Արթուր Բաղդասարյան. Ձիուն կարող ես տանել ջրվեժի մոտ, չես կարող ստիպել, որ ջուր խմի
Քաղաքական
11:05 04/05/2012

Արթուր Բաղդասարյան. Ձիուն կարող ես տանել ջրվեժի մոտ, չես կարող ստիպել, որ ջուր խմի

ՕԵԿ նախագահ Արթուր Բաղադասարյանն արդեն եզրագծին հասած քարոզարշավն ընդհանուր առմամբ բավարար է գնահատում: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» ծրագրի ժամանակ նա հայտարարեց, թե բացասական բաներ էլ է արձանագրել, մատնանշեց ընտրակաշառք բաժանեելու դեպքերը:

Նա կոչ արեց բոլորին ակտիվ ու խղճի մտոք քվեարկել: «Ազգը չպետք է ապրի ողորմությամբ, մենք պետք է կարողանանք այնպիսի ընտրություն կազմակերպել, որպեսզի գան այնպիսի գործիչներ ու պատգամավորներ, որոնք կփոխեն մարդկանց կյանքը»,-ասաց Ա. Բաղդասարյանը:

Նրա խոսքով, այսօր խորհրդարանում կան մարդիկ, որոնք հարցեր չեն բարձրացնում, ընդհանրապես չեն խոսում: «Ցավ ես ապրում, երբ նրանցից որոշների հետ խոսում ես: Ասում են փողը կտանք, կառնենք, կարծես թե գործ ունեն մի կիլո մսի կամ կարագի հետ»,-ասաց Բաղդասարյանն ու կուսակցություններից փող վերցրած քաղաքացիներին կոչ արեց ընտրել խղճի մտոք:
Հարցին, թե ինչո՞ւ ընտրողը պետք է քվեարկի Օրինաց երկիր կուսակցության օգտին, Բաղդասարյանն ասաց, որ իրենց ապրած կյանքով իրենք եղել են ազնիվ:

«Ոչ արյան հետ մենք կապ ունենք, ոչ թալանի, ոչ գողության, ոչ կողոպուտի: Մենք ամեն ինչ անելու ենք ժողովրդի կուտակված խնդիրների լուծման համար: Մենք առաջարկում ենք նորարարական լուծումներ»,-ասաց Բաղդասարյանն ու կոչ արեց քվեարկել «նրանց ում հավատում են, ջիգյարով, որ Հայաստանում արդարություն լինի»:

Նրա խոսքով, կոմունիստներից պետք է օրինակ վերցնել ու պլանավորում կատարել: «Հայաստանում պետք է պլանավորվի մեր ներկան, մեր ապագան: Անհնարինին հասնելու համար, մենք պետք է անենք հնարավորը: Ձիուն կարող ես տանել ջրվեժի մոտ, չես կարող ստիպել, որ ջուր խմի: Ես ուզում եմ, որ իրոք մեր երկրում այս ընտրությունները չանցնեն պարտադրանքով, անցնեն խղճով, հավատքով, նվիրումով»:

Placeholder
Արթուր Բաղդասարյան. Ձիուն կարող ես տանել ջրվեժի մոտ, չես կարող ստիպել, որ ջուր խմի