Ռ. Կիրակոսյան. Թուրքիայի մերժման քաղաքականությունը դառնում է ավելի անարդյունավետ
Քաղաքական
13:05 20/04/2012

Ռ. Կիրակոսյան. Թուրքիայի մերժման քաղաքականությունը դառնում է ավելի անարդյունավետ

«Ամեն տարի Թուրքիայի կողմից ցեղասպանության մերժման քաղաքականությունն ավելի ու ավելի է դժվարանում: Գնալով ավելի ու ավելի քիչ երկրներ են համաձայնվում Թուրքիայի մերժման քաղաքականության հետ և այն դառնում է ավելի անարդյունավետ»,- այսօր անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:

Բանախոսն ընդգծեց այն հանգամանքը, որ Ադրբեջանն ավելի շատ է ներգրավվել Հայոց ցեղասպանության մերժման քաղաքականության մեջ, ապա հավելեց, որ պետք է վերջին ամսվա մեջ ակնկալենք Հայոց ցեղասպանության ճանաչման, ԼՂ խնդրի և Հայաստանի քաղաքականության նկատմամբ ավելի շատ դիվանագիտական հարձակումներ:

Ռ. Կիրակոսյանն անդրադարձավ նաև Հայոց ցեղասպանության ժխտմանն ուղղված` Թուրքիայի նախաձեռնություններին և նշեց. «Թուրքիան նոր նախաձեռնություն է սկսել` ստեղծելու և կազմավորելու իր սեփական սփյուռքը: Թուրքական կառավարությունը հունիսին հրավիրելու է 500 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ամբողջ աշխարհից: Իսկ տարվա ավարտին Թուրքիան Ստամբուլում կազմակերպելու է թուրքական հասարակական կազմակերպությունների ավելի քան 2000 ներկայացուցիչների հանդիպում»:

Եվ այս առումով, քաղաքագետը կարևորեց Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հայոց սփյուռքի դեմ ուղղված կազմակերպված գործունեությանը դիմակայելուն պատրաստ լինելու անհրաժեշտությունը:

Ապա, անդրադառնալով ԼՂ կարգավորման գործընթացին, նա ասաց. «Միակ տեղը, որտեղ ղարաբաղյան հարցը շարունակում է խնդիր մնալ, դա Բաքուն է: Բայց դա միայն այն պատճառով, որ Բաքուն չի պատկերացնում, որ հավերժ կորցրել է Ղարաբաղը»:

Placeholder
Ռ. Կիրակոսյան. Թուրքիայի մերժման քաղաքականությունը դառնում է ավելի անարդյունավետ