Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Կենտրոն»-ը` ԲՀԿ-ին, «Երկիր Մեդիա»-ն ՀՅԴ-ին է առավել շատ անդրադառնում. Ամենաշատ բացասական անդրադարձները ՀՀԿ-ի մասին են
Երևանի մամուլի ակումբը հրապարակել է Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ների կողմից խորհրդարանական ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման միջանկյալ հաշվետվությունը: Ուսումնասիրման այս փուլը ներառում է ապրիլի 18-27-ն ընկած ժամանակահատվածը:
Հիշեցնենք, որ Երևանի մամուլի ակումբը մարտի 1-ից սկսել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների լուսաբանման մոնիթորինգ իրականացնել: Մոնիթորինգի են ենթարկվում հանրային երեք լրատվամիջոցներ` Հանրային ռադիոն, Հանրային և «Շողակաթ» հեռուստաընկերությունները և մյուս 6 մասնավոր հեռուստաընկերութունները` Հայկական երկրորդ հեռուստաընկերությունը, «Արմենիա»-ն, «Շանթ»-ը, «Կենտրոն»-ը, «Երկիր Մեդիա»-ն, «Արմնյուզ»-ը: Հետազոտման առարկա են դառնում այն նյութերը, որոնցում առկա էին անդրադարձեր այն քաղաքական կուսակցություններին և շարժումներին, որոնք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել:
Ըստ ներկայացվող հաշվետվության, քաղաքական ուժերի նկատմամբ երկրորդ տասնօրյակում, ինչպես և քարոզարշավի առաջին տասը օրերին, առավել հետաքրքրություն է դրսևորել «Արմնյուզը»:
Ընդ որում, այս հեռուստաալիքում կուսակցություններին/դաշինքին հատկացրած եթերաժամանակը, ինչպես և Հանրային ռադիոյում, ամենահամաչափն է բաշխվել: Ըստ ԵՄԱ-ի, քաղաքական ուժերին հատկացրած ուշադրության առումով, ինչպես և նախորդ տասնօրյակում, «Արմնյուզին» մյուսներից ավելի մոտ են «Կենտրոնը» և «Երկիր Մեդիան»:
«Կենտրոնում» «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) արժանացել է ընտրություններին մասնակցող բոլոր ինը քաղաքական ուժերին նրա եթերում հատկացված ընդհանուր ժամանակի ավելի քան մեկ երրորդին: «Երկիր Մեդիայում» եթերաժամանակի առումով մյուս կուսակցություններից/դաշինքից Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) առավելությունն ավելի համեստ էր:
Ըստ ԵՄԱ-ի, «Կենտրոնում» դրական 24 անդրադարձներից 23-ը բաժին է ընկել ԲՀԿ-ին: «Երկիր Մեդիայում» բոլոր 25 դրական անդրադարձները բաշխվել են երկու կուսակցությունների միջև. ՀՅԴ (12 և ոչ մի բացասական) և ԲՀԿ (13 և երկու բացասական): Միևնույն ժամանակ, Հայաստանի հանրապետական կուսակցությանը (ՀՀԿ) դրական և բացասական անդրադարձների հաշվեկշիռը «Կենտրոնում» կազմել է 0 և 9, իսկ «Երկիր Մեդիայում»`0 և 6:
«Ի դեպ, Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ների կողմից 2012թ. խորհրդարանական ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման բոլոր ժամանակաշրջանների ընթացքում առաջին անգամ ՀՀԿ-ն հետազոտված բոլոր ալիքների նշանային բնութագրիչով անդրադարձների հանրագումարում ունի բացասական հաշվեկշիռ. 14 դրական անդրադարձ`30 բացասականի դիմաց»,-նշված է հաշվետվության մեջ:
Նախորդող հրապարակում`
Բ. Նավասարդյան. ԶԼՄ-ների գնահատման առումով մեր ընտրությունները դրական կդիտվեն բոլորի կողմից