Հ. Մելիք–Շահնազարյան. Հենց ադրբեջանական կողմն է պարտվում տեղեկատվական պատերազմում
Քաղաքական
15:21 19/04/2012

Հ. Մելիք–Շահնազարյան. Հենց ադրբեջանական կողմն է պարտվում տեղեկատվական պատերազմում

Իրականությունն այն է, որ հենց ադրբեջանական կողմն է տեղեկատվական պատրազմում ներկայումս հանդես գալիս պարտվողի դերում: Անդրադառնալով ապրիլի 16-ին ադրբեջանական կառավարության նիստում այդ երկրի  նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե Հայաստանը ինֆորմացիոն պատերազմում տանուլ է տալիս` այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը:

Բանախոսի խոսքով, սկզբանական շրջանում ադրբեջանական տեղեկատվական հոսքերը որոշակի լսրան ունեին մեր հանրության շրջանում, սակայն հայկական կողմի հետևողական աշխատանքի արդյունքում` ներկայումս դրանց ազդեցությունը հայկական լսարանի վրա գրեթե հասցվել է զրոյական մակարդակի: Դրան զուգահեռ, ըստ քաղաքագետի, մեծանում է հայկական տեղեկատվության միջոցների ազդեցությունը ադրբեջանական հանրության տարբեր շերտերի վրա:

Այս տեսանկույնից բանախոսը, հատուկ կերպով ընդգծեց Ադրբեջանում բնակվող ազգային փոքրամասնությունների խնդիրները բարձրացնելու և միջազգային հանրությանը ներկայացնելու գործում հայկական ԶԼՄ-ների դերը: Դրա ամենավառ օրինակը, ըստ քաղաքագետի, 2011թ. Ադրբեջանի՝ լեզգիներով բնակեցված Խրախոբա գյուղի բնակիչների կոչն էր հայկական ԶԼՄ-ներին, որում վերջիններս նշում էին, թե ոչնչացվելով սեփական հայրենիքում` գտնվում են տեղեկատվական բլոկադայում և խնդրում էին հայկական լրատվամիջոցներին` իրենց խնդիրների վերաբերյալ իրազեկել միջազգային հանրությանը:

Ինչ վերաբերում է միջազգային ԶԼՄ-ներում ադրբեջանամետ հրապարակումների զետեղմանը, ապա ըստ Հ. Մելիք–Շահնազարյանի, դրա հիմնական դրդապատճառը փողն է:

«Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները ադրբեջանական կողմին դիտում են որպես գումար վաստակելու հեշտ միջոց,- նշեց բանախոսը` հավելելով որ այդ հրապարակումների ազդեցությունը բավականին ուռճացված է:

 

Placeholder
Հ. Մելիք–Շահնազարյան. Հենց ադրբեջանական կողմն է պարտվում տեղեկատվական պատերազմում