Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դ. Ջամալյան. Ձեռնարկվող միջոցառումները նոր որակ կհաղորդեն մարտական հերթապահությանը
«Ռազմաճակատում իրադրության ապակայունացմանը զուգահեռ մեզանում հասունանում է հանրային պահանջ. ապահովել սահմանամերձ բնակավայրերի բնակչության անվտանգությունը: Հանրային այս արձագանքը միանգամայն օրինաչափ է: Հանրությունը ցանկանում է լինել պաշտպանված: Իսկ պաշտպանված լինելու զգացողությամբ համակվելու համար հանրությունը նման դեպքերում պետք է տեսնի ակտիվ, նախաձեռնող իշխանություն: Հետևաբար, այն հանձնարարությունները, որոնք տրվեցին մեր երկրի Զինված ուժերի անձնակազմին գերագույն-գլխավոր հրամանատարի կողմից կարևոր էին թերևս առաջին հերթին հենց բարոյահոգեբանական տեսանկյունից»,- անդրադառնալով վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ ակտիվացումներին՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:
Նրա խոսքերով, այս օրերին ադրբեջանական բանակի ագրեսիայի թիրախ են դարձել ՀՀ սահմանամերձ բնակավայրերը, խաղաղ բնակչությունը, և բնականաբար, նման պայմաններում հարկավոր են լրացուցիչ միջոցառումներ՝ խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով:
«Տվյալ դեպքում, կարծում եմ, խոսքը կարող է լինել հակադիվերսիոն-կանխարգելիչ միջոցառումների մասին, որոնք կընդգրկեն հայ ադրբեջանական ռազմաճակատի առանձին հատվածներ: Բանն այն է, որ թեև հայ-ադրբեջանական ռազմաճակատն ամբողջովին դիտարկվում և վերահսկվում է մեր ստորաբաժանումների կողմից, այդուհանդերձ աննկատ տեղաշարժվելու, տեղանքում քողարկվելու հմտություններին տիրապետող փոքրաթիվ դիվերսիոն ստորաբաժանումների ներթափանցումը կանխելու նպատակով հարկավոր են հատուկ միջոցառումներ»,- նշեց Դ. Ջամալյանը:
Ըստ փորձագետի՝ կարգապահության ամրապնդման համատեքստում հարկ է հատուկ ուշադրություն դարձնել՝ մարտական հերթապահության իրականացման ընթացքում անվտանգության կանոնների խստիվ պահպանման վրա:
«Բանն այն է, որ տևական մարտական հերթապահության արդյունքում զինծառայողների մոտ բթանում է վտանգի զգացումը, թշնամուց բխող վտանգն աստիճանաբար դադարում է ընկալվել իբրև այդպիսին: Տեղի է ունենում այն, ինչ ռազմական հոգեբաններն անվանում են «ադապտացիա թշնամու հանդեպ»:
Բանախոսն ասաց, որ նման պայմաններում զինծառայողներն ակամա անտեսում են մարտական հերթապահության անվտանգության կանոնները, ինչը վաղ թե ուշ բերում է ողբերգության: Նրա խոսքերով, մարտական հերթապահություն իրականացնող զինվորականը պետք է լինի սառնասիրտ, սակայն միևնույն ժամանակ՝ զգոն, և անզգուշաբար իրեն չվերածի հակառակորդի համար մատչելի թիրախի:
«Այս օրերին ռազմաճակատի տարբեր տեղամասերում լռեցվել են բազմաթիվ ադրբեջանական կրակակետեր: Վստահաբար կարելի է ասել. ձեռնարկվող միջոցառումները նոր որակ կհաղորդեն մարտական հերթապահությանը»,- ասաց նա: