Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը հարցազրույց է տվել «Արմնյուզ» հեռուստաընկերությանը, որի սղագրությունը ներկայացնում ենք Panorama.am-ի ընթերցողներին:
Այսպիսով քարոզարշավն ավարտվել է: Արդյոք հետևե՞լ եք ընտրարշավին և ի՞նչ տպավորություն եք ստացել դրանից:
Արտակ, կարծում եմ միջազգային հանրությունը կարևոր և օգտակար դերակատարում ունի Հայաստանի ընտրություններում: Հուսով եմ, որ այն ինչ մենք կարողացել ենք անել որպես Հայաստանի գործընկերներ, դա ազատ ու արդարացի ընտրությունների խթանումն ու սատարումն է` կապված վաղը այստեղ կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ: Սա այն է, ինչ փորձել ենք մենք անել: Մենք փորձել ենք օգտակար լինել, խոսել ենք բոլորի հետ` բոլոր կուսակցությունների, քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների հետ` ջանալով նպաստել վաղը կայանալիք ընտրությունների ազատ ու արդարացի անցկացմանը: Դա այն է, ինչ մենք փորձում ենք անել որպես Հայաստանի գործընկերներ և հուսով եմ, որ կարողացել ենք փոքր-ինչ օգտակար լինել:
Ի՞նչ կարծիք ունեք քաղաքական կուսակցությունների ընտրապայքարից, հասարակական կազմակերպությունների աշխատանքից: Հասկանալի է, որ սա շատ լարված ամիս է և քաղաքացիները որոշակի առումով հոգնել են այդքան շատ քաղաքական ինֆորմացիայից, ուղերձներից ու հանդիպումներից: Դա նաև որոշակի առումով ցույց է տալիս այն աննախադեպ ակտիվությունը, որ գրանցվեց այս անգամ. միջազգային դիտորդների քանակը, ընտրացուցակները ստուգելու կուսակցական և քաղաքացիական նախաձեռնությունները: Ձեր տպավորությամբ կա՞ն նախադրյալներ ազատ և արդար ընտրություններ անցկացնելու համար:
Ի՞նչ ենք մենք փորձել անել. մեր ուղերձները երկու ուղղվածություն ունեին: Մենք ուղերձ ունեինք պետական պաշտոնյաների, իշխանությունների, իրավապահ կառույցների հետ, իշխանական կուսակցության, իշխանական կոալիցիայի անդամ կուսակցությունների ներկայացուցիչների հետ խոսակցություններում, որոնց ընթացքում մենք շեշտադրել ենք միջազգային չափորոշիչները, ազատ արդարացի ընտրությունների անցկացումը, բոլոր կուսակցությունների ու տարբեր տեսակետներ ունեցողների համար հավասար խաղի պայմանների ապահովումը, խախտումների մասին հաղորդումների հետաքննումը, լրատվամիջոցների հասանելիությունը, լրատվամիջոցների ազատ հասանելիությունը կուսակցությունների ու անկախ տեսակետների համար: Այսպիսով, մենք ուղերձ ունեինք ուղղված իշխանություններին, որին զուգահեռ կար նաև ուղերձ ընդդիմադիր կուսակցություններին, քաղաքացիական հասարակությանը, ինչպես նաև լրատվամիջոցներին: Այդ ուղերձով մենք հայտնում էինք, որ ընտրական օրենսդրությամբ Հայաստանի ազգաբնակչության համար ձևավորված են նոր գործիքներ կամ միջոցներ, և իրենք պետք է իրենց վրա վերցնեն այդ գործիքները կամ միջոցները գործնականում կիրառելու դժվարին գործը: Պետք է ստուգել ընտրացուցակները, հեշտ չէ գնալ դռնեդուռ ու ստուգել ցուցակների ճշգրտությունը: Շատ մարդիկ ձեռնամուխ են եղել դրան, և մենք կարծում ենք, որ դա ճիշտ քայլ է: Երկու կողմն էլ ունեն անելիք ու պատասխանատվություն` ազատ և արդարացի ընտրությունների ապահովման հարցում: Կարծում ենք, որ երկու կողմն էլ ձեռնարկել են բազմաթիվ դրական քայլեր:
Այժմ մի քանի կուսակցությունը դիմել է Սահմանադրական Դատարան` առաջարկելով վերացնել ընտրությանը մասնակցած քաղաքացիների անունները հրապարակելու օրենսդրական արգելքը: Ո՞րն է ամերիկյան փորձը: Դուք հրապարակում եք ընտրությանը մասնակցած քաղաքացիների անունները:
Ընտրացուցակները ընտրություններից 40 օր առաջ փակցնելու պահանջը, որը սահմանված է նոր ընտրական օրենսգրքով, խիստ կարևոր է և հնարավորություն է տվել բոլոր կուսակցություններին, քաղաքացիական հասարակությանը, լրագրողներին բացահայտել անճշտությունները և եղել են բազմաթիվ հաղորդումներ…
Այո, բայց նրանք պնդում են դա անել ընտրություններից հետո:
Այո, ընտրություններից հետո` տեսնելու, թե ովքեր են մասնակցել քվեարկությանը: Որքան գիտեմ, երբ ընտրական օրենսգիրքը ներկայացվել է Եվրոխորհրդին, վերջինս առաջնորդելով եվրոպական ստանդարտներով ու գաղտնիության սկզբունքներով, նպատակահարմար չի գտնել քվեարկողների ցուցակի հրապարակումը, փակցնելը: Սա Եվրախորհրդի առաջարկն է: Իսկ թե ինչպիսին է ԱՄՆ փորձը այս հարցի շուրջ, դժվարանում եմ պատասխանել: Միջազգային ստանդարտների առումով Եվրախորհուրդը, Եվրամիությունը, ԵԱՀԿ-ը և Միացյալ Նահանգները միմյանց շատ մոտ են կանգնած: Ես կասեի, որ դա Հայաստանի ժողովրդի որոշումն է, թե արդյոք դա կարող են անել կամ ոչ: Կարծում եմ այս հարցի հետ կապված միջազգային ստանդարտների խնդիր չկա:
Դուք հետևել եք Հրազդանի քաղաքապետի ընտրություններին և ասել եք, որ այնտեղ տեսաք իրական քաղաքական մրցակցություն: Կա արդյոք մրցակցություն նաև այս ընտրարշավին:
Կարծում եմ քաղաքական մրցակցությունը էապես կարևորվում է զարգացող ժողովրդավարություն ունեցող երկրի համար, ինչպիսին Հայաստանն է: Հասուն, կայացած ժողովրդավարության համար անհրաժեշտ է բաց, խաղաղ և ակտիվ քաղաքական մրցակցություն: Այո, կարծում եմ քաղաքական մրցակցություն եղել է, թե համամասնական, թե մեծամասնական թեկնածուների միջև: Ես հեռուստացույցով տեսել եմ գովազդներ, քարոզարշավի շրջանակում անցկացվող հանրահավաքներ, բոլոր կուսակցություններն ակտիվորեն մասնակցում են, ինչը դրական է: Մեծամասնական թեկնածուներից շատերի միջև նույնպես սուր մրցակցություն է, երբեմն էլ հենց դեմդիմաց, ինչը շատ հետաքրքիր է: Ես տեսել եմ ձեր բանավեճերից մեկը, շատ հետաքրքիր էր: Եվ բանավեճերի անցկացումը եթերում ինքնին կարևոր զարգացում է: Շնորհավորում եմ ձեզ:
Շատ դժվար էր այն իրականացնելը: Ձեր կարծիքով արդյոք կուսակցություները ստացան հավասար հնարավորություն նախընտրական պայքարի ժամանակ:
Խաղի հավասար պայմանները շատ կարևոր են: Այս երեկո` ընտրությունների նախորդ օրը, ես հատկապես կուզենայի շեշտադրել հետևյալը: Միջազգային հանրությունը` մենք, չունենք սիրված թեկնածուներ, սիրված կուսակցություններ, մեզ հետաքրքրում են խաղի պայմանները: Պետք է լինեն հավասար խաղի պայմաններ, մենք առանձին խաղացողների վերաբերյալ դիրքորոշում չենք հայտնում: Ուստի կարևոր է լրատվամիջոցների հասանելիությունը, վարչական ռեսուրսի հետ կապված հարցը, հանրահավաքների հարցը: Ապահովվել է արդյո՞ք հավասար վերաբերմունք կուսակցությունների հանդեպ հանրահավաքների մասով. ո՞վ կարող է գնալ հանրահավաքի, ո՞վ չի կարող գնալ, աշխատողներին թույլատրվել է արդյո՞ք աշխատանքի ժամերին մասնակցել. ոմանց կողմից եղել են ճնշումներ ուղղված հանրահավաքներին մասնակցության ապահովմանը. դեռ կան որոշ մտահոգություններ հանրահավաքների անցկացման հետ կապված հավասար պայմանների ապահովման շուրջ: Լրատվամիջոցների հարցով, նշեմ, որ հսկայական դրական տեղաշարժեր կան. ԵԱՀԿ-ի, ձեր կառավարության, մի քանի հասարակական կազմակերպությունների կողմից իրականացված վերլուծությունները ցույց են տալիս, որ առկա է շատ ու շատ ավելի արդարացի, ամբողջական լուսաբանում բոլոր կուսակցությունների վերաբերյալ, տարբեր դիրքորոշումների ներկայացում և այս ամենը շատ կարևոր է խաղի հավասար պայմանների համար:
Դուք հայտարարել եք, որ օժանդակելու եք, որ այս ընտրությունները լինեն Հայաստանում երբեւէ տեղի ունեցած լավագույն ընտրությունները: Ի՞նչ եք կարծում` դոնոր կազմակերպությունները բավարա՞ր չափով են օժանդակել, որ ստեղծվի իրական հնարավորություն ազատ և արդար ընտրությունների համար:
Դուք իրավացի եք, և ձեր հարցի մեջ կա նաև հարցի պատասխանը: Դա կախված է վաղվանից: Վաղվա հետ կապված, ես այսօր չեմ ուզում կանխատեսումներ անել: Կարող եմ ասել, որ միջազգային հանրությունը հանդես է եկել խիստ միասնական` ուսուցումների համար միջոցների հատկացման հարցում. ուսուցումներ են անցկացվել 14-15-16 հազար ընտրական հանձնաժողովի անդամների, 18 հազար տեղական դիտորդների համար` տեղական հասարակական կազմակերպություններից, ովքեր վաղը ընտրական պաշտոնյաների հետ միասին կլինեն բոլոր բնակավայրերում` երաշխավորելու ազատ ու արդարացի ընտրությունների անցկացումը: Միջազգային հանրությունը ձեռնարկել է մի շարք քայլեր` ձգտելով օգտակար լինել, իսկ թե ինչքանով են այդ քայլերն արդյունավետ եղել, կտեսնենք վաղը: Հուսով եմ, դրանք շատ արդյունավետ են եղել:
Եթե դեմ չեք, հիմա մի քանի այլ թեմաների մասին զրուցենք: Մի քանի շաբաթ առաջ մեծ աղմուկ բարձրացավ Գեորգի Վանյանի կազմակերպած ադրբեջանական ֆիլմերի փառատոնի առիթով: Նա մեծ դիմադրության հանդիպեց Գյումրիում և Վանաձորում: Որքան տեղյակ եմ այս նախաձեռնությունը սկզբում ֆինանսավորել է ԱՄՆ դեսպանատունը, հետո արդեն` Մեծ Բրիտանիայի դեսպանատունը: Որքանով էր այս ծրագրի ֆինանսավորումը կարևոր և չեք կարծում, որ խաղաղարար նախաձեռնության գաղափարը լավն է, բայց այս կոնկերտ դեպքում` վատ իրագործված:
Արտակ, ես կարծում եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների հաշտեցումը կարևոր է, ակնհայտորեն կարևոր: Դա մեր առջև դրված խնդիրներից մեկն է: Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող գործընկերներից մեկն է` Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ միասին, և Մինսկի խումբը երկու կողմերի հետ բանակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ: Եվ որպեսզի խնդրի խաղաղ կարգավորումն իրապես հնարավոր լինի, անհրաժեշտ է հաշտեցում երկու երկրների ղեկավարների միջև, որն էլ պահանջում է երկու ժողովուրդների որոշակի հաշտեցում: Մենք հակված են աջակցել այն աշխատանքներին, որոնք ուղղված են այս նպատակին: Այս անձնավորության, այս hասարակական կազմակերպության հետ մենք նախկինում աշխատել ենք: Կարծում ենք նախաձեռնությունը կարևոր է և գովելի է: Մի բան եմ ուզում ավելացնել. հարցերից մեկը, որի շուրջ մենք սերտորեն աշխատում ենք ոստիկանության հետ, խաղաղ հավաքներ են: Կա խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունք, որը միջազգայնորեն ամրագրված կարևոր իրավունքներից մեկն է համարվում: Սա նաև տեղին է ընտրական համատեքստում: Եթե մարդիկ ցանկանում են ցույցի դուրս գալ ինչ-որ բանի համար կամ ինչ-որ բանի դեմ բողոքելու համար, դա նրանց պետք է թույլատրվի` տեղի և վայրի հետ կապված հարցերի շուրջ անհրաժեշտ կարգավորումների ապահովմամբ: Խաղաղ ցույցերը կարևոր են ինչպես ընտրական համատեքստում, այնպես էլ այս կարգի իրավիճակներում: Այս ֆիլմերի ցուցադրման օգտին կամ դրանց դեմ ցույցերը նորմալ կլինեին. այն ինչ անհանգստացնում է, դա բողոքի ակցիաների շրջանակում բռնության դրսևորումներն էին, ինչ-որ իրեր նետելը: Մենք խոսել ենք, ես խոսել եմ ոստիկանության հետ, թե ինչպես են արձագանքել այս իրավիճակում, երբ մեր կարծիքով բողոքարարները «չափն անցել են», և նրանք հավաստիացրել են, որ հարցի շուրջ քննություն է ընթանում:
Բայց մյուս կողմից փորձել ցույց տալ ֆիլմեը Մարաղայի ջարդերի օրը, և դնելով խաղարար նախաձեռնության գլխավոր գործող անձ մի մարդու, որը հակասական հայտարարություններ է անում և դավաճանի հանրային ընկալում ունի, դուք կարծում եք հենց նրա միջոցով և ադրբեջանական ֆիլմեր ցույց տալով, դա լավագո՞ւյն միջոցն է հաշտեցնել երկու կառավարություններին: Ընդ որում, ցույց տալով ոչ թե վավերագրական ադրբեջանական ֆիլմեր, այլ պրոպագանդիստական ֆիլմեր, հենց այն օրը, երբ հիշում են հայերի զանգվածային ջարդերը, պրն. Դեսպան չեք կարծում, որ սա չափից դուրս էքսպերիմենտալ է մի ազգի նկատմամբ, ով բավականաչափ հանդուրժողականություն է դրսևորել:
Ես նրա անունից չեմ խոսում, և կոնկրետ ԱՄՆ դեսպանատունը, ԱՄՆ կառավարությունը այս վերջին միջոցառմանը ներգրավված չէր: Ես չեմ փորձում շրջանցել որևէ բան, սակայն ես մասնակից չեմ եղել քո նկարագրած այս որոշումների ընդունմանը: Քո տված բնութագրի վերաբերյալ ես իմ համաձայնությունը կամ անհամաձայնությունը չեմ հայտնի, այլ կասեմ հետևյալը: Այն, ինչ մենք ենք փորձում անել Միացյալ Նահանգներում, և այն ինչ մեր Արևմտյան գործընկերներն են փորձում անել, դա ուղղորդումն է դեպի հաշտեցում և դա արվում է երկու երկրներում: Ինչ ենք մենք անում այստեղ Հայաստանում, ես մեկ-երկու տեսաբլոգ եմ ներկայացրել հաշտեցման խնդրի շուրջ, հաշտեցման թեմայով հրապարակումներ եմ ունեցել, պատրաստվում ենք աշխատել Ցեղասպանության թանգարանի հետ… Մենք փորձում ենք դրդել դեպի հաշտեցում, դա անում ենք թուրքերի, ադրբեջանցիների շրջանում և մենք շարունակելու ենք դա անել այստեղ` Հայաստանում: Եկեք այս հարցն ուղղակի կողքի դնենք: Ես այդ անձի կամ այդ կազմակերպության խոսնակը չեմ: Ես չեմ ուզում սակայն թերագնահատել այս ջանքերի, աշխատանքների կարևորությունը, հաշտեցումը Թուրքիայի հետ, հաշտեցումը Ադրբեջանի հետ կարևոր են տարածաշրջանի համար, կարևոր են ժողովրդի համար և մենք անկողմնակալորեն աշխատում ենք այդ հարցի շուրջ, և ես այդ աշխատանքներով հպարտանում եմ, ես դրանց համար ներողություն չեմ խնդրելու:
Կինոփառատոնի համա՞ր էլ:
Ոչ, նկատի ունեմ հաշտեցմանն ուղղված մեր աշխատանքները Հայաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում:
Որքան ժամանակ եք Հայաստանում:
Վեց ամիս է, ինչ ես ու կինս այստեղ ենք գտնվում: Նոր մարդ ենք տարածաշրջանում, տարածաշրջանի գիտակներ չենք: Որոշ ժամանակ ես աշխատել եմ Եվրոպայում, սակայն իմ գործունեության մեծ մասն անցկացրել եմ Ասիայում, ուստի այստեղ ես ամեն օր նոր բաներ եմ սովորում:
Ինչպիսի՞ տպավարություններ ունեք:
Փոքր-ինչ տարբերվում էին. այստեղ ամեն օր մի բանով զարմանում եմ, հիմնականում դրական և լավատեսական առումով, այն ինչ դրական չէ, լավ է արագ մոռանալ: Իմ հիմնական տպավորությունը, որ ստացել եմ բոլոր այն անձանցից, ում հանդիպել եմ կառավարությունից, քաղաքացիական հասարակությունից, քաղաքական կուսակցություններից, մասնավոր և հանրային հատվածներից, այն է, որ Հայաստանը և Հայաստանի ժողովուրդը ցանկանում են Միացյալ Նահանգներին տեսնել որպես իրենց գործընկեր: Սա հեշտացնում է իմ աշխատանքը: Բոլորը ցանկանում են աշխատել ինձ հետ, դեսպանության հետ տարաբնույթ և բազմազան տնտեսական, սոցիալական, քաղաքական, առողջապահական հարցերի շուրջ: Մենք ունենք բազմաթիվ լավ գործընկերներ, ովքեր ձգտում են առաջ մղել Հայաստանը և կատարում են Հայաստանը ժողովրդավարության, բարեկեցության և արևմտյան արժեքների ճանապարհով տանելու կարևոր աշխատանքը: Դա է մեր նպատակն այստեղ և այն, ինչ առանձնապես գոհացնող է ինձ համար, դա այն է, որ Հայաստանի հասարակության բոլոր ոլորտներում, օղակներում ես գտել եմ շատ ու շատ գործընկերներ, ովքեր նույն նպատակն ունեն, և մենք սերտորեն աշխատում ենք: Այնպես որ, առայժմ տպավորություններս շատ հաճելի են:
Առաջիկայում կլինե՞ն երկկողմ հանդիպումներ և այցեր:
Հուսով ենք, որ հաջորդ ամիս` հունիսին այց լինի, Մինսկի գործընթացի շրջանակում պարբերաբար հանդիպումներ են լինում Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ, նախագահը Հարավային Կորեայում մասնակցեց միջուկային հարցերի շուրջ գագաթնաժողովին և այդ միջոցառման շրջանակում եղան բազմաթիվ հանդիպումներ: Այսպիսով, մենք, մեր պաշտոնյաները մշտապես հանդիպում են Հայաստանի պաշտոնյաներին տարբեր միջոցառումների շրջանակում և մենք շարունակելու ենք դա անել:
Ինչպես եք գնահատում հայ-ամերիկյան տնտեսական գործակցությունը, ինչպես է աշխատում համատեղ հանձնաժողովը:
Հանձնաժողովը կարևոր է, հանդիպումը հոկտեմբերին է լինելու, սակայն այդ մասին չէ, որ կուզեի նշել. դա գործընթաց է, կարևոր գործընթաց, որին մենք բավականին ժամանակ և ջանքեր ենք ուղղում, սակայն ես կուզեի դրա բովանդակային կողմին կամ էությանն անդրադառնալ: Կարծում եմ, Հայաստանի ու Միացյալ Նահանգների միջև տնտեսական հարաբերությունների մասով աշխատելու տեղ կա: Կարծում ենք, մենք կարող ենք ավելի լավ աշխատել մեր երկկողմ տնտեսական կապերի, առևտրի, ներդրումների մասով: Իմ բոլոր հանդիպումներում, նախագահի, վարչապետի, էկոնոմիկայի, արտաքին գործերի նախարարների հետ հանդիպումներում, բոլորն ինձ առաջարկում են ավելին անել Միացյալ Նահանգների հետ առևտրի ծավալների և ներդրումների ավելացման, տնտեսական համագործակցության խորացման ուղղությամբ: Դա հենց իմ նպատակն է: Ես փորձում եմ դա անել, դա պահանջում է սփյուռքը, ԱՄՆ սենատը, դա է ցանկանում Վաշինգտոնը: Ես ամեն ինչ անում եմ այդ ուղղությամբ և արձագանքելով այդ առաջարկներին ես, մասնավորապես նշում եմ, որ որպեսզի ամերիկյան ընկերությունները գան և իրենց միջոցներն այստեղ ներդնեն և կարողանան հաջողության հասնել, անչափ կարևոր է այստեղ տիրող գործարար մթնոլորտը: Խիստ կարևոր է, որ լինի թափանցիկություն և կանխատեսելիություն հարկային ու մաքսային հարցերում, ընկերությունները պետք է իմանան, թե ինչքան են իրենց ծախսերը կազմելու, եթե հարկային և մաքսային վճարումները կանխատեսելի չեն, ապա ընկերությունները հազիվ թե գան: Եթե դատարանները անկախ չեն կամ ընկերությունները վստահ չեն, որ իրենց պայմանագրերի կատարումը երաշխավորվում է բաց, արդարացի և թափանցիկ կերպով, ապա հազիվ թե գան: Այսպիսով` գործարար միջավայրի հետ կապված կան որոշ անելիքներ, սակայն նախագահին և այլոց ես խոստացել եմ, որ ամեն ինչ կանեմ ամերիկյան ներդրումները Հայաստանում խրախուսելու համար, ինչպես նաև մեծացնելու առևտրի ծավալները: Մեր երկրների ժողովուրդների միջև կապ և շփումներ կան, որոնց վրա հիմնվելով մենք կարող ենք խորացնել տնտեսական կապերը: Վստահ եմ, որ մենք այստեղ առաջընթաց կունենաք: Դա իմ առաջնահերթ խնդիրներից է:
Այս վեց ամիսների ընթացքում, երբ դուք արդեն Հայաստանում եք, հայ-ադրբեջանական սահմանին միջադեպեր տեղի ունեցան և հայկական կողմից զոհեր եղան: Ձեր տպավորությամբ զինդադարը վերջնականապես խախտվա՞ծ է: Վերջին միջադեպը` երբ ադրբեջանական զինվորները ներխուժեցին հայկական գյուղ և սպանեցին երեք զինվորի: Սա ոչ այլ ինչ է, քան զինվորական սաբոտաժ: Ի՞նչ եք կարծում, զինադադարը խախտված է, թե այնուամենայնիվ սրանք առանձին վերցրած պատահարներ են:
Հրադադարը խիստ կարևոր է երկու կողմերի համար: Մենք մշտապես հրապարակավ պահանջում ենք պահպանել այն ամենաբարձր մակարդակով` նախագահների մակարդակով: Վերջերս երեք նախագահները հանդիպում ունեցան Դովիլում և այլ հանդիպումներում էլ ևս նրանք հանդես եկան հրապարակային խիստ հայտարարություններով` անդրադառնալով հռետորաբանության, սպառազինությունների ձեռք բերման վերահսկողության և հրադադարի ռեժիմի խախտումների հարցերին: Շփման գծում բռնությունները պետք է դադարեցնել: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման երկարաժամկետ լուծման տեսանկյունից հրադադարի պահպանումը շատ կարևոր է, և խախտումներ լինելու դեպքում, մենք ԵԱՀԿ Մինսկի գործընթացի շրջանակում պաշտպանում ենք հետաքննության անցկացումը, որպեսզի խախտումների դեպքերով անցկացվի քննություն և պարզ դառնա, թե ով ինչ է անում: Սակայն մեզ անհրաժեշտ է սահմանի երկայնքով այդպիսի հետաքննությունների անցկացման անկախ մեխանիզմ ձևավորել, որպեսզի պարզ դառնա, թե ինչ է լինում իրականում: Հայաստանը պաշտպանում է այս առաջարկը և հուսով ենք, որ ԵԱՀԿ Մինսկի գործընթացի շրջանակում հնարավոր կլինի հետաքննությունների մեխանիզմ ձևավորել, որը կապահովի հրադադարի ռեժիմի պահպանումը: Եվ մենք կշարունակենք աշխատանքներն այդ ուղղությամբ:
Բայց Ադրբեջանը չի համաձայնում միջնորդների առաջարկներին` հեռացնել դիպուկահարների սահմանի երկայնքից: Եվ որքան տեղյակ եմ` մոնիտորինգն էլ խախտվում է Ադրբեջանի մեղքով: Եվ նույնիսկ կրակել են դիտորդների ուղղությամբ:
Մինսկի խմբի գործընթացի շրջանակում վստահության ձևավորման մի շարք քայլեր ենք ձեռնարկում, որոնցից մեկը դիպուկահարների հետքաշումն է: Մենք նաև շարունակելու ենք աշխատանքներն այս ուղղությամբ:
Ինչպիսի/ն է ԱՄՆ դիրքորոշումը այն փաստի վրա, որ Ադրբեջանը հրապարակավ զենք ու զինամթերք է գնում Իսրայելից: Նրանք, գուցե սխալվում եմ, բայց մի քանի միլիարդի զենք են գնել: Սա սպառազինությունների աննախադեպ մրցավազք է, մինչդեռ ԱՄՆ որևէ կերպ դրան չի արձագանքել: Եվ հստակ է, որ այդ զենքը Ադրբեջանը չի օգտագործելու Իրանի կամ Ռուսաստանի դեմ: Դա ընդդեմ Հայաստանի է օգտագործելու:
Թույլ տվեք չհամաձայնեմ այն հարցի շուրջ, թե մենք չենք արձագանքել այս փաստին: Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների համատեղ հայտարարությամբ կոչ է արվել զսպվածություն դրսևորել սպառազինությունների ձեռք բերման, հռետորաբանության ու հրադադարի խախտումների հարցում: Մենք շարունակելու ենք քայլերն այս ուղղությամբ, հնչեցված խնդիրը մտահոգիչ է մեզ համար և Մինսկի խմբի գործընթացի շրջանակում մենք հետամուտ ենք լինելու, կրկին նշեմ, հռետորաբանությանը, հրադադարի պահպանմանը և մոնիտորինգին, խախտումների հետաքննմանը և սպառազինությունների չափավորմանը:
Ի՞նչ եք կարծում, հայ-թուրքական սահմանը երբևէ կբացվի: Ի՞նչ կլինի արձանագրությունների ճակատագիրը: Թուրքիայում շատ բան է կատարվում: Քաղաքացիական հասարակությունը փորձում է անկեղծ լինել Հայաստանի հետ…
Դա ողջունելի զարգացում է:
Այո, ողջունելով զարգացումները և անկեղծ լինելով սեփական պատմության հետ: Մյուս կողմից, մաչոյի վարքով երկրի վարչապետը, ով խորհրդանշում է և խտացնում հայերի բոլոր տագնապները` հայոց ցեղասպանության և նույնիսկ ստորագրված արձանագրությունների վերաբերյալ անհարգալից հռետորաբանությամբ:
Մենք վճռականորեն աջակցում ենք արձանագրություններին և ողջունում ենք նախագահ Սարգսյանի, վարչապետ Էրդողանի և նախագահ Գյուլի համարձակությունը, որոնք այս գործընթացի հիմնական մասնակիցներն են եղել: Նրանք գովեստի են արժանի: Արձանագրությունների ստորագրության արարողությանը Ցյուրիխում ներկա էր նաև պետքարտուղար Քլինթոնը և մենք շարունակում ենք աջակցել այդ գործընթացին: Մենք վերջերս բարձր մակարդակի հանդիպումներ ենք ունեցել վարչապետի հետ՝ կոչ անելով վավերացնել և իրականացնել արձանագրություններն առանց որևէ պայմանի: Մենք ողջունում ենք այն փաստը, որ Հայաստանը շարունակում է սատարել այդ գործընթացին, և այն, որ արձանագրությունները ներկայացվել են Ազգային ժողով: Հայաստանն արձանագրությունների մասով ամեն ինչ ճիշտ է արել, Թուրքիան՝ ոչ: Մենք կոչ ենք անում Թուրքիային և շարունակելու ենք կոչ անել իրականացնել իրենց կողմից ստորագրված արձանագրությունները: Մենք ողջունում ենք նրանց կողմից արձանագրությունների ստորագրման փաստը և հիմա ժամանակն է դրանք իրականացնել առանց նախապայմանների:
Թուրքիան երբևէ կանի՞ դա:
Գիտեք Արտակ, ես չեմ սիրում ապագան կանխատեսել, ես նույնիսկ իմ ապագան չեմ կարող կանխատեսել, ինչպե՞ս կարող եմ կանխատեսումներ անել այլ երկրի ապագայի վերաբերյալ: Միակ բանը որ կասեմ, այն է, որ մենք հետևողական ենք լինելու այս հարցում:
Եվ այս թեմային շաղկապված. բառը, որը հայերը սպասում են երկար ժամանակ` Ցեղասպանություն բառը, ԱՄՆ նախագահը երբևէ կասի՞: Անգլերենը բազմաթիվ հոմանիշներ ունի Ցեղասպանության բառին, և նույնիսկ Մեծ Եղեռնը նոր լուծում է, ի՞նչն է կանգնեցնում, որ ԱՄՆ նախագահը ասի այդ բառը, ոչ թե Մեծ Եղեռն, այլ հենց Ցեղասպանություն:
Նախագահի ուղերձը ուժեղ է: Նախագահ Օբամայի` հիշատակի օրվան նվիրված ուղերձները շատ ուժեղ են: Երբ նայեք ուղերձին, բառերը շատ պարզ են: Նա կասկածի տակ չի առնում ջարդերի և բռնի տեղահանությունների 1.5 միլիոն հայ զոհերի փաստը: Նա առաջին նախագահն էր, ով օգտագործեց «Մեծ եղեռն» եզրույթը և նկարագրեց այդ իրադարձությունները որպես 20-րդ դարի ամենավատթար ոճրագործություն: Դա շատ ուժեղ ուղերձ էր: Ուղերձի երկրորդ մասը, որը կարծում եմ շատ կարևոր է, կոչ է անում փաստերի ամբողջական, արդարացի և շիտակ ընդունմանը: Նա կոչ է անում թուրքական կողմին ընդունել այդ շրջանում կատարված փաստերը: Կարծում եմ` սա այս նուրբ հարցի վերաբերյալ նախագահի կողմից հնչեցված կարևոր ազդակ է: Եվ վերջին կետը, մեր նախագահի կողմից ձևավորված քաղաքականությունը հիմնված է մեր տեսակետի, մեր դատողության, մեր գնահատականի վրա, թե ինչը կարող է օգնել Թուրքայի և Հայաստանի հաշտեցմանը: Դա է քաղաքականության հիմքը: Ելնելով ներկա իրադրությունից՝ նրա կարծիքով սա այն ուղերձն է, որը կարող է լավագույնս նպաստել հայ-թուրքական հաշտեցմանը: Եթե այս կարծիքը փոխվի, քաղաքականությունը նույնպես կարող է փոխվել:
Եվ իմ վերջին հարցը, որն է ձեր ուղերձը Հայաստանի քաղաքացիներին կիրակիի համար:
Ազատ և արդար ընտրությունները կարևոր են ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև արևմուտքի՝ Միացյալ Նահանգների, Եվրամիության, այլ գործընկերների հետ Հայաստանի հարաբերութունների համար: Հուսով ենք, որ Հայաստանը հավատարիմ կմնա արևմտյան արժեքներին, քանի այդ արժեքներն են հարաբերությունների և համագործակցության հիմքը: Հուսով եմ, որ հայաստանցիներն էլ են այդպես կարծում: Իմ մյուս ուղերձն ուղղված է ՀՀ քաղաքացիներին. կոչ եմ անում, որ վաղը նրանք հայտնեն ցանկացած խախտման, անհամապատասխանության մասին: Գոյություն ունեն մի քանի թեժ գծեր՝ մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծը՝ 116, Ամերիկյան փաստաբանների ասոցիացիայի թեժ գիծը, որն անգիր չեմ հիշում: Զանգեք թեժ գծերին: Հետամուտ եղեք, որ պատկան մարմիններին հետաքննեն յուրաքանչյուր հաղորդում: Իրավապահ մարմինները, դատախազությունը պատրաստակամություն են հայտնել հետաքննել և պատժել ցանկացած խախտում: Կարծում եմ, որ ընտրողները նրանց կստիպեն լինել հետևողական իրենց խոստումների հանդեպ՝ զեկուցելով այն ամենի մասին, ինչը կընթանա սխալ ուղղությամբ: Ընտրությունների նպատակը վիճարկելիության բացառումը չէ: 2000թ.-ին Ֆլորիդայում մենք նույնպես ունեցել ենք վիճելի ընտրություններ, որի ժամանակ արձանագրվել են ձայների հաշվարկի հսկայական խնդիրներ: Ընտրությունները չեն կարող լինել առանց խախտումների և վիճելի խնդիրների, կարևորը այդ խախտումների հետաքննությունն է ու ըստ արժանվույն պատժի ենթարկումը: Վաղը ակնկալում եմ տեսնել մրցակցություն, խաղաղ մրցակցություն, իրավապահ մարմինների կողմից իրենց աշխատանքի պատշաճ կատարում, ընտրողների կոմից էլ իրենց պարտքի կատարում:
Դուք աշխատելու եք վաղը:
Այո, Արտաքին գործերի նախարարությունը ինձ տրամադրել է դիտորդի լիազորություն, ես իմ մեքենայով շրջելու եմ և հետևելու ընթացքին տարբեր ընտրատեղամասերում: Դեռ չգիտեմ կոնկրետ որ ընտրատեղամասերում եմ լինելու: Լինելով հավատարմագրված դիտորդ` կարող եմ նաև մուտք գործել տեղամասեր, կարծում եմ հետաքրքիր կլինի հետևել քվերակությանը գործընթացին: Արտակ, շնորհակալություն ձեզ և ձեր հեռուստաընկերությանը հարցազրույցի համար: