Ա. Սարգսյան. «Ընտրություններին պետք է գիտակցաբար գնալ, այլ ոչ թե մեկ տուփ կոնֆետի կամ մուրաբայի համար ձայն տալ» (տեսանյութ)
Քաղաքական
15:05 25/04/2012

Ա. Սարգսյան. «Ընտրություններին պետք է գիտակցաբար գնալ, այլ ոչ թե մեկ տուփ կոնֆետի կամ մուրաբայի համար ձայն տալ» (տեսանյութ)

«Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը հայտարարել է, որ իր կողմից ընտրություններին ֆինանսական օգնություն չի լինելու: Մենք չենք պատրաստվում որևէ մեկին գնել»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԴԿ-ի նախագահ Արամ Սարգսյանը և հավելեց, որ ընտրություններին պետք է գիտակցաբար գնալ, այլ ոչ թե մեկ տուփ կոնֆետի կամ մուրաբայի համար: «Հետո էլ անամոթաբար կանգնում են և ասում՝ մի վաճառեք Ձեր ձայնը 5 հազար դրամով: Իհարկե, պարզվում է՝ 5 հազար դրամը շատ է, մուրաբան է ավելի հեշտ բաժանել և դրա հաշվին ձայներ ստանալ»,-նշեց նա:

Անդրադառնալով Դեմկուսի խորհրդարան անցնելու հնարավորություններին, Ա.Սարգսյանը նշեց, որ շանսերն ավելի շատ թղթախաղում են լինում, իսկ քաղաքականության մեջ թղթախաղի կանոնները չեն գործում: Այդուհանդերձ կուսակցության նկատմամբ հետաքրքրությունն աճում է, կա դրական դինամիկա, իսկ սա խոսում է այն մասին, որ ՀԴԿ-ն ունի ընտրազանգված: «Իսկ թվերով ինչպես կարտահայտվի, մայիսի 7-ը ցույց կտա, եթե իհարկե մայիսի 6-ին որևէ միջադեպ, որևէ այլ ֆորսմաժորային վիճակ չլինի: Եթե չեղան և ընտրություններն անցնեն գոնե առանց լցոնումների և առանց նկարչության, ապա մենք կասենք` ստացանք այն, ինչ ստացանք»,- ընդգծեց Ա.Սարգսյանը:

Խոսելով սոցիոլոգիական հարցումներից, Դեմկուսի առաջնորդը նշեց, որ դրանց չի հավատում և վստահ է, որ դրանք մանիպուլիացիա են, քանի որ անգամ առաջատար ուժերի ձայների տարբերությունն այնքան մեծ է լինում, ինչն էլ անտրամաբանական է: «Սոցհարցումները բացահայտ մանիպուլյացիա են: Ահաբեկված ժողովրդի պայմաններում որևէ սոցհարցում չի կարող լինել, քանի որ մարդը երկու կուսակցության խոսք է տվել ընտրել, բայց ընտրելու է նրանցից մեկին կամ ընդհանրապես մեկ այլ կուսակցության, կամ էլ՝ երկուսի առաջ նշան է դնելու»,- վստահ է Արամ Սարգսյանը: Նա կարծում է, որ այդ պատճառով էլ այս ընտրություններում անվավեր քվեաթերթիկները շատ են լինելու:

Placeholder
Ա. Սարգսյան. «Ընտրություններին պետք է գիտակցաբար գնալ, այլ ոչ թե մեկ տուփ կոնֆետի կամ մուրաբայի համար ձայն տալ» (տեսանյութ)