ՕԵԿ թեկնածուն հորդորել է ընտրողներին քվեարկել ՀԱԿ թեկնածուի օգտի՞ն. Թևոնյանը չգիտե այդ մասին
Քաղաքական
19:21 03/05/2012

ՕԵԿ թեկնածուն հորդորել է ընտրողներին քվեարկել ՀԱԿ թեկնածուի օգտի՞ն. Թևոնյանը չգիտե այդ մասին

Նախօրեին Արալեզ գյուղում արտառոց դեպք է տեղի ունեցել. թիվ 18 ընտրատարածքում «Օրինաց երկիր» կուսակցության կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Իշխան Խաչատրյանը երեկ ընտրողների հետ հանդիպմանը հորդորել է քվեարկել իր ընդդիմադիր մրցակից Ռազմիկ Թևոնյանի օգտին:

ՕԵԿ-ական թեկնածուն Արալեզում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նրանց հորդորել է ընտրել Հայ Ազգային կոնգրեսի թեկնածուին: Ականատեսները վկայել են, որ պատգամավորության թեկնածուն իրականում ոգևորված է եղել այն բանից, որ դահլիճը եղել է լեփ-լեցուն և որ նրան դիմավորել է անձամբ ընդդիմադիր թեկնածուն` Ռազմիկ Թևոնյանը:

Ականատեսները պնդում են նաև, որ Ռազմիկ Թևոնյանը չի հեռացել տարածքից, բացահայտ կանգնել է գյուղի մշակույթի պալատի մոտ և համբերատար սպասել մրցակցի հանդիպման ավարտին:

Այս կապակցությամբ Panorama.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ «Օրինաց երկիր» կուսակցությունից, սակայն նրանց մամուլի խոսնակ Հարություն Ամիրյանն ասաց, որ իրենք քարոզարշավ են անցկացնում Արարատի մարզում և այդ պահին հնարավոր չէ պատասխանել հարցերին: Իսկ դրանից հետո հեռախոսազանգերին չէր պատասխանում:

Ինքը` Ռազմիկ Թևոնյանը, Panorama.am-ին փոխանցեց, որ տեղյակ չէ և առաջին անգամ մեզանից է լսում այդ մասին:

-Ըստ որոշ տեղեկությունների, դուք եք եղել այնտեղ:
-Չէ, չէ:

Դուք չե՞ք եղել երեկ Արալեզում:

-Ո՞նց կարող եմ Արալեզում չլինել, ես այնտեղ եմ ապրում:

-Տեղեկություններ կան, որ այդ ընտրատարածքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է ձեզ պաշտպանում

-Այո, ճիշտ են այդ տեղեկությունները: Ինձ պաշտպանում են նաև «Ժառանգություն»-ը և Հայ Ազգային կոնգրեսը:

-Փաստորեն երեք ուժերի կողմից աջակցություն եք ստանում, ինչպե՞ս եք գնահատում ձեր հնարավորությունները:
-Գիտեք ինչ, ես ո՞նց ասեմ, մայիսի 7-ը ցույց կտա:

Հիշեցնենք, որ Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Արարատի մարզում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԱԺ ընտրություններին ՀՀԿ-ն սատարում է ՀՅԴ առաջադրած թեկնածու Արայիկ Գրիգորյանի թեկնածությունը:

Placeholder
ՕԵԿ թեկնածուն հորդորել է ընտրողներին քվեարկել ՀԱԿ թեկնածուի օգտի՞ն. Թևոնյանը չգիտե այդ մասին