ՄԱԿ-ի անկյուն` Սլավոնական համալսարանում
Կրթություն, գիտություն
16:55 17/04/2012

ՄԱԿ-ի անկյուն` Սլավոնական համալսարանում

Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանում այսօր բացվել է ՄԱԿ-ի անկյուն: ՄԱԿ-ի գրասենյակի կողմից ՄԱԿ-ի անկյանը տրամադրված ՄԱԿ-ի հրատարակություններն ու տեղեկատվական այլ նյութերը կկրթեն ուսանողներին ՄԱԿ-ի արժեքների և գործունեության մասին: Համալսարանի դասախոսներն ու ուսանողները ՄԱԿ-ի անկյունը կօգտագործեն մշակութային, կրթական և այլ միջոցառումներ կազմակերպելու համար:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի փոխանցմամբ, ՄԱԿ-ի անկյունը բացվել է ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության և Ռուս-հայկական սլավոնական համալսարանի միջև Համագործակցության ծրագրի շրջանակներում, որը ստորագրվեց այսօր:

Ի լրումն ՄԱԿ-ի անկյանը` երկու կառույցների միջև Համագործակցության ծրագիրը նախատեսում է ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովների, ՄԱԿ-ի մասին կրթական միջոցառումների կազմակերպում և ուսանողների մասնակցություն ՄԱԿ-ի տարբեր միջոցառումների:

«ՄԱԿ-ի ուշադրության կենտրոնում երիտասարդներն են, և ուսանողները ՄԱԿ-ի արժեքների խթանման մեր վստահելի գործընկերներն են: Նրանք ՄԱԿ-ի միջոցառումների ակտիվ մասնակիցներն են, և մենք ուրախ ենք օգնել նրանց բարելավել ՄԱԿ-ի մասին իրենց գիտելիքները»,-ասել է ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գեռչևան:

ՄԱԿ-ի անկյան բացումը Հայաստանում ՄԱԿ-ի ներկայության և ՄԱԿ-ում Հայաստանի անդամակցության 20-ամյակի շրջանակներում կազմակերպվող նախաձեռնությունների մի մասն է:

Միաժամանակ Ազգային գրադարանի շարժական ավտոբուսը ՄԱԿ-ի գրականությունն էր բաշխում համալսարանի բակում: Այն կազմակերպվել էր 2012թ. Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու շրջանակներում, որը կնշվի հաջորդ շաբաթ,
Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օրը: 

Placeholder
ՄԱԿ-ի անկյուն` Սլավոնական համալսարանում