Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մանուշակ Պետրոսյանը չի կարծում, որ Թոխմախի Մհերը կիջնի այդ մակարդակին. հարցազրույց
Հայ Ազգային կոնգրեսի անդամ Հայաստանի Լիբերալ կուսակցության անդամ Մանուշակ (Վիոլետա) Պետրոսյանը, որը որպես պատգամավորության թեկնածու, ըդնգրկված է ՀԱԿ համամասնական ցուցակում (10-րդ տեղ), առաջադրվել է նաև Երևանի թիվ 11 ընտրատարածքում: Այստեղ նրա միակ մրցակիցը Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար, ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյանն է, նույն ինքը` Թոխմախի Մհերը:
Օրերս Մանուշակ Պետրոսյանի համակիրների կողմից քարոզարշավն իրականացնելու ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել, որի կապակցությամբ ոստիկանությունում այժմ հետաքննություն է կատարվում:
Ներկայացնում ենք Panorama.am-ի հարցարզույցը տիկին Պետրոսյանի հետ
-Տիկին Պետրոսյան, ինչպե՞ս եք գնահատում նախընտրական քարոզարշավը:
-Քանի դեռ ֆիզիկական ծեծուջարդ չի եղել և հույս ունեմ, որ չի էլ լինի, ընդհանուր առմամբ դրական եմ գնահատում նախընտրական քարոզարշավը: Փոքր միջադեպեր, սակայն տեղի ունենում են. մարդիկ խոչընդոտում են մեր շփումները բնակիչների հետ, շատ ակնհայտ է դա տեղի ունենում: Երեկ, օրինակ, ես չեմ եղել, եղել են մեր ակտիվներից, ովքեր շրջել և բաժանել են բուկլետներ, և ինչ-որ մարդիկ իրենց վերապահել են իրավունք, դուրս գալ և ասել, որ արգելում ենք գաք մեր փողոց, աղմուկ-աղաղակ են բարձրացրել: Նման բաներ տարածված չեն, բայց նման միջադեպեր մենք տեսնում ենք, լինում են: Կարող է մի մարդ դուրս գա և ամբողջ Հանրապետական կուսակցության անունից հայտարարի, որ այստեղ բոլորն իրենց ձայները տալու են նրանց: Դե մենք էլ նրանց ասում ենք` հարգում ենք ձեր իրավունքը, թույլ տվեք ամեն մեկն իր ընտրությունը կատարի: Այսինքն էյդպիսի «դոշ ծեծելու» աստիճանի նվիրվածություններ են լինում: Ես դա շատ վատ եմ հաամրում, ինձ համար դա ամենացածրորակ տեսակն է նվիրվածության դրսևորման:
-Երբ ձեր մրցակիցը պայքարի նման ուղի է բռնել, չե՞ք հուսահատվում
-Ես կասկածում եմ, որ իմ մրցակիցը ուղիղ ցուցմունքներ տա, որովհետև դրանք այնքան մանր դրսևորումներ են ինչ-որ անհատների կողմից... չեմ կարծում, որ նա այդ մակարդակի իջնի և ասենք ինչ-որ մի անզուսպ կնոջ կամ տղամարդու ցուցմունք տա, որ խոչընդոտեն մեր քարոզարշավը կամ բուկլետների տարածմանը: Դա ցածր աստիճանի նվիրվածություն է: Իսկ հուսահատվելու մասին խոսք անգամ լինել չի կարող, որովհետև ես անձամբ և իմ ընկերները 88-ից այնպիսի պայքարի մեջ ենք մտել` ղարաբաղյան խնդիր, անկախությունը. այսինքն` լուրջ չէր լինի, որ մեզ նման մարդիկ հուսահատության մասին կամ մտածեին կամ խոսեին: Մենք պայքարում ենք և մինչև վերջ քաղաքակիրթ ձևով, սահմանադրական բոլոր մեր իրավունքները պաշտպանելով, մինչև վերջ պայքարելու ենք և ես վստահ եմ, որ հաղթելու ենք: Ես տեսնում եմ մարդկանց տրամադրությունները և ընդհնարապես մտածելու խնդիր չունեմ: Մենք պետք է կանխենք հնարավոր կեղծիքները: Ուրիշ որևէ խնդիր չկա:
-Ո՞ւմ եք համարում ձեր հիմնական ընտրող: Ինչպիսի՞ նկարագիր ունի նա:
-Ես հանդիպում եմ շատ տարբեր մարդկանց հետ: Ամենուրեք, միանշանակ արտակարգ ընկալում և մոտեցում կա մեր ծրագրի ու գործունեության նկատմամբ:
-Ընտրապայքարի մեջ մտած ուժերից ո՞ւմ եք համարում ձեր գլխավոր մրցակից, հակառակորդ:
-Մեր քաղաքական մրցակիցը և հակառակորդը, բազմիցս ասել ենք, Հանրապետական կուսակցությունն է: Մենք որևիցե մեկի հետ մրցելու խնդիր չունենք:
-Իսկ «Օրինաց երկի՞րը»
-Դե, «Օրինաց երկիրը»…Ես նույնիսկ ավելորդ եմ համարում հիշատակել, լուրջ չի լինի ուղղակի
-Այս պահի դրությամբ ինչպե՞ս եք գնահատում ձեր և ձեր մրցակից ուժերի հնարավորությունները:
-Շուտով դա կերևա, եթե, իհարկե, լինեն արդար ընտրություններ: Ես վստահ եմ մեր ուժերի վրա, ես վստահ եմ ժողովրդի վերաբերմունքին ու գնահատականին Հայ Ազգային կոնգրեսի նկատմամբ և համոզված եմ, որ արդար, թափանցիկ, ազնիվ ընտրությունների արդյունքում մենք ճնշող մեծամասնություն կունենանք:
-Տիկին Պետրոսյան, ընտրություններին մասնակցող ո՞ր ուժերի հետ կարող եք հետընտրական դաշինք կազմել:
-Այսօր ապրիորի ոչինչ չենք կարող ասել, որովհետև դա խորհրդարանում կարող է որոշվել և պետք է նաև նկատի ունենալ, թե յուրաքանչյուր ուժ իր առջև ինչ խնդիրներ է դրել: Կարող է լինի համագործակցություն որոշ հարցերի շուրջ, կարող է չլինել: Այդ ամենը պարզ կլինի արդեն հետընտրական շրջանում, երբ կձևավորվի խորհրդարանը: Շատ շուտ է այդ մասին խոսելը, որովհետև համագործակցությունը ինքնանպատակ չէ: