Գ. Մելիքյան. Իսկ ի՞նչ է արել Վարդան Օսկանյանը
Քաղաքական
14:00 01/05/2012

Գ. Մելիքյան. Իսկ ի՞նչ է արել Վարդան Օսկանյանը

«Կարծում եմ՝ Օսկանյանը երևույթները խառնում է, որովհետև նրա խոսքում որևէ տրամաբանական բան չեմ տեսնում: Իշխանություններն ամեն ինչ արել են երկրում օրինականության հաստատման համար: Միգուցե նա է իր մեջ օրինականության դիֆիցիտ նկատել»,- մեկնաբանելով «Շանթ» հեռուստաընկերության հեռանկար հաղորդմանը տված հարցազրույցում ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի հնչեցրած այն միտքը, թե իշխանությունները այս 5 տարիների ընթացքում օրինականության դիֆիցիտ են ունեցել՝ Panorama.am-ին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը:

Պատգամավորը զարմանքով հարցրեց. «Ինչի՞ ԲՀԿ-ն նման խնդիր է ունեցել»:

Հարցին, թե՝ Օսկանյանը նաև պնդում է, որ իշխանություններն իրենց վերջին 4-5 տարիների աշխատանքի համար գնահատական չեն տվել, դրա համար էլ այդ գնահատականը ինքն է տալիս, պատգամավորը նշեց. «Օսկանյանն ուղղակի ուշադիր չի եղել կամ էլ, ուղղակի չի ցանկացել տեսնել դա: Ե՛վ ՀՀԿ-ն, և կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը բազմիցս անդրադարձել են կուսակցության վերջին 5 տարիների աշխատանքներին, ավելին, օբյեկտիվ գնահատականներ ներկայացրել արված ու չարված գործերին, ներկայացրել հիմնավորումներ: Ավելին՝ մենք տեսնում են բացթողումների, խոչընդոտների հաղթահարման ճանապարհները»:

Գ. Մելիքյանի խոսքերով, իշխանությունները փորձել են կարգավորել նաև այն խնդիրները, որոնք ժամանակին չէր կարողացել առաջ քաշել ու կարգավորել նույն Վարդան Օսկանյանը:

«Իսկ ի՞նչ է արել Վարդան Օսկանյանը, ի՞նչ քայլեր է ձեռնարկել հայ-թուրքական սահմանի բացման հարցում, ի՞նչ է արել Հայաստանն արտերկրում պատշաճ ներկայացնելու համար, ի՞նչ է արել երկիրը շրջափակումից դուրս բերելու համար: Ի՞նչ է՝ ավելի լավ է ոչինչ չանել, նստել ու քննադատել մնացածներին, դրանով հաստատ ոչ մի լավ արդյունքի չես հասնի»,- նշեց վերջինս:

Վ. Օսկանյանն այդ հարցազրույցում պատասխանելով հարցին, թե՝ այդ դեպքում ինչո՞ւ ԲՀԿ-ն կոալիցիայից դուրս չի եկել, ասել է, թե մնացել են, որ գոնե ինչ-որ բան անեն, ՀՀԿ խմբակցության քարտուղարը նշեց. «Անթույլատրելի է, երբ տարբեր ոլորտներում, նախարարություններում նկատված հաջողությունները վերագրում են իրենց, իսկ բացթողումները կամ ընդհանուր, իրենց բնութագրմամբ «վատ վիճակը» մյուսներին»:

Վ. Օսկանյանը նշել էր, թե՝ ԲՀԿ-ի քվոտաներով նշանակված առողջապահության և սոցիական հարցերի նախարարությունները որոշ բարեփոխումներ են իրականացրել և դրական փոփոխություն ապահովել:

«Օսկանյանի նշած բարեփոխումները ՀՀ նախագահի ծրագրային դրույթերից են և դրա հիման վրա են իրականացվել, պետք չէ ամեն հաջողություն «ձեզանով անեք»: Եվ թող ոչ մեկ չփորձի լավը վերագրել իրեն կամ իր կուսկացությանը, իսկ վատը՝ մնացածներին: Այսօր ինչ ունենք՝ արդյունք է կոալիցիայի միասնական աշխատանքի»,- նշեց Գ. Մելիքյանը:

Placeholder
Գ. Մելիքյան. Իսկ ի՞նչ է արել Վարդան Օսկանյանը