան. Շնորհակալ եմ իմ ժողովրդին, որ հնարավորություն ընձեռեց, ու ես էլ արդարացրի նրա հույսերը

«Ընտրությունները շատ կարևոր են մեզ համար, որպեսզի մեր տեղը հաստատենք աշխարհի առաջատար երկրների շարքում: Կարևոր է նաև, որ ժողովուրդը չկշտամբի, որպեսզի այն ուժը, որը ստանալու է առավելագույն քվեն, կարողանա վստահ լինել, որ իր առաջարկած ծրագիրը կամ իր անցած ճանապարհն է հիմք հանդիսացել մարդկանց համար, որպեսզի քվեարկեն»: Այսօր Արարատի մարզի Ավշար գյուղական համայնքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:

 Նա ասաց, որ եթե ՀՀԿ-ն 2007թ-ին չստանար ժողովրդի վստահությունը և չստանար մեծամասնության քվեն, ապա ինքը չի պատկերացնում, թե ինչ տրամադրությամբ կգնար նախագահական ընտրություններին և նույնիսկ նախագահական ընտրություններում հաղթելուց հետո էլ` ինչպես պետք է ԼՂ բանակցություններ վարեր:

« …Ես ինձ մի քիչ թույլ կզգայի, լեզուս կարճ կլիներ, բայց շնորհակալ եմ իմ ժողովրդին, որ հնարավորություն ընձեռեց ու ես էլ արտաքին քաղաքականության բնագավառում նրա վստահությունը կարողացա արդարացնել, նույնը վերաբերում է նաև ներքին քաղաքականությանը»:

Ս. Սարգսյանը ասաց, որ շատ քաղաքական ուժեր կան, ովքեր առանձնապես հակված չեն ճգնաջան աշխատանքի, փորձում են հազարավոր հարցերում անիրավի, տեղի -անտեղի քննադատել,  անհանգստացնել, «որպեսզի մենք չկարողանանք մեր հիմնական խնդիրներով զբաղվել»:

Ըստ նրա,  կարևոր է, որ այն քաղաքական ուժը, որը ստանում է ժողովրդի վստահությունը և արտահայտում է ժողովրդի կարծիքը, աշխատի հանուն ժողովրդի:

Երկրի ղեկավարը կոչ արեց հավատալ բարեկամներին, ընկերներին, գործընկերներին, պետությանը, բայց միշտ հաշվի առնել, որ հավատալ չի նշանակում դյուրահավատություն:

«Ես ձեզ խորհուրդ եմ տալիս շատ զգույշ լինել և տեսնել, թե ովքեր են խոստում տվողները, ինչպիսի ճանապարհ են անցել և ինչպիսին են կենցաղում, ինչպիսին է նրանց միջավայրը…: Մեր կուսակցությունը միշտ ձեր աչքերի առջև է եղել: Կարծում եմ, որ գոնե մի բանում չեք կասկածում, որ մենք չարչարվում ենք, ջանք ու եռանդ չենք խնայում, որ կարողանանք մեր ծրագրերն իրականացնել», - ասաց նախագահ Սարգսյանը:

Հանրապետության ղեկավարի խոսքով` տնտեսական ճգնաժամի, տարածաշրջանային և 2008-ի ներքաղաքական վիճակում շատ դժվար էր իրականացնել ծրագրեր, բայց հասարակության մոտ պահպանվեց հանդուրժողականություն, որը ևս նպաստեց, որ երկիրը վերադառնա զարգացման ուղուն: Երկրի ղեկավարը վստահեցրեց, որ նոր արդյունաբերական քաղաքականություն է որդեգրվում` շեշտադրումները տանելով դեպի տնտեսական զարգացում:

ՀՀԿ ղեկավարը կոչ արեց ավշարցիներին սատարել մեծամասնական ընտրակարգով առաջադրված Արայիկ Գրիգորյանին:

Հիշեցնենք, որ վերջինս ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ է:
«Տարօրինակ երևույթ խնդրում եմ չընդունել, գիտեք, մենք հանդուրժողականության և քաղաքակիրթ երկխոսության կողմնակից ենք և շատ կարևոր խնդիրներ փորձում ենք լուծել` միավորելով շատերի ջանքները: Եթե Արայիկը Հանրապետական չէ, դա ոչինչ չի նշանակում», - հայտարարեց ՀՀԿ նախագահը:
 

Placeholder
Սերժ Սարգսյան. Շնորհակալ եմ իմ ժողովրդին, որ հնարավորություն ընձեռեց, ու ես էլ արդարացրի նրա հույսերը