Նախարար Նալբանդյանն ընդունել է ԱԷՄԳ տնօրենին
Տնտեսություն
14:53 18/04/2012

Նախարար Նալբանդյանն ընդունել է ԱԷՄԳ տնօրենին

Այսօր ԱԳ նախարար Նալբանդյանն ընդունել է Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալության տնօրեն Յուկիյա Ամանոյին (Yukiya Amano):

ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս ԱԷՄԳ-ի հետ հարաբերությունների և համագործակցության զարգացմանը՝ այն դիտարկելով նաև որպես Հայաստանի էներգետիկ և միջուկային անվտանգության կարևորագույն բաղադրիչ:
Է. Նալբանդյանը հիշատակել է նաև մարտ ամսին Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը Սեուլում միջուկային անվտանգության գագաթաժողովի աշխատանքներին, որը վերահաստատել է ԱԷՄԳ կենտրոնական դերը համաշխարհային միջուկային անվտանգության գործուն մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Յուկիյա Ամանոն նշել է, որ ԱԷՄԳ-ն կարևորում է համագործակցությունը Հայաստանի հետ միջուկային անվտանգության բնագավառում և այն բավականին արդյունավետ որակեց:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և ԱԷՄԳ-ի միջև համագործակցությանը՝ Մեծամորի ատոմակայանի, ինչպես նաև Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման, միջուկային անվտանգությանն առնչվող հարցերին: Այս ենթատեքստում Էդվարդ Նալբանդյանը նշել է նաև, որ Հայաստանը, հանդիսանալով միջուկային տեխնոլոգիայի տիրապետող երկիր, միացել է այդ բնագավառը կարգավորող մի շարք միջազգային իրավական փաստաթղթերի, ինչպես նաև միացել է ԵՄ նախաձեռնած միջուկային էլեկտրակայանների ռիսկերի գնահատման փորձարկումներին:

Էդվարդ Նալբանդյանն ու Յուկիյա Ամանոն մտքեր են փոխանակել միջազգային մակարդակով ԱԷՄԳ-ի կողմից միջուկային անվտանգության ապահովմանն ուղղված քայլերին:

Placeholder
Նախարար Նալբանդյանն ընդունել է ԱԷՄԳ տնօրենին