Փորձագետ. Ադրբեջանի ռազմածովային ուժերի զորավարժությունները ունեն զուտ ցուցադրական բնույթ
Քաղաքական
14:13 21/04/2012

Փորձագետ. Ադրբեջանի ռազմածովային ուժերի զորավարժությունները ունեն զուտ ցուցադրական բնույթ

Ադրբեջանի կողմից Կասպից ծովում անցկացված ռազմածովային ուժերի զորավարժությունները ունեն զուտ ցուցադրական և քարոզչական բնույթ: Անդրադառնալով ապրիլի 12-20-ը ընկած ժամանակահատվածում Կասպից ծովում անցկացված զորավարժությունների դրդապատճառներին, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց վերլուծաբան, ռազմական փորձագետ Դավիթ Ափինյանը:

Բանախոսի կարծիքով, կազմակերպելով այս զորավարժությունները պաշտոնական Բաքուն հետապնդում էր երկու նպատակ. Նախ` ցույց տալ տարածաշրջանային և միջազգային խաղացողներին, որ Ադրբեջանը կարող է պաշտպանել իր տարածաշրջանային տնտեսական շահերը, իսկ մյուս կողմից՝ ապացուցել, որ կարող է վտանգի դեպքում պատշպանել հնարավոր կառուցվելիք անդրկասպյան գազամուղը:

Իրականում սակայն, ըստ փորձագետի, հնամաշ, սովետական ժամանակաշրջանից ժառանգված ռազմածովային տեխնիկայով Ադրբեջանը պարզապես ի զորու չէ իր առջև նման խնդիրներ դնել:

Ասուլիսին ներկա իրանագետ Նվեր Դավթյանը, իր հերթին, կիսելով մյուս բանախոսի տեսակետը, այնուամենայնիվ նշեց, որ այս համատեքստում առկա է նաև իրանական հարցի գործոնը և այս զորավարժությունները կարելի է դիտել նաև Իրանի դեմ պատրաստվելիք պատերազմի շրջանակներում: Սակայն, Նվեր Դավթյանը նոյնպես բավականին զավեշտալի համարեց նմանատիպ տեխնիկայով Իրանի դեմ որևէ ռազմական գործողությունների ծավալումը՝ նշելով, որ իրանական բանակի ընդամենը մի հատվածը բավարար է «Բաքու քայլերթով հասնելու համար»:

Placeholder
Փորձագետ. Ադրբեջանի ռազմածովային ուժերի զորավարժությունները ունեն զուտ ցուցադրական բնույթ